ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԽԱՐԽԼԵՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է մարտի 1-ի սպանդի 10-րդ տարելիցը: Իրադարձություն, որը, ինչպես եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, կարելի է համարել Հայաստանի պատմության ամենասեւ էջերից մեկը: 10 տարի առաջ այդ օրը` լուսադեմին, իշխանությունը հարձակվեց եւ ցրեց խաղաղ նստացույցը, ապա երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարեց 10 ցուցարարի: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ե՛ւ հոկտեմբերի 27-ը, ե՛ւ մարտի 1-ը մեծ հարված էին պետականությանը եւ դարձան պետության հիմքերի տակ դրված վառոդի տակառ:

Ամեն ինչի մասին հերթով. 2008թ. չընդունելով նախագահական ընտրությունների կեղծված արդյունքները, ըստ որի` հաղթող էր ճանաչվել վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցների հետ Ազատության հրապարակում սկսեց հանրահավաքների շարքը: Հակառակ իշխանությունների ճնշումներին, ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալություններին, խաղաղ նստացույցը գնալով ավելի ու ավելի թափ էր հավաքում, եւ իշխանական բուրգը սկսել էր ճաք տալ: Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը սկսել էին միանալ իշխանական թեւից. անմիջապես իր աշխատասենյակից Ազատության հրապարակ էր եկել նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Տեր-Պետրոսյանի կողքին էին այն ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից մի քանիսը` Մյասնիկ Մալխասյան, Հակոբ Հակոբյան, Սասուն Միքայելյան, նաեւ բազմաթիվ դիվանագետներ, տարբեր պետական գերատեսչությունների աշխատակիցներ:
Տեսնելով, որ համաժողովրդական շարժումը գնալով թափ է հավաքում, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրահանգեց պարզապես ուժային մեթոդներով ցրել ընդդիմադիրների խաղաղ նստացույցը: Ընդ որում, այդ քայլին իշխանությունները գնացին մարտի 1-ի լուսադեմին` ժամը 6.30 սահմաններում: Նրանք իրենց քայլը պատճառաբանեցին, թե իբր զենք ու թմրանյութեր են փնտրում: Բայց իրականում նրանց նպատակը ցուցարարներից Ազատության հրապարակն ազատագրելն ու ընդդիմադիր առանցքային դեմքերի ձերբակալությունն էր: Իսկ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռացրին Ազատության հրապարակից, տունը շրջափակեցին ոստիկանության եւ ազգային անվտանգության աշխատակիցներով: Մայրաքաղաք էին բերվել նաեւ զինված ուժերի ստորաբաժանումներ, հակառակ նրան, որ ՀՀ Սահմանադրությամբ բանակն իրավունք չունի միջամտելու ներքաղաքական իրադարձություններին:
Իշխանական բռնությունները, սակայն, հակառակ արդյունքը տվեցին, եւ որոշ ժամանակ անց ժողովուրդը կրկին սկսեց հավաքվել, բայց արդեն Մյասնիկյանի արձանի մոտ` ՀՀ-ում Ֆրանսիայի, Իտալիայի եւ ՌԴ դեսպանատների հարեւանությամբ: Արդեն երեկոյան Մյասնիկյանի արձանին հարող հրապարակն ու կից փողոցները լի էին ցուցարարներով: Իրավիճակը գնալով թեժանում էր: Ցուցարարների որոշ խմբեր, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, իշխանական սադրիչներ են եղել, այրել էին ոստիկանական մեքենաներ, նաեւ տրոլեյբուսներն էին օգտագործել որպես բարիկադ, կոտրել մի շարք խանութների ապակիներ եւ թալանել դրանք:
Այդ լարված իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե իբր ցուցարարները դուրս են գալիս ավտոբուսի հետեւից, կրակում ոստիկանների ուղղությամբ եւ թաքնվում: Այսպես Քոչարյանն ըստ էության արդարացնում էր ցուցարարների նկատմամբ իշխանությունների կողմից կրակոցները. ճիշտ է` սկզբում կրակում էին «Չերյոմուխա 7» գազային նռնակներով, բայց հենց դրանք էլ մի քանի հոգու մահվան պատճառ դարձան: Ավելի ուշ պարզվեց, որ բարձրահարկ շենքերի տանիքներին եղել են դիպուկահարներ, այդ մասին խոստովանել էր ԱԺ-ում ստեղծված, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Մարտի 2-ի լուսադեմին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով արտակարգ դրություն մտցվեց: Այլ կերպ ասած` առաջին անգամ Հայաստանի իշխանության ղեկին գտնվող անձինք կրակեցին քաղաքացիների վրա` ընդամենը իրենց իշխանությունը փրկելու համար:
Մարտի 1-ի գիշերը եւս շարունակվեցին ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունները: Տեղի ունեցան խայտառակ, շինծու դատավարություններ, որոնց ընթացքի մասին միջազգային հանրությունը խայտառակ ձեւակերպումներով էր հիշատակում: Ի վերջո, բոլորն էլ տարիներ անց ազատ արձակվեցին, երբ արդեն իշխանությունը կորցնելու վտանգը չեզոքացված էր:
Այս տարիներին ԱԺ-ում ձեւավորվեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, նաեւ ստեղծվեց հատուկ փաստահավաք խումբ: Հատկապես փաստահավաք խմբին հաջողվեց լուրջ փաստեր բացահայտել կատարված իրադարձությունների` խաղաղ նստացույցը հակաօրինական կերպով դադարեցնելու, այնուհետեւ մարտի 1-ի սպանությունների հանգամանքների, նաեւ այդ ողջ իրադարձութուններում զինված ուժերն օգագործելու վերաբերյալ. անգամ փաստահավաք խմբի լուծարումից հետո այնտեղ «Հայ ազգային կոնգրեսը» եւ «Ժառանգությունը» ներկայացնող անդամները հանդես եկան զեկույցներով` մեկ առ մեկ բացահայտելով նաեւ զոհերի մահվան հանգամանքները:
Հիմա՝ տասը տարի անց, պետք է արձանագրենք` մարտի 1-ի մեղավորներն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին. փոխարենը բանտերում հայտնվեցին ընդդիմադիրները շինծու քրեական գործերի արդյունքում: Մինչդեռ կատարվածի համար պատասխանատվություն պետք է կրեին ե՛ւ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ վարչապետ Սերժ Սարգսյանը, ե՛ւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, իշխանական թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանն ու ԳՇ նախկին պետ Սեյրան Օհանյանը, իրավապահ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրած քաղաքական ուժերը:
Վերջում արձանագրենք, որ արյունոտ այդ իրադարձությունները սեւ, դառը հետք թողեցին Հայաստանի արտաքին իմիջի վրա, որը շատ մեծ դժվարությամբ հնարավոր կլինի վերականգնել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆԱԽԱՐԱՐԸ
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը շարունակում է խուսափել, ավելի ճիշտ` փախչել լրագրողներից: Նախօրեին հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից առաջ եւ հետո «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հարցեր ուղղել նախարար Մանուկյանին, սակայն վերջինս այդպես էլ որեւէ հարցի չպատասխանեց: «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին, թե ինչո՞ւ որոշեց հրաժարական տալուց հետո դիմումը ետ վերցնել, ո՞վ է նախարարին համոզել ետ կանգնել որոշումից, Աշոտ Մանուկյանն ասաց` հետո: Սակայն նիստի ավարտից հետո նույնպես հարցերին որեւէ կերպ չարձագանքեց: Ակնհայտ է, որ նախարարը փորձում է ժամանակ շահել` այդ ընթացքում հնարավորինս խուսափելով ԶԼՄ-ներից, մինչեւ ապրիլին կազմավորվի նոր կառավարություն, որտեղ ինքը չի լինի: Նկատենք` երկրի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող գերատեսչության ղեկավարն արդեն տեւական ժամանակ է՝ չի ցանկանում պարզաբանել, թե ինչու էր հրաժարական ներկայացրել եւ ինչու հետո փոշմանեց:

 

 

ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Երեւանի ավագանու նիստում հայտնի միջադեպի գործը հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս գործը Կենտրոնի քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւագույն գործերով քննչական վարչություն: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ ավագանու անդամներից դեռեւս ոչ ոքի ծանուցում չի եկել, որպեսզի ներկայանան քննչական բաժին եւ ցուցմունք տան: Բայց ՀՀ ոստիկանությունում երկու անգամ բացատրություն է տվել ավագանու ՀՀԿ-ական անդամ Էդմոն Կիրակոսյանը, որին Մարինա Խաչատրյանը մեղադրել էր իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ` պատճառաբանելով իր ապտակը: Կիրակոսյանն էլ իր հերթին էր ապտակել Խաչատրյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «ԻնտերԼոտո» բուքմեյքերային ընկերության տնօրեն, ՀՀԿ-ական Կիրակոսյանն ամեն կերպ հերքել է սեռական ոտնձգության փորձի մտադրությունը:

 

 

ԵՐԿՈՒ ՆՈՐ ՄԵՔԵՆԱ` ԿԳՆ-ԻՆ
Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը անցած տարեվերջին երկու մարդատար ավտոմեքենա է գնել` ճապոնական արտադրության: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախարարությունը երկու ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով անցած տարվա դեկտեմբերի 22-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ: Ըստ այդմ, ԿԳՆ-ն յուրաքանչյուր ավտոմեքենայի համար պետական միջոցներից վճարել է 9 մլն 750 հազար դրամ` ընդհանուր ծախսելով 19 մլն 500 հազար դրամ: Ի դեպ, ԿԳՆ-ի ձեռք բերած ավտոմեքենաների տեխնիկական բնութագրում նշված է, որ 2017 թվականի արտադրության են, չօգտագործված: Իսկ թե ինչքանով էր հրատապ այդ մեքենաների գնումը, չի պարզաբանվում:

 

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ
Ժնեւում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հերթական նիստում, ելույթ են ունեցել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Փոխադարձ մեղադրանքներ են հնչել երկու կողմերից տարհանվածների, փախստականների իրավունքները խախտելու համար: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է նաեւ Սումգայիթի ջարդերին: «Երեսուն տարի առաջ` 1988-ի փետրվար ամսվա այս նույն օրերին, հայկական ջարդեր տեղի ունեցան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, որի արդյունքում բազմաթիվ հայեր սպանվեցին, վիրավորվեցին եւ արտաքսվեցին: Բռնություններն իրագործվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից»,-ասել է Է. Նալբանդյանը: Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է նաեւ բանակցային գործընթացին: «Պաշտոնական Բաքվի համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք այս պահին չկա»,-հայտարարել է Մամեդյարովը: Նա չի բացառել, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ընտրություններից հետո երկու երկրների ղեկավարները հանդիպեն: «Քանի դեռ դիվանագետները չեն հոգնել, անհրաժեշտ է ավելի ակտիվացնել այդ գործընթացը: Բոլորը գիտեն, թե ինչ ճանապարհով է պետք գնալ, որպեսզի զորքերը վերադառնան զորանոցներ, մարդիկ վերադառնան իրենց տները, եւ խաղաղություն հաստատվի: Մենք ցանկանում ենք բոլոր խնդիրների լուծմանը հասնել համագործակցության միջոցով»,-ասել է նա:
 

 

ՄԵՅՄՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է` ՀՀ իշխանությունները մարտի 1-ի հանցագործներին բացահայտելու հարցում առաջընթաց չեն գրանցել: «10 տարի անցավ, եւ այդ տարիները ոչինչ չեն բերել: Իրավական եւ քաղաքական առումով մարտի 1-ի գործը տեղից չի շարժվել: Միակ հույսն այս պահին մնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Այսօրվա իշխանությունները, որ մեյմունություն են անում, թե ուզում են բացահայտել մարտի 1-ի հանցագործներին: Ով ով, բայց գոնե ես ներկա եմ եղել այդ խոստումներին դատախազների, գլխավոր դատախազների կաբինետներում, երբ յուրաքանչյուրը տղամարդու խոսք էր տալիս, որ սայլը տեղից կշարժվի, կբացահայտվի. բլեֆ»,-ասել է նա:

 

 

 

ՄԵՂԱԴՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է ղարաբաղյան հիմնախնդրի անհապաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Թուրքիայի վարչապետը մեղադրել է Հայաստանին «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» համար եւ շեշտել, որ իրենք, ինչպես նախկինում, ամեն հարցում շարունակելու են աջակցել Ադրբեջանին: «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, տխրությունը` մեր տխրությունը: Մենք շարունակելու ենք ամեն հարցում աջակցել Ադրբեջանին, կեցցե՛ թուրք-ադրբեջանական եղբայրությունը»,- ասել է Յըլդըրըմը:




Լրահոս