Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցան Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների ընտրությունները, եւ քվեարկության արդյունքներով 5 թեկնածուները ընտրվեցին: «Ժողովուրդ» օրաթերթը դատական քաշքշուկների մեջ հայտնված ԱԺ պատգամավորներից հետաքրքրվեց, թե ինչու կողմ քվեարկեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, արդյո՞ք այս քայլով ցանկանում էին հետագայում ապահովագրել իրենց:
Նշենք, որ Գագիկ Հարությունյանին ընտրել էին 96 պատգամավոր, 2 պատգամավորներ են միայն դեմ եղել նրա թեկնածությանը: Երկրորդ տեղի համար թեկնածու Գեւորգ Դանիելյանին կողմ էր քվեարկել 90 պատգամավոր, դեմ` 7, Լիպարիտ Մելիքջանյանին կողմ քվեարկել է 82 պատգամավոր, դեմ են եղել 15-ը, մյուս թեկնածու Հայկ Հովհաննիսյանին կողմ քվեարկել էին 86 պատգամավոր, դեմ էին եղել 11, Սերգեյ Մեղրյանին կողմ քվեարկել է 87, դեմ` 10:
Եվ այսպես` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը տեւական ժամանակ է, ինչ դատական քաշքշուկների մեջ է: Մասնավորապես պատգամավորին պատկանող ընկերությունն իրեն հասանելիք գումարները ստանալու համար ընկել է դատարանի դռները եւ տարբեր ընկերություններից գումար է պահանջում:
-Պարո՛ն Արսենյան, կո՞ղմ, թե՞ դեմ քվեարկեցիք Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը:
-Բոլորին կողմ:
-Ինչո՞ւ:
-Այդպես է, մնացածը հետո:
-Արդյո՞ք կողմ քվեարկեցիք` հաշվի առնելով, որ Ձեզ պատկանող ընկերությունը դատական քաշքշուկի մեջ է եւ, առհասարակ, եթե հետագայում անձամբ հայտնվեք դատական պրոցեսներում, կկարողանաք Ձեզ ապահովագրել:
-Կարծում եմ, որ Ձեր հարցը կոռեկտ չէ:
Աժ ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանի կնոջ ազգականը 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կրկնակի քվեարկության համար հայտնվել էր դատապարտյալի աթոռին, սակայն ավելի ուշ նա արդարացվեց:
-Պարո՛ն Գեւորգյան, կո՞ղմ եք քվեարկել բոլոր թեկնածուներին:
-Ձեզ ինչ, թե ինչ եմ արել, դա իմ իրավունք է` ինչ եմ արել, ես գիտեմ` ինչ եմ արել:
-Ասում են, որ նրանք, ովքեր կողմ են քվեարկել, այս քայլին գնացել են մեկ բանի համար, որ հետո, եթե դատարանի դռները ընկնեն, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին դիմեն եւ դատարանում իրենց տեղը ապահովագրեն կամ, օրինակ, դատավորի որոշման համար ասեն ԲԴԽ-ին, որ դատավորին կարգապահական պատասխանատվության կանչեն կամ լիազորություները դադարեցնեն:
-Ես նման խնդիր չունեմ:
2017 թվականի ԱԺ ընտրություների ժամանակ Հանրապետականի տարածքային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների` Արայիկ Գրիգորյանի եւ Մուրադ Մուրադյանի կողմնակիցների միջեւ ծեծկռտուք էր եղել, ավելի ուշ գործը կարճվեց: Ավելին` ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Ավշար Պրոդ» ընկերության եւ պետական եկամուտների կոմիտեի ջրերը նույն առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ ԱԺ պատգամավորի եղբորորդուն պատկանող ընկերությունը դատի է տվել ՊԵԿ-ի Արտաշատի մարզային բաժնին` պահանջելով, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի մարզային բաժինն անվավեր ճանաչի ՊԵԿ-ի Արարատի մարզային բաժնի կողմից կայացրած որոշումը:
-Պարո՛ն Գրիգորյան, բոլոր թենածուներին կողմ քվեարկեցի՞ք:
-Այո՛:
-Ինչո՞ւ, իրենց ո՞ր կատարած աշխատանքն էր Ձեզ գոհացրել, որ դրանից դրդված գնացիք, կողմ քվեարկեցիք:
-Հիմնականում ճանաչում եմ Գագիկ Հարությունյանին եւ Գեւորգ Դանիելյանին, երեքին չէի ճանաչում, նոր էի լսել իրենց մասին:
-Իսկ հնարավո՞ր է, որ կողմ քվեարկեցիք նրա համար, որ դատական քաշքշուկի մեջ ընկնեք, զանգեք, ասեք` Ձեզ կողմ եմ քվեարկել, հիմա ինձ օգնեք, դատավորներին ասեք` այսպես անեն կամ այնպես:
-Չեմ միջնորդում ընդհանրապես, կամ, ասենք, ի՞նչ դատական հայցեր:
-Օրինակ` «Ավշար Պրոդ» կոնյակի գործարանը դատական քաշքշուկի մեջ է եղել ՊԵԿ-ի հետ, կամ անձամբ Դուք հայտնվեք դատարանում:
-Աստված չանի, ի՞նչ եք սկսել նման բաներից, մինչեւ հիմա չի եղել նման բան:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն երկրորդ անգամ է դատի տալիս ՊԵԿ-ին եւ պահանջում է, որ դատարանը ստիպի կոմիտեին անվավեր ճանաչել ընկերության դեմ կայացրած վարչական ակտերը: Նշենք, որ երկու դատական հայցերով քննությունը ՀՀ վարչական դատարանում շարունակվում է:
-Պարո՛ն Պողոսյան, կո՞ղմ, թե՞ դեմ քվեարկեցիք:
-Չի կարելի ասել դրա մասին:
-Ինչո՞ւ:
-Գաղտնի է, դրա համար ընտրությունը փակ գաղտնի է արվել:
-Իսկ հնարավո՞ր է, որ կողմ քվեարկեցիք` հաշվի առնելով, որ Ձեր ընտանիքին պատկանող «Քեթրին գրուպը» դատական քաշքշուկի մեջ է, եւ հետագայում բարձրագույն դատական խորհրդին դիմեք, միջամտի, որ դատավորը հանկարծ մի բան այն չանի:
-Հնարավոր չէ, ես իմ լիազորությունները չեմ չարաշահում:
-Իսկ ի՞նչ խնդիր ունի Ձեր ընտանիքին պատկանող ընկերությունը: Պետական եկամուտների կոմիտեի հետ անընդհատ դատական քաշքշուկների մեջ եք:
-Ես կարծում եմ, որ «Քեթրին գրուպի» տնօրինությանը եւ սեփականատերերին պետք է հարցնեք:
-Ընկերությունը Ձեր ընտանիքին է պատկանում, Դուք խնդրին ծանո՞թ չեք:
-Կարծում եմ, որ ընկերության տնօրենին եւ սեփականատերերին պետք է հարցնեք դա:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ
Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի գործով քննարկումները դեռեւս շարունակվում են, ինչպես հայտնի է` այս օրերին ՀՀ քննչական կոմիտեում ծեծի եւ խուլիգանության հատկանիշներով քննություն է ընթանում: Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի երկրորդ մայրաքաղաքի քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց` եթե Գյումրիում ավագանու անդամները կոյուղաջրով լի բանկան բերեին քաղաքապետարան եւ փորձեին դնել իր սեղանին, ապա ինչպե՞ս նա կվարվեր եւ, ընդհանրապես, ինչպե՞ս է գնահատում միջադեպը:
-Պարո՛ն Բալասանյան, Գյումրիում էլ բավականին շատ խնդիրներ կան, եթե նման իրավիճակ ստեղծվի Գյումրիի ավագանի նիստում, ինչպե՞ս կվարվեիք Դուք:
-Այնպես հարց կտաք, ինչո՞ւ պետք է այդպիսի բան լինի:
-Գյումրիում խնդիրներ չկա՞ն, ի վերջո, Գյումրիի ավագանին` տեսնելով, որ Երեւանի ավագանին ինչպես է խնդիրը բարձրացնում, որի հետեւանքով հարցին թեկուզ ժամանակավոր լուծում է տրվում, իրենք էլ որոշեն նման ճանապարհով Ձեր ուշադրությունը հրավիրել Գյումրիում առկա խնդիրների վրա:
-Բայց ի՞նչի լինի, Կիկոսի մահը հեքիաթ է, մեզ համար հրաշք հեքիաթ է, այսինքն` հլը դեռ բան չի եղել, բայց ինչի պետք է լինի, թող չլինի:
-Հիմա եկեք` չբացառեք, ու Դուք հայտնվում եք նման իրավիճակում:
-Եթե լինի, ինչպես ես կվարվեմ, ախր, սխալ հարց եք տալիս:
-Լավ, որպես երկրորդ մայրաքաղաքի քաղաքապետ` նորմալ եք համարում, երբ ՀՀԿ-ավագանու անդամները կնոջ նկատմամբ բռնություն են կիրառում:
-Ճիշտն ասած, այսպես ասեմ` այդպիսի միջադեպեր թող չլինեն, ամեն ինչ թող լինի խաղաղ, ճիշտ, եւ ամեն ինչը լինի կանոնակարգված, քանի որ կա հստակ կանոնակարգ: Ցտեսությո՛ւն:
ՂԵԿԱՎԱՐԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ
Ծաղկավան համայնքի ղեկավարին սպանելու փորձ կատարած անձն արդարացվեց: Գրել էինք, որ համայնքի բնակիչ Սահակ Խաչատրյանը առանց որեւէ դրդապատճառի որոշել է կյանքից զրկել համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանին: Արդյունքում վերջինս համայնքի ղեկավար Ղազարյանին պատկանող «Պրադո» մակնիշի ավտոմեքենայի առջեւի ձախ կողմի դռան բռնակի վրա դրսից լցրել է ցինկի ֆոսֆիդ, սակայն Սահակ Խաչատրյանը հանցագործությունը ավարտին չի կարողացել հասցնել: Այս արարքի համար Սահակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 հոդվածով` հանցափորձ, 104 հոդվածի սպանության հատկանիշներով: Նշենք, որ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գյուղապետը ասել էր, որ կարծում է` կատարվածի հետեւում պատվիատուներ կան: Շուրջ 8 ամիս տեւած քննությունից հետո դատարանը արդարացրեց Սահակ Խաչատրյանին նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով:
ԸՆՏՐՎԵՑ
Ձայների 63 կողմ, 30 դեմ հարաբերակցությամբ Հանրապետական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ընտրվել է Ազգային ժողովի պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Հիշեցնենք` Կոստանյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր ՀՀԿ-ն այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը փետրվարի 16-ին այդ պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել՝ ՍԴ անդամ դառնալու համար:
7-ՐԴ ԵՐԵԽԱՆ
Շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ Մեծամոր քաղաքի աղբանոցում հայտնաբերված նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նորածնի մայրը` Մեծամոր քաղաքի բնակչուհի է. ծնված 1981թ., խնամքին ունի 4 երեխա: Կինը հայտնել է, որ 2018թ. փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերն իրենց տան լոգարանում ծննդաբերել է արական սեռի երեխա: Երեխան մահացել է, եւ նա մահացած նորածնին դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, ապա շենքի բակում գտնվող աղբամանը: Մահացած փոքրիկը կնոջ 7-րդ երեխան է եղել, նախկինում 2 երեխաները մահացել են, այս պահին կնոջ խնամքին միայն 1,5 տարեկան երեխան է, մյուս 3 երեխաներն առողջական խնդիրներ ունեն ու հատուկ խնամքի կենտրոնում են գտնվում: Հիշեցնենք, որ դիակի արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ` բացակայել են նախաբազկի աջ վերին վերջույթը` դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գ լխավոր քարտուղարի տեղակալ, Ժնեւի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերին: Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակի գլխավոր տնօրենը մտքեր են փոխանակել Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ, անդրադարձել ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման բնագավառում Հայաստանի նախաձեռնություններին: Է. Նալբանդյանը տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանը դեկտեմբերի 9-ին` Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպելու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է լինելու կրթության միջոցով ցեղասպանությունների կանխարգելմանը: ՀՀ ԱԳ նախարարը Մայքլ Մյոլլերին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: