Սերժ Սարգսյանն ընդունել է «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրոդյուսերական թիմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրոդյուսերական թիմի անդամներ Դին Քեյնին ու Մոնթել Ուիլյամսին և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր Հայաստանում են ֆիլմի երևանյան պրեմիերայի կապակցությամբ:

Հանրապետության Նախագահն իր տպավորություններն է ներկայացրել «Մոսկվա» կինոթատրոնում երեկ հայ հանդիսատեսի դատին ներկայացված ֆիլմից՝ ընդգծելով, որ, իր համոզմամբ, այն կարևոր նշանակություն ունի ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ տպավորված է ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ այլ երկրներում լայն ընդունելության արժանացած ֆիլմից, որը վավերագրական հարուստ նյութի հիման վրա մեկ անգամ ևս փաստացի վերականգնում է այն ճշմարտությունը, որ ժխտողականությունը ծնում է նոր հանցագործություններ, և որ ճանաչումն ու դատապարտումը, թերևս, ամենակարևոր միջոցներն են այդ հանցագործությունները կանխելու համար:

«Կարծում եմ՝ այս ֆիլմի կարևորությունը նաև նրանում է, որ չնայած գիտական շրջանակներում այս խնդրի մասին շատ են խոսել, բայց այս առումով փաստավավերագրական ֆիլմերի պակաս կա, և «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը լրացնում է այդ պակասը: Եվ զուգահեռներն այսօրվա ու 100 տարի առաջվա իրականության հետ շատ կարևոր են: Ինձ հետաքրքրեց նաև այն հանգամանքը, որ կարծում եմ՝ դուք ցանկացել եք ասել, որ ժխտողականությունը, անկախ նրանից, թե ինչպես է տեղի ունենում, ունի շատ ընդհանուր հատկանիշներ: Այսինքն՝ կատարողները նախօրոք գիտեն, որ հետո պետք է ժխտեն և նաև վստահ են, որ իրենց այդ ժխտումն անցնելու է, քանի որ նախկինում ևս այդպես է եղել: Իհարկե, շատ հետաքրքիր էր զուգահեռը Հայոց ցեղասպանության և այն իրադարձությունների հետ, որ այսօր տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում»,-ասել է Նախագահ Սարգսյանը և շնորհակալություն հայտնել ֆիլմի պրոդյուսերական թիմին ու ի դեմս նրանց բոլորին, ովքեր իրենց նպաստն են բերել այս ֆիլմի իրագործմանը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով պարգևատրել է պրոդյուսեր, սցենարիստ Մոնթել Բրայան Ուիլյամսին և դերասան, պրոդյուսեր Դին Ջորջ Քեյնին:

Ֆիլմի պրոդյուսերներ Դին Քեյնը և Մոնթել Ուիլյամսն անձամբ իրենց և իրենց ընտանիքների անունից շնորհակալություն են հայտնել Նախագահ Սարգսյանին ֆիլմի երևանյան պրեմիերային ներկա գտնվելու համար և մեծ պատիվ համարել Նախագահի նստավայրում հյուրընկալվելը:

Պրոդյուսերները հույս են հայտնել, որ իրենց նկարահանած ֆիլմը կօգնի փոխել ընկալումները ներկայացված հարցի վերաբերյալ ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր վավերագրողի համար, ով նման ֆիլմեր է պատրաստում, ըստ պրոդյուսերներ Դին Քեյնի և Մոնթել Ուիլյամսի, կարևոր է դիտել իր աշխատանքի արդյունքը այլ անձանց հետ միասին և տեսնել այն մարդկանց արձանանքները, ովքեր այդ պահին դիտում են ֆիլմը: Նշելով, թե տեղյակ են, որ Նախագահ Սերժ Սարգսյանը ևս ականատեսն ու մասնակիցն է եղել ֆիլմում նկարագրվող՝ Լեռնային Ղարաբաղի դեպքերի, պրոդյուսերները հույս են հայտնել, որ ինչ պատկերել են ֆիլմում, համապատասխանում է այն իրականությանը, որ Նախագահն է տեսել իր աչքերով: Նրանք իրենց աշխատանքի լավագույն գնահատականը համարել են ֆիլմից ստացած արձագանքները:




Լրահոս