ՌԵԺԻՄԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է, ԽՈՒՃԱՊԸ՝ ՌԵԺԻՄԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական համակարգում այս օրերին խիստ անհանգստացած են: Պատճառն առաջիկայում սպասվող եւ այս օրերին ամենից շատ քննարկվող քաղաքական իրադարձությունից` ապագա վարչապետի նշանակումից առաջ հնարավոր զարգացումներն են:

Իշխանության ներսում մտահոգված են, որ ապրիլի 9-ից առաջ կարող են անսպասելի եւ իրենց համար չափազանց տհաճ անակնկալներ տեղի ունենալ: Եվ հենց այս պատճառով օպերատիվ աշխատանքի լիազորություն ունեցող կառույցներին հրահանգվել է «զբաղվել» հանրահավաքների գնացող անձանցով: Ընդ որում, եթե նախկինում քաղաքացիների ակտիվ այս հատվածին փորձում էին պարզապես ահաբեկել, այժմ ուժային կառույցները փորձում են հարցն այլկերպ լուծել. գտնում են տվյալ մարդկանց մտերիմ անձանց, որոնց միջոցով էլ փորձում են ազդել նրանց վրա` համոզելով ամեն կերպ ետ մնալ բողոքի ակցիաների մասնակցելու մտադրությունից: Ամեն դեպքում, իշխանությունը փորձում է նախապատրաստվել ամենատարբեր սցենարների` քաջ գիտակցելով ժողովրդի տրամադրությունը իրենց հանդեպ, մեղմ ասած, մերժողական վերաբերմունքը:
Հանրապետական կուսակցությունում այս տեղեկությունն, իհարկե, հերքում են: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց` նման տեղեկությունները սուտ է համարում: «Հանրապետականը շատ ավելի կարեւոր արտաքին եւ ներքին հարցեր ունի, քան զանգել ուժային կառույցներին եւ ասել` միտինգավորներին թողեք կամ մի թողեք»,-նշեց նա: Հիշեցնենք, որ վերջին օրերին երկու հանրահավաք է տեղի ունեցել. գարնան առաջին օրը Մարտի 1-ի 10-րդ տարելիցի կապակցությամբ եւ մարտի 10-ին` ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Երկու դեպքում էլ բավական մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու: Սա նշանակում է, որ քաղաքական ուժերը եթե փորձեն ակտիվ գործել, կարող է եւ Ազատության հրապարակում մեծ զանգված հավաքվի:
Իշխանության ներսում էլ ընդունում են, որ կա մարդկանց մի հատված, որն ընդվզում է իրենց դեմ, դժգոհ են: Հարցին` ՀՀԿ-ում մտավախություն չկա՞, որ կարող են տեղի ունենալ ծանր դեպքեր, որոնց նախադեպերը եղել են, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես կարծում եմ` մենք, մենք ասելով` մեր հասարակությունը, պետք է զերծ մնանք այնպիսի քայլերից, որոնք քաղաքական գործընթացները կտանեն ուրիշ քաղաքական ճանապարհով: Ցանկացած ժողովրդավարական երկրում, այդ թվում` Հայաստանում, բոլոր գործընթացները պետք է լինեն օրինական: Իհարկե, կլինեն դժգոհ քաղաքացիներ, Միացյալ Նահանգներում էլ կան դժգոհ քաղաքացիներ, Ֆրանսիայում էլ, Բրիտանիայում էլ, բայց նրանք իրենց կամքն արտահայտում են ընտրությունների ժամանակ: Որեւէ ժողովրդավարական երկրում փոքրամասնությունը չի կարող մեծամասնությանը պարտադրել իր կամքը: Դժգոհողներ այսօր էլ կան, երեկ էլ, վաղն էլ են լինելու, անկախ նրանից` Հանրապետականը լինելու է իշխանության, թե ոչ: Բայց մենք պետք է հաշվի նստենք իշխանության հետ… էէէ, ասում եմ` իշխանության, հասարակությա՛ն հետ»: ՀՀԿ խոսնակը քաղաքական դաշտում նոր օրակարգ մտցնելու բոլոր գործողությունները որակում է որպես կեղծ քաղաքական օրակարգ: Շարմազանովը վստահեցնում է նաեւ` թե՛ ապրիլից առաջ, թե՛ հետո որեւէ անհանգստություն չկա, եւ «ՀՀԿ-ում արշալույսները խաղաղ են»: «Մենք 2017 թվականի ապրիլյան ընտրություններին ստացել ենք մեր քաղաքացիների վստահության քվեն, եւ նրանք պատվիրել են Հանրապետական կուսակցությանը այս տարիների ընթացքում լինել իշխանություն եւ իրականացնել բարեփոխումների քաղաքականություն: Հանրապետական կուսակցության միակ պատվիրատուն Հայաստանի քաղաքացին է»,-շեշտեց նա:
Մինչ այդ հիշեցնենք` ըմբոստության ալիք 2016 թվականի հուլիսի 26-ին սկսվեց, երբ «Սասնա ծռեր» անվամբ մի խումբ մարդիկ, այդ թվում` ազատամարտիկներ, մտան ՊՊԾ գունդ: Երբ 2016 թվականին ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը եւ նրա ընկերները ձեւավորեցին «Նոր Հայաստան. հանրային փրկության ճակատ» նախաձեռնությունը, այդ ժամանակ էլ Հանրապետականը թերահավատ էր, Սէֆիլյանի եւ նրա կողմնակիցների հայտարարություններին շատ լուրջ չէին վերաբերվում: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ իզուր:
Բացի վերջին օրերին նախաձեռնված հանրահավաքներից` պետք է նշել նաեւ, որ որոշ քաղաքական գործիչներ նույնպես որոշել են քայլերի դիմել: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր ընտանիքն իրեն պատրաստ է գործուղել Ազատության հրապարակ, եւ մարտի 5-ին նա այնտեղ հանդիպեց քաղաքացիական ակտիվիստների հետ: Ներկայում էլ «Ելք» դաշինքում քննարկվում է նոր միջոցառումների կազմակերպումը` Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու համար: Բացի այդ` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը հայտարարել է, որ ապրիլի 9-ից հացադուլ կսկսի: Այդ քայլով նա փորձելու է ահազանգ հնչեցնել քաղաքական ուժերին եւ քաղաքացիներին` դուրս գալ փողոց եւ թույլ չտալ, որպեսզի Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա:
Որքան էլ տպավորություն լինի, թե ընտրություններին 10 հազարական դրամների արդյունքում ՀՀԿ-ին քվեարկած քաղաքացիները բողոքի դուրս չեն գա, որ քաղաքական որոշ ուժերի կամ անհատների լուրջ չեն վերաբերվի, բայց եւ բացառված չեն զարգացումները:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՊԱՐՏՔ Է
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: Պարզվում է` նախկին պատգամավորի` արդեն սնանկացած եւ վաճառքի հանված ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ կուտակած պարտքեր ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների վճարման պարտավորությունը չի կատարել: Իսկ նախկին պատգամավորի ընկերության պարտքը այս տարվա փետրվարի 22-ի դրությամբ կազմել է 335 հազար դրամ, եւ հիմա ՀԾԿՀ-ն փորձում է ետ բերել այդ գումարները:

 

 

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ
ՍԴ նախագահն ի պաշտոնե այլեւս չի ունենա դիվանագիտական անձնագիր, եւ այդ արտոնությունից կօգտվի միայն վարչապետի բարեհաճության դեպքում: Համենայն դեպս, այդպես է նախատեսված կառավարության հեղինակած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծում, որը ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի ապրիլի 9-ից: Նախագծի 46-րդ հոդվածը սահմանում է, որ դիվանագիտական անձնագիր տրվում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին եւ նրանց ընտանիքի անդամներին: Իսկ այս կետում չնշված անձանց դիվանագիտական անձնագրեր տրվում են վարչապետի թույլտվությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչությունն ընդհանուր առմամբ դրական գնահատական է տվել նախագծին, սակայն նկատել է, որ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ նախագծի 49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից առանց որեւէ հիմնավորման դուրս են թողնվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամները որպես դիվանագիտական անձնագրեր ստացողներ: ԱԺ իրավաբանական վարչության այս ուշադրությունը պատահական չէ. ՍԴ նախագահ հավակնում է դառնալ ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանը, ով մարտի 22-ին ընտրվեց ՍԴ անդամ: Եվ հիմա ԱԺ իրավաբանական վարչության աշխատակիցները որոշել են հետամուտ լինել իրենց նախկին ղեկավարի իրավունքների պաշտպանության հարցում:

 

 

 

ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Երեւանի ավագանու նիստը տեղի կունենա մարտի 19-ին. սա փետրվարի 13-ի միջադեպից հետո առաջին նիստն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի օրակարգում 10 հարց է ընդգրկված: Նախագծերից երկուսը հեղինակել է «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, որոնց վերաբերյալ համապատասխան հանձնաժողովներն արդեն իսկ տվել են բացասական եզրակացություն: Նախագծերից մեկը վերաբերում է մարտի 1-ի զոհերի հավերժացնող հուշատախտակի տեղադրմանը: Նախատեսված է նիստի ընթացքում հաստատել նաեւ 2017 թվականի բյուջեի կատարման եւ Երեւանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունները:

 

 

 

ՀԵՌԱԿԱ ԿՌԻՎ
2rd.am-ի հարցին ի պատասխան` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին` վարում էր նիստը»: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն նախաձեռնությունը, որ Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն է ուղարկել գլխավոր դատախազին` առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին, Սողոմանյանը պատասխանել է. «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց օգտվելով առիթից` ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանին»: Ավելի ուշ Ն. Փաշինյանը, անդրադառնալով Վիկտոր Սողոմոնյանի հայտարարություններին, «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում արձագանքել է. «Ռոբերտ Քոչարյանին հարցաքննությանը կանչելու թեմային որեւէ արձագանք չկա։ Այսինքն՝ մենք չտեսանք` ի վերջո, ովքեր էին, որ մեքենայի հետեւից դուրս էին գալիս, կրակում էին եւ թաքնվում էին՝ ա, բ՝ չիմացանք` որտեղի՞ց Ռուբերտ Քոչարյանին նման տեղեկություն, որ ինքը նախագահական նստավայրում պաշտոնապես հրապարակել է»։

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ` ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ
Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հրավերով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ստոկհոլմ: Այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Շվեդիայի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ստոկհոլմում Է. Նալբանդյանը կհանդիպի Շվեդիայի առաջատար վերլուծաբանների եւ փորձագետների հետ:

 

 

 

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
Արա Բաբլոյանը ստորագրել է արձանագրություն, որով դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով` դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները»:

 

 

 

ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է
«Ազատի վիճակում աննշան կայունացում է նկատվում։ Դեռ վտանգ կա, վիրահատությունն էլ հետաձգվել է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանի կինը՝ Անահիտ Արշակյանը՝ անդրադառնալով ամուսնու վիճակին։ Հիշեցնենք, որ երեկ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը ծանր վիճակում տեղափոխվել է Նորքի սրտաբանական հիվանդանոց։ Նա նախկինում սրտի հետ կապված մի քանի վիրահատության է ենթարկվել։ Արշակյանի կինը նշեց, որ եթե վիրահատությունը տեղի ունենա, ապա միլիոններ են հարկավոր, որը իրենք չունեն։ Երեկվանից հայտարարված հանրային աջակցությանն արձագանքողներ գրեթե չեն եղել։ «Միակ արձագանքողը շարքային մարդիկ են։ Մարդիկ զանգում են, իրենց թոշակից 1000-2000 դրամ են առաջարկում։ Բայց որեւէ պաշտոնյայից կամ գործարարից դրամական օգնության որեւէ արձագանք չի եղել, որը շատ վիրավորական է Ազատի համար»,- ասաց Անահիտը՝ հավելելով, որ երեկվանից Արշակյանին պաշտոնյաներ էլ չեն այցելել, ոչ էլ իր նախկին կոլեգաները։




Լրահոս