«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթ են ահազանգել Տավուշի մարզի բնակիչները, որոնց զավակները սովորել են «Հայբուսակ» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում, պարտաճանաչ վճարել ուսման վարձը, սակայն այդպես էլ կրթության վկայական չեն ստացել: Այդ կապակցությամբ մենք գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ քննչական ծառայություն, ի պատասխան` օրերս ստացել ենք գրավոր պատասխան, ուր նշված է. «Երեւանի «Հայբուսակ» համալսարանի Իջեւան քաղաքի ներկայացուցչության տնօրենի կողմից 2013-2014 ուսումնական տարում նույն քաղաքի բնակչի կողմից ստացված «Հայբուսակ» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում ընդունվելու եւ սովորելու պատրվակով մաս-մաս, որպես վարձավճար վերցված գումարը յուրացնելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում: Քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ»: Ուշագրավ է, որ 4-5 տարի առաջ կատարված ապօրինության վերաբերյալ մեծածավալ քննչական գործողությունները դեռեւս արդյունք չեն տվել, քննությունը չի ավարտվել, որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Դա այն դեպքում, երբ մեղադրյալները եւ մեղադրանքն ակնհայտ են:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: