ՍՈՒՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԽՆԱՅԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հայտնել էր, որ 2017-ին 17 միլիոն դրամից ավելի գումար է խնայվել եւ վերադարձվել պետական բյուջե:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ մշակույթի նախարարությանը հարցում է արել՝ պարզելու համար՝ 2017-ին քանի՞ հուշարձանի վերականգնման աշխատանք է ավարտվել, որո՞նք են դրանք, 17 միլիոն դրամ խնայողությունը ի՞նչ միջոցների հաշվին է գոյացել, նախարարությունը որտե՞ղ է նախատեսում այդ 17 միլիոն դրամն ուղղել: Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը պատասխանել է, որ 2017-ին ավարտվել է 3 հուշարձանի վերականգնման աշխատանք, դրանք են՝ Սյունիքի մարզի Վաղատին համայնքի Որոտնավանք վանական համալիրը, ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի Արտավազիկ եկեղեցին, ՀՀ Տավուշի մարզի Գոշի դամբարանը:
Իսկ մեր այն դիտարկմանը, թե մշակույթի նախարարության ներկայացուցիչները տարբեր առիթներով նշել են, որ հուշարձանների վերականգնմանը հատկացվող տարեկան գումարի չափը բավական սուղ է, այս դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ 2017-ին դեռ մի բան էլ հաջողվել է խնայել, նախարարի տեղակալը պատասխանել է. «Խնայողությունը գոյացել է 2017թ. պետբյուջեով նախատեսված գումարի հուշարձանների վերականգնման մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների՝ ավելի ցածր գնային առաջարկի տարբերությունից: Նշյալ գումարը չենք կարող նախատեսել որեւէ հուշարձանի համար, քանի որ կարգի համաձայն` այն վերադարձվել է պետբյուջե»:
Հայտնի է, որ 2006 թվականից իրականացվում են Քոբայրավանքի վերականգնման աշխատանքները: Մենք հետաքրքրվել ենք՝ 2006-2017թթ. ընթացքում մշակույթի նախարարությունը որքան գումար է հատկացրել Քոբայրավանքի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար եւ նույն նպատակով որքան գումար է նախատեսում մշակույթի նախարարությունը տրամադրել 2018-ին: Մենք խնդրել ենք նշել նաեւ մասնավոր ներդրումների չափը, եթե դրանք առկա են: Մշակույթի նախարարը տեղեկացրել է, որ 2006 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունը Քոբայրավանքի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար հատկացրել է 211 միլիոն 722 հազար դրամ, աշխատանքներն իրականացվել են բացառապես պետական միջոցների հաշվին, մինչ օրս մասնավոր ներդրման առաջարկ նախարարությունը չի ստացել:
«Միեւնույն ժամանակ նշենք, որ 2006-2017թթ. իրականացվել են Մայրամաշենի եւ կից սրահի վերականգնման եւ ամրակայման, որմնանկարների ամրակայման եւ դրանց պահպանման նպատակով այդ հատվածների ժամանակավոր ծածկի, զանգակատան վերականգնման աշխատանքները: 2018-ին հատկացվել է 30 միլիոն 200 հազար դրամ՝ սեղանատան ամրակայման, վերականգնման եւ գլխավոր եկեղեցուն կից մատուռի որմնանկարների պահպանության նպատակով ծածկերի նորոգման աշխատանքների համար»,-ասված է պատասխանում:
Հավելենք, որ անդրադառնալով հուշարձանների վերականգնմանն առնչվող բարդություններին՝ Արմեն Աբրոյանը նշել էր՝ այդ առումով առանձնանում են հատկապես վանական համալիրներն ու ամրոցները, որոնք ավելի մեծ ուժ ու ֆինանսներ են պահանջում:
Նշենք նաեւ, որ այս տարի պետբյուջեի միջոցներով 15 հուշարձանի ուսումնասիրման, այդ թվում՝ պեղումների, ինչպես նաեւ նախագծման ու վերականգնման աշխատանքներ կիրականացվեն: Այս տարի հուշարձանների վերականգնման համար հայտարարված մրցույթին բավական ակտիվություն է նկատվել, օրինակ` 6 հուշարձանների դեպքում 13 կազմակերպություն է դիմել: Նախատեսված է կյանքի կոչել Ամբերդի ամրոցի վերականգնման աշխատանքները: Ընթացիկ տարում կշարունակվեն Լոռու բերդի պարսպի ամրակայման, ինչպես նաեւ տեղի միջնադարյան բաղնիքի վերականգնման աշխատանքները: Սա կլինի միջնադարյան բաղնիք վերականգնելու առաջին փորձը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

«ԸՆԿԵՐՍ ԳՆԱՑ ԱՅԼ ԵՐԿԻՐ, ԵՍ ՉՍՊԱՍԵՑԻ ՆՐԱՆ»

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում շոուբիզնեսցիները պատմում են իրենց անձնական կյանքից քչերին հայտնի կամ անհայտ դրվագներ: Նրանք կատարում են անկեղծ խոստովանություններ, նշում, թե անձնական կյանքում գործած քայլերից որոնց համար են ափսոսում, իսկ որոնք են հիշում ջերմությամբ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Իրինա Դանիելյանն է:

Նա այն համոզման է, որ «Առաջին սերը երբեք չի մոռացվում» պնդումը չափազանցված է. «Հիմա սկսեցի մտածել՝ ով է եղել իմ առաջին սերը: Այնպես չէ, որ մոռացել եմ, բայց չեմ հիշում՝ ով է եղել առաջինը: Առաջին սերը հասուն սեր չէ, չգիտես՝ իր հետ ինչ անես (ծիծաղում է): Ավելի հասուն սերը, ինձ թվում է, տարիքի հետ է գալիս: Իսկ առաջին սիրո դեպքում մեր էմոցիաները մեզնից առաջ են ընկնում, այնինչ` կյանքը ճիշտ դասավորելու համար էմոցիան անհրաժեշտ է, բայց բավարար չէ, նաեւ մտածել է պետք»:
Նա պատմեց, որ առաջին անգամ ընկեր ունեցել է 19-20 տարեկանում: Այդ տղան, ի դեպ, արվեստի ոլորտի հետ կապ չուներ, այլ բնագավառից էր: Նրանց հարաբերությունները, սակայն, շարունակական չեղան. «Ամեն ինչ բավական լուրջ էր, բայց մեր միջեւ ոչինչ չստացվեց, որովհետեւ որոշ ժամանակ ստիպված էինք իրարից հեռու լինել, կարելի է ասել` տարածությունը բաժանեց մեզ: Ընկերս գնաց այլ երկիր, նրա կողմից խոստումներ, իհարկե, եղան, պայմանավորվել էինք, որ պետք է իրար սպասեինք, բայց երեւի թե ես համը հանեցի, չսպասեցի նրան, իսկ հետո ամուսնացա Հրանտ Թոխատյանի հետ»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Իր առաջին սիրուն դերասանուհին հանդիպում է մի քանի տարին մեկ, նրանք տեղյակ են միմյանցից, սակայն անցյալի հետ կապված թեմաներ երբեք չեն շոշափում. «Ամեն ինչ անցել-գնացել է, մնացել են միայն ջերմ, ընկերական հուշեր: Գիտեմ, որ նա էլ է ընտանիք կազմել»,-ասաց դերասանուհին:
Նա խորհուրդ տվեց երբեք չսեւեռվել անցյալի վրա, ամեն բան թեթեւ տանել եւ նայել առաջ. «Թող լավ հիշողությունները մնան, վատերը՝ ոչ: Եթե անընդհատ վատը հիշենք, դառը կյանք կունենանք: Ինձ թվում է՝ մարդու ուղեղը հաճախ ընտրություն է անում եւ հիշում է միայն լավը»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՄԵՍՍԻՆ` ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Չելսի»-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0, 4:1` երկու խաղերի արդյունքում):
««Չելսի»-ն շատ հիանալի խաղացողներ ունի, դիտարժան խաղ ստացվեց: Առաջին խաղում նրանք երկու անգամ հարվածեցին դարպասաձողին, բայց մենք ակնհայտ առավելություն ունեինք: Այսօր մենք եւս հիանալի խաղացինք, տիրում էինք գնդակին, բայց մրցակիցը եւս չափազանց վտանգավոր էր: «Չելսի»-ն ապացուցեց, որ վտանգավոր մրցակից է հանդիսանում` իր կազմում ունենալով շատ ուժեղ ֆուտբոլիստներ: Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա մեր թիմում այդպիսի խաղացող ունենալը շքեղություն է: Նա կարող է գոլ խփել ցանկացած դիրքից եւ օգնել թիմին ցանկացած իրավիճակում»,- ասել է Է. Վալվերդեն:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ի հետ Բարսելոնայում կայացած խաղում Լիոնել Մեսսին դարձել է 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՀԱՐՄԱՐՎԵԼ Է
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին: «Նա շատ արագ հարմարվեց եւ հեշտ ինտեգրվեց մեր խաղին: Իհարկե, դրան օգնեցին նաեւ, որ նրա նման ֆուտբոլիստները մեծ որակների տեր են: Ինչպես նաեւ այն, որ նա վաղուց է հանդես գալիս արտասահմանում եւ գիտի ինչպես իրեն դրսեւորել: Իմ կարծիքով` Մխիթարյանի եւ «Արսենալ»-ի խաղաոճերը համապատասխան են»,- ասել է Վենգերը:

 

 

ՄԵԴՎԵԴԵՎԱՅԻ ՊԼԱՆՆԵՐԸ
Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան պատմել է ապագայի պլանների մասին: «Ես սիրում եմ գեղասահքը, դա իմ աշխտանքն է, ցանկանում եմ վայելել այն: Ցանկանում եմ ելույթ ունենալ հաջորդ Օլիմպիական խաղերում»,-հայտարարել է 18-ամյա Մեդվեդեւան:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի գեղասահորդուհին Փհենչհանի Օլիմպիական խաղերում հաղթանակը զիջեց իր հայրենակցուհուն` Ալինա Զագիտովային: Եվգենյա Մեդվեդեւան աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի է, նա երկու անգամ շահել է «Գրան պրիի» եզրափակիչները:




Լրահոս