Տավուշի մարզպետն արդարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. մարտի 10-ի գիշերը` ժամը 2-ի սահմաններում, վրացական պետհամարանիշներով «ԴԱՖ» մակնիշի խոշոր բեռնատարը միջպետական ավտոճանապարհին, Իջեւանի շուկայի դիմաց բարձրացել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին: Պատնեշի սկզբնամասը քանդվել է, սակայն ֆուռը չի շրջվել: Թուրքական ընկերությանը պատկանող բեռնատարը Հայաստան է ներկրել ցիտրուսային մրգեր, բեռնատարի ղեկին եղել է ազգությամբ թուրք վարորդ: Պատահարից մոտ 8 ժամ անց ամբարձիչ կռունկ է բերվել, որը շուրջ 2 ժամվա ընթացքում բեռնատարն իջեցրել է բետոնե արգելապատնեշից:

Արգելապատնեշի մասին զգուշացնող ճանապարհային նշանը դեպքի ժամանակ ջարդված է եղել, նոր պատրաստված ճանապարհային նշանն այդ ժամանակ տեղադրված չի եղել: Արգելապատնեշի բետոնի վրայի կապույտ շերտերի գույնը խամրած է, կեղտոտված, վարորդները գիշերները դրանք չեն տեսնում: 2017թ. նոյեմբերի 27-ին նույն տեղում` Իջեւանի շուկայի մոտ, «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ` 1984թ. ծնված Մ. Շարաշիձե) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Իջեւանի շուկայի առջեւի արգելապատնեշները տեղադրվել են 2014թ., Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ:

Մարզպետը բազմիցս «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, որ այդ տարածքում աշխատանքները շարունակվելու են, արգելապատնեշների սկզբամասում, միջպետական ավտոճանապարհով հետիոտների անվտանգ անցումը եւ ավտոտրանսպորտային միջոցների անխափան երթեւեկությունն ապահոհվելու համար նախատեսվում է կառուցել հետիոտների վերգետնյա կամ ստրոգետյա անցում: Սակայն անցած 4 տարում հետիոտների անցումն այդպես էլ չկառուցվեց:

2017թ. մայիսի 10-ին մի քանի տասնյակ իջեւանցիներ ի նշան բողոքի շուրջ 40 րոպե փակել էին միջպետական ավտոճանապարհի Իջեւանի շուկայի հարակից հատվածը: Բողոքողների պահանջներից մեկը շուկայի մոտ, միջպետական ավտոճանապարհին բետոնե արգելապատնեշները հանելն էր: Տավուշի մարզպետին գրավոր հարցում եմ ուղարկել` մինչ այժմ 2 խոշոր բեռնատար բախվել են այդ պատնեշին, խոչընդոտել երթեւեկը, մտադի՞ր եք այդ պատնեշները հանել կամ այդ հատվածում երթեւեկի անվտանգությունն ապահովելու համար հավելյալ միջոցներ ձեռնարկել: Ի պատասխան մարտի 16-ին ստացվել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի գրությունը, ուր նշված է. «Մ-4 Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ճանապարհի Իջեւան համայնքի շուկայի հատվածի բարեկարգման աշխատանքները (բետոնե բլոկների տեղադրում 60x84x500սմ) իրականացվել են ՀՀ կառավարության 07.08.2014թ. թիվ 834-Ն որոշման համաձայն նախատեսված միջոցների հաշվին:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի եւ մի շարք իրավական ակտերի համաձայն` միջպետական նշանակության ավտոճանապարհների կառավարումը եւ տնօրինումը իրականացնում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Նշված ճանապարհների եւ ճանապարհների մաս հանդիսացող արհեստական ու ինժեներական կառույցների, անվտանգության, կահավորանքի տարրերի նորոգումը, պահպանումը եւ շահագործումը իրականացվում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրատվությամբ: Միջպետական ճանապարհի Իջեւան համայնքի շուկայի հատվածը կարգավորված է անհրաժեշտ երթեւեկության նշաններով»:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս