Առաջին դեպքը չէ, որ հայտնի պաշտոնյաներին պատկանող ընկերությունները հայտնվելով ֆինասական չարաշահումների կամ ֆինանսական խնդիրների առաջ` շտապում են դատարան՝ սնանկ ճանաչվելու նպատակով: Իսկ այդ քայլին գնում են կուտակած պարտքը չվճարելու համար` պարտատերերին էլ թողնելով բախտի քմահաճույքին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ռուսաստանում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Գարրի Զախարովի ընտանիքի հետ կապվող ընկերությունը սնանկ է ճանաչվել, որպեսզի չվճարի «Դալմա» առեւտրի կենտրոնի եւ ՊԵԿ-ի նկատմամբ կուտակած եւ մոտ 20 մլն դրամի հասնող պարտքը:
Եվ այսպես` 2017 թվականին «Իդալգո» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ խնդրել, որ իրեն սնանկ ճանաչեն:
Մասնավորապես տեղեկացանք, որ «Իդալգո» ՍՊԸ-ն դատարան ներկայացրած դիմումով հայտնել է, որ ընկերությունը պարտք է «Դալմա Ինվեստ» ՓԲԸ-ին, պարտքի չափը կազմում է 17 միլիոն 500 հազար 000 ՀՀ դրամ, իսկ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի պարտքի չափը կազմում է 939 հազար 900 դրամ: Ընկերությունը դատարանին հայտնել է, որ չունի բավականաչափ ֆինանսական միջոցներ՝ մարելու նշված պարտավորությունները: Ավելին` ուշագրավն այն է, որ դատարանում ընկերությունը հայտնել է, թե ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնել այս պահին չի ցանկանում:
Ըստ էության ստացվում է այսպես, որ «Իդալգո» ընկերությունը «Դալմա» առեւտրային կենտրոնում վարձակալել է ամենաթանկարժեք տաղավարներից մեկը, տեւական ժամանակ գործունեւթյուն է ծավալել եւ հիմա որոշել է «քցել» պարտատերերին` չվճարելով պարտքերը:
Արդյունքում` 2018 թվականի հունվարի 8-ին դատավոր Կարինե Պետրոսյանը այս գործով հրապարակել է վճիռը՝ բավարարելով ««Իդալգո» ՍՊԸ-ի դիմումը` սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին»: Ըստ այդմ, ընկերությանը ճանաչել են սնանկ:
Ստացվում է, որ «Իդալգո» ՍՊԸ-ն իր հարցերը լուծեց: Իսկ թե ինչ պետք է լինի «Դալմա» առեւտրի կենտրոնի չվճարված գումարի կամ պետական եկամուտների կոմիտեի գումարների հետ, խիստ մշուշոտ է:
Սակայն նկատենք, որ մշտապես այս օրինակ պատմություններից ջրից չոր են դուրս գալիս հայտնի պաշտոնյաները: Բանն այն է, որ «Իդալգո» ՍՊԸ-ն պատահական մարդկանց չի պատկանում: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ընկերությունը կապվում է դեռեւս 2013 թվականից Ռուսաստանում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ գեներալ-մայոր Գարրի Զախարովի անվան հետ. այս ՍՊԸ-ն գրանցված է վերջինիս կնոջ բարեկամուհու անունով:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Ռուսաստանում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Գարրի Զախարովի հետ, սակայն մեր փորձերը անցան ապարդյուն:
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք դատարանում «Իդալգո» ընկերության սնանկության գործով փաստաբան Միքայել Ավետիսյանի հետ: Վերջինից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվել, որ Ռուսաստանում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ գեներալ-մայոր Գարրի Զախարովի անվան հետ կապվող ընկերությունը իրեն սնանկ է ճանաչել եւ մի շարք ընկերությունների թողել է անհարմար վիճակում: Ի պատասխան` փաստաբան Ավետիսյանը նշեց. «Բարեկամական կապը, իհարկե, ես ո՛չ կարող եմ հաստատել եւ ո՛չ էլ հերքել, քանի որ չգիտեմ Ձեր նշած անձնավորությանը կամ բերակամական կապը, իսկ ինչ վերաբերում է սնանկության հետ կապված խնդրին, եթե տնտեսվարող սուբյեկտի 1 միլիոնը գերազանցում է իր պարտավորություններին, դա համապատասխանում է սնանկության հատկանիշներին, դրա համար տնօրենը պարտավոր է կամավոր դիմել, որ իրեն սնանկ ճանաչեն, ինչը այդ դեպքում արվել է»:
Քնար Մանուկյան