ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմական ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ստուգումներ են սկսել. ինչ կապ ունի Սեյրան Օհանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ռազմական ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ստուգումներ են սկսել վերջին 6-7 տարիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետում ստացած երիտասարդների փաստաթղթերում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանք փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զորակոչիկները ծառայության համար ճանաչվել ոչ պիտանի կամ տարկետում ստացել:

Նախ` ամենասկզբից

Մարտի 20-ին ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ձեռք են բերվել տվյալներ, թե պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող քննիչը քաղաքացու օժանդակությամբ գումարի դիմաց զորակոչիկներին ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից, ապօրինի գործունեությամբ է զբաղվել, ինչպես նաեւ իր վարույթում գտնվող գործերով անցնող անձանց օգտին գործողություններ կատարելու համար կաշառք է ստացել:

Արդյունքում` կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, եւ նախաքննությունը իրականացնելը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Ռազմականը գործի է անցել

Հատուկ քննչական ծառայությունը իրավիճակի մասով հայտնել էր, որ հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ասել է, թե ՀՔԾ-ն քննում է քննիչներին, իսկ ահա ԱԱԾ-ն գնացել է զինգրքույկների հետքերով: Ավելին` ԱԱԾ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ այս օրերին ՀՀ ռազմական ոստիկանությունը եւս ստուգումներ է սկսել պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետումներ ստացած երիտասարդների փաստաթղթերում:

Պատահականությո՞ւն, թե՞ նախազգուշացում

Իրավապահների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմաց կաշառքի գործը, ավելին` օրերս բացահայտված մեկ այլ դեպքը, որ 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.-ն եւ պաշտոնատար այլ անձինք կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի ապրանքագրերում` հափշտակել են շուրջ 40 միլիոն դրամի դեղամիջոցներ եւ սարքավորումներ, կարծես թե այդքան էլ պատահականություն չէ: Ըստ էության իրավապահ համակարգը այս օրերին վեր է հանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործունեության ժամանակահատվածի հետ կապված թույլ տված բացթողումները: Միգուցե իշխանական վերնախավը այս քայլին գնում է` նախազգուշացնելով ընդդիմադիր դարձած նախկին նախարարին, որ առաջիկայում սպասվող շուրջօրյա հանրահավաքներին միանալու դեպքում, հնարավոր է, վատ հետեւանքներ ունենան իր համար, դժվար է ասել: Ինչեւէ, փաստ է մեկ բան, որ տեւական ժամանակ է` բանակի շուրջ կատարվող գործընթացների մասով աղմկահարույց բացահայտում են լինում:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս