Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը պարզաբանել է՝ ինչու չի կարողացել գալ Հայաստան երկրում բողոքի խաղաղ ակցիաների օրերին: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Երաժիշտն ասել է, որ վատառողջ է եղել:
«Ինչպես կարող եք լսել իմ ձայնից, ես իսկապես շատ վատառողջ էի եւ չէի կարող ճանապարհորդել: Փորձում եմ արագ ապաքինվել, որպեսզի շուտով կարողանամ գալ Հայաստան: Խաղաղություն ձեզ»,- գրել է նա:
Սերժ Թանկյանը նաեւ տեղադրել է Radio Free Europe-ին տված վերջին հարցազրույցը: Դրանում նա խոսում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին եւ նշում, որ ուրախ է, որ այդ ամենը տեղի ունեցավ խաղաղությամբ: Նա նաեւ նշել է, որ երկրում փոփոխությունները պետք է շարունակվեն: