ԵԱՀԿ–ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Միշել Սայդերսը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունն արժեքավոր գործընկերներ են: «ԱՄՆ շնորհավորում է Հայաստանին մայիսի 8-ին նոր վարչապետի ընտրության առթիվ։ Հայ ժողովուրդն ու նրա ընտրած ներկայացուցիչները ճգնաժամը լուծեցին խաղաղ և Սահմանադրությանը, օրենքի գերակայությանն ու ԵԱՀԿ–ում ՀՀ պարտավորություններին համապատասխան: Մենք նախկինի պես կոչ ենք անում նոր կառավարությունը ձևավորել օրենքի գերակայությանը համապատասխան և բոլոր հայերի շահերի արտացոլմամբ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Սայդերսը:
Վերջինս շեշտել է, որ ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի նոր կառավարության և հայ ժողովրդի հետ համագործակցությանը երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում՝ ներառյալ առևտուրը, ժողովրդավարության ու օրենքի գերակայության աջակցության ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության ապահովումը:
«Միացյալ Նահանգները շարունակում է վճռականորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով: ԱՄՆ քաղաքականությունն անփոփոխ է՝ միակ լուծումը միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորումն է բանակցությունների միջոցով՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա։ Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք ակտիվորեն կմասնակցենք խաղաղ կարգավորման որոնմանը»,– ասել է նա։
ԵԱՀԿ–ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչը նաև կոչ է արել Հայաստանին շարունակել համագործակցությունը կազմակերպության հետ, հավելելով, որ Հայաստանի նախաձեռնությունը՝ տեղեկացնել Մշտական խորհրդին ներքաղաքական իրավիճակի մասին դրական քայլ է։
«Հայաստանի համագործակցության ծրագիրը կարևոր մեխանիզմ է ԵԱՀԿ աջակցության համար։ Մենք կոչ ենք անում ՀՀ նոր կառավարությանն օգտագործել այդ օգնությունը և դիտարկել մյուս ոլորտները, որտեղ ԵԱՀԿ–ն կարող է օգտակար լինել»,– ասել է Սայդերսը: