Դեբեդավանում վիճակը խառն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ապրիլի 27-ին որոշել է Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պարտականությունները դնել այդ դպրոցի տնօրենի տեղակալ Լուսինե Գեւորգյանի վրա: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը հայտնեց, որ մարտի 17-ին Դեբեդավանի դպրոցում դասեր չեն անցկացրել, սակայն այդ օրը դպրոցի 5 ուսուցիչ աշակերտներին դասամատյանում տարբեր գնահատականներ են նշանակել, ինչը օրենքի խախտում է:

Կ. Նազարյանը հայտնեց, որ Մ. Հարությունյանը մարտի 17-ին դասեր չանցկացնելու վերաբերյալ մարզպետարանի կրթության վարչությանը տեղյակ չի պահել, ինչը պարտավոր էր: Նա ասաց, որ ապրիլի 17-ին Մ. Հարությունյանը ազատվել է պաշտոնից, մարզպետարանի իրավաբանական բաժինը աշակերտներին կեղծ գնահատականներ նշանակելու կապակցությամբ դիմել է դատախազություն: Մ. Հարությունյանը հայտնեց, որ մարտի 17-ին Դեբեդավանում ցուրտ, անձրեւոտ եղանակ էր, դպրոցը ջեռուցելու համար վառելափայտ չկար, դպրոցին վառելափայտ մատակարարող անհատ ձեռներեցը չէր կարողացել այդ գործն անել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում ստուգումների պատճառով: Մ. Հարությունյանն ասաց, որ իրենք որոշում են կայացել մարտի 17-ի փոխարեն մարտի 24-ին դասեր անցկացնելու մասին: Նա ընդունեց դասեր չանցկացրած օրը դասամատյանում գնահատականներ նշանակելու փաստը, սակայն դա հանցանք չհամարեց: Նա իրեն պաշտոնում վերականգնելու համար դիմել է դատարան:

Շուրջ 20 տարի Դեբեդավանի դպրոցը ղեկավարած Մ. Հարությունյանն ասաց, որ վերջին մեկ տարում Դեբեդավանի դպրոցի տնօրենի պաշտոնի համար 3 մրցույթների 6 նիստերը չեն կայացել, քանի որ մրցույթին մարզպետարանի ներկայացուցիչները չեն ներկայացել: Նա ասաց, որ այդ մրցույթների անցկացման հայտարարությունների համար պետական բյուջեից շուրջ 130 հազար դրամ է ծախսվել, պետությանը վնաս է հասցվել: Նա ասաց, որ մրցույթներին մարզպետարանի ներկայացուցիչները չեն ներկայացել, քանի որ մարզպետարանում չեն ցանկացել, որ ինքը շարունակի պաշտոնավարել: Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հաջորդ մրցույթը նշանակված է հունիսի 12-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս