ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք, եթե մաքսազերծման վայրերից ապրանքները անմիջապես առաքվում են գնորդին, ապա նման դեպքում ի՞նչ կարգով է տեղի ունենում առաքման գրքում գրանցման գործընթացը:
Գարիկ Գեւորգյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Գեւորգյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի դրույթների` մասնավորապես կարգի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է հետեւյալ ուղեկցող փաստաթղթերով. հարկ վճարողի կողմից ապրանքը (բացառությամբ ձեռք բերված եւ տեղափոխվող ապրանքի) ուղեկցվում է ապրանքի տեղափոխումը հավաստող սահմանված կարգով դուրս գրված համապատասխան ապրանքագրերով, բեռնագրերով եւ բեռնառաքման փաստաթղթերով, իսկ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների համար մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ մաքսային համապատասխան (փոխադրման ամփոփագիր եւ (կամ) մաքսային հայտարարագիր) փաստաթղթերով (այսուհետ՝ ապրանքագիր):
Կարգի 6-րդ կետին համապատասխան` հարկ վճարողն իր առաքման վայրից կամ կետից ապրանքի առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում (բացառությամբ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ տեղափոխման) պարտավոր է նույն կարգին համապատասխան վարել առաքվող կամ տեղափոխվող ապրանքների փաստաթղթավորում եւ ուղեկցող փաստաթղթերի հաշվառում` կատարելով գրանցումներ գրքերում:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման գրքեր վարելու վերաբերյալ դրույթները չեն տարածվում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված շրջանառության հարկ վճարող հանդիսացող անձանց, ինչպես նաեւ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների վրա: