ԱԺ-ում ով կփոխարինի Ալեն Սիմոնյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարծես թե արդեն ուրվագծվում է, որ թավշյա հեղափոխության շրջանակներում առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Բանն այն է, որ երեկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վայր դրեց պատգամավորական մանդատը: Նա ասել է, որ շարունակելու է աշխատել Երեւանի ավագանիում: Ակնհայտ է, որ Սիմոնյանը պատգամավորական մանդատից հրաժարվել է ոչ այնքան ավագանիում աշխատելու, այլ շատ ավելի հեռահար նպատակով. Մարգարյանի հրաժարականից հետո զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: Ի դեպ, Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում եւս չէր բացառել այդ հնարավորությունը:

«Ես որեւէ հավակնությունների մասին չեմ կարող ասել, ես կարող եմ ասել, որ ժամանակին, երբ «Ելքը» մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին, ես եղել եմ քաղաքապետի թեկնածուներից մեկը, եւ, այո՛, եթե կուսակցությունը որոշի նման պատասխանատվություն ինձ վրա դնել, ես միգուցե համաձայնեմ», – ասել էր նա: Նա նաեւ տրամաբանական էր համարել, որ այս ֆոնին Տարոն Մարգարյանը եւս պետք է հրաժարական տա: Նշենք, որ խոսելով Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր. «Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետեւի այդ հորդորին»: Իսկ ավելի վաղ Փաշինյանը պնդել էր, որ Մարգարյանն «ընտրակաշառքով է ընտրվել»:

Մինչ այդ նկատենք՝ Ալեն Սիմոնյանի մանդատը վայր դնելուց հետո հետաքրքիր պատկեր է ստեղծվում թիվ 4 ընտրատարածքում: Նա հենց այս ընտրատարածքից դարձավ պատգամավոր՝ որպես վարկանիշային թեկնածու հաջորդելով Նիկոլ Փաշինյանին: Այժմ Ալեն Սիմոնյանին հաջորդում են անձինք, ովքեր այս պահին պաշտոններ են զբաղեցնում՝ Էդուարդ Աղաջանյան (վարչապետի աշխատակազմի ղեկավար), Տիգրան Ավինյան (փոխվարչապետ):

Հիմա հերթը ավագանու անդամ Անի Խաչատրյանինն է, եւ եթե նա չվերցնի մանդատը, ապա այս բոլոր թեկնածուներից հետո մանդատը բաժին կհասնի Քրիստինե Պողոսյանին, ով 182 ձայն է հավաքել: Իսկ եթե նա էլ հրաժարվի մանդատից, այդ տեղը խորհրդարանում թափուր կմնա:




Լրահոս