Ընդհանրապես ինձ մոտ վախի «չիպը» հանված է. Մովսես Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը պատիվ է համարում նոր պաշտոնում աշխատելը: Այս մասին նա նշեց Սարդարապատի հուշահամալիրում՝ լրագրողների հետ զրույցում:

«Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին այս փառապանծ տոնի կապակցությամբ: Սա մեր հաղթանակների սկիզբն է և կարծում եմ, որ բոլոր ժամանակներում մենք պարտադրված ենք միայն տոնել հաղթանակներ: Ինչ վերաբերում է իմ պաշտոնին, ապա ցանկացած պաշտոն, որտեղ քեզ հնարավորություն են ընձեռում հայրենիքին ծառայելու, ապա դա մեծ պատիվ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մովսես Հակոբյանը:

Լրագրողների խնդրանքով Մովսես Հակոբյանն իր կարծիքը հայտնեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակման մասին: «Բանիմաց սպա է, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Լրագրողները նաև հարցրեցին, թե ԱԱԾ բացահայտումները գուցե նաև հասնեն պաշտպանության ոլորտ, որը զերծ չէ կոռուպցիայից, արդյո՞ք այս առումով մտահոգություններ կան, Մովսես Հակոբյանը նշեց, որ լրագրողների մտահոգություններն անտեղի են: Ճշտող հարցին, թե այսինքն՝ բանակը զե՞րծ է կոռուպցիայից, Մովսես Հակոբյանն ավելացրեց, որ բոլոր դեպքերում որքան ինքը տիրապետում է՝ այո:

«Ամեն դեպքում ես իրավաբան, դատախազ, դատավոր չեմ, կան իրավապահ մարմիններ, որոնք բոլոր գնահատականները կտան»,-ասաց նա: Լրագրողները նկատեցին, որ մտավախություն չունի, որ այդ բացահայտումներն անձնապես իրեն կհասնեն, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ընդհանրապես ինձ մոտ վախի «չիպը» հանված է»:




Լրահոս