ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամին, երբ խորհրդարանական մեծամասնությունը, ըստ այդմ` նաեւ օրենսդիր իշխանության ղեկավար կազմն իրեն ընդդիմադիր հայտարարած ՀՀԿ-ի ձեռքում է: Իսկ գործադիր իշխանությունը ղեկավարում է խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանը, որին սակայն, աջակցում է ժողովուրդը: Հիմա ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել միայն ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով: Միայն թե, ՀՀԿ-ն ամեն կերպ փորձում է խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրենք քննարկելու են Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: «Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի»,- ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ նշել է նա:
Նոր Սահմանադրությամբ բավական խճճված ու բարդացված են խորհրդարանը լուծարելու եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունները: Բայց այնուամենայնիվ, կան սահմանադրական հնարավորություններ՝ իրագործելու այս նպատակը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Սահմանադրության 92-րդ հոդվածը, որն ամրագրում է ԱԺ արտահերթ ընտրության կարգը, խորհրդարանի կողմից փոփոխման ենթակա դրույթների թվին է պատկանում: Այսինքն՝ Սահմանադրության այդ հոդվածը կարող է փոփոխվել եւ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հիմքեր կարող են ստեղծվել հենց ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ: Բայց այդ փոփոխությունները կարող են իրականացվել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` 70 ձայնով: Այստեղ, իհարկե, կա որոշակի դժվարություն, քանի որ խորհրդարանական երեք՝ Ծառուկյան, Ելք, ՀՅԴ խմբակցություններն ունեն 48 պատգամավոր, եւ անհրաժեշտ է եւս 22 ՀՀԿ-ականի աջակցություն: Մի նպատակ, որին հեշտ չէ հասնել:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխությունների եւ պաշտոնանկությունների ալիքը հասնելու է նաեւ մարզպետներին: Այս օրերին քննարկումներ են ընթանում «Ելք», «Ծառուկյան» դաշինքների եւ ՀՅԴ-ի միջեւ, թե ինչպես պետք է բաշխվեն պորտֆելները: ՀՅԴ-ին կրկին երկու մարզպետների պորտֆել կտրվի եւ կրկին նույն՝ Շիրակի ու Արագածոտնի մարզերում: Վերջինում, մեր տեղեկություններով, կրկին նշանակվելու է նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը: ԲՀԿ-ն կրկին ավելի շատ ներկայացվածություն կունենա, քան ՀՅԴ-ն: Այս պահին հստակ է, որ ԲՀԿ-ին կտրվեն Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերը: Որպես Արմավիրի մարզպետ՝ քննարկվում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի անունը: «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությանը կտրվեն Արարատի եւ Վայոց ձորի մարզերը: Լոռու մարզպետ կդառնա Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը:

 

 

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդին մասնակցելու նպատակով Սոչի այցելած ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղաբնակ հայերը ջերմ ընդունելության արժանացրին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանին դիմավորողների թվում չի եղել հայտնի քրեական հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանը` Ռոբսոնը: Մինչդեռ, հիշեցնենք, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` Սոչի կատարած այցերի ժամանակ նա մշտապես եղել է դիմավորողների թվում, ընդ որում՝ եղել է հիմնական դիմավորողը: Սա, թերեւս, պատահական չէ. Ռոբսոնը ոչ միայն Փաշինյանի հետ մտերիմ չէ, այլեւ նման քրեական հեղինակությունները նոր կառավարության «ճաշակով չեն» եւ տեղ չունեն նրանց կողքին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արփի լճից դեպի Ախուրյան գետ տանող շլյուզները փակված են, եւ ջուրը հոսում է ոչ թե դեպի Ախուրյանի, այլ՝ միայն Կառնուտի ջրամբար: Մինչդեռ, նկատենք, Արփի լիճն ապահովում է Շրակի մարզի ցանքատարածությունների ոռոգման ջրային ծավալի 90 տոկոսը, եւ դոտացիոն կարգով ջուր է բաց թողնվում մարզի այլ ջրամբարներ: Հիմա ստեղծված իրավիճակի արդյունքում հնարավոր է ոռոգման խնդրի առաջ կանգնեն նաեւ Արմավիրի, Արարատի մարզերի գյուղերի մի քանի հարյուրավոր բնակիչներ: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, Շիրակի մարզում ջրային բացթողումները «Շիրակ» ՋՕԸ-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանի ձեռքում են: Երբ նա ցանկանում, այն ժամանակ էլ փակում է շլյուզները, երբ ուզում՝ բացում: Ըստ լուրերի, Կառնուտի ջրամբար այս ընթացքում նախատեսվածից ավելի քանակությամբ ջուր է բաց թողնվում, որը չի վերահսկվում եւ հետագայում ինչ-ինչ ճանապարհներով «վաճառվում է»: Նշենք, որ Գրիգորյանի թիկունքին Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանն է:

 

 

 

ԳՆԴԱԿԸ ՀՀ ԴԱՇՏՈՒՄ Է
Համաժողովրդական շարժման հաղթանակը մեծ ոգեւորություն է առաջացրել քաղաքացիների մոտ՝ վերականգնելով մարդկանց հավատն ու վստահությունը իշխանությունների նկատմամբ: Սակայն հայտնի փաստ է, որ հասարակական տրամադրությունները կարող են կարճ ժամանակահատվածում գլխիվայր շուռ գալ եւ ոգեւորությունը մարել, եթե հասարակական ակնկալիքները չբավարարվեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հազիվ թե կարողանա խուսափել այդ հեռանկարից: Պարզապես, որքա՞ն երկար կկարողանա պահել ներկա տեմպերը եւ հետաձգել լրջագույն խնդիրներին առերեսվելու, ըստ այդմ, ոչ ժողովրդական որոշումներ կայացնելու պահը: Նման խնդիրներից մեկն էլ ԼՂ հակամարտության կարգավորման հարցն է: Գաղտնիք չէ, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը հնարավոր է բացառապես փոխզիջումային տարբերակով` բանակցային սեղանին արդեն 21 տարի դրված սկզբունքների շրջանակներում: Իսկ փոխզիջումների հասարակությունն այս պահին պատրաստ չէ. ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի իշխանությունը քսան տարի շարունակ հասարակության մեջ հետեւողականորեն սերմանել են բացարձակ անզիջողականություն՝ բացառելով որեւէ փոխզիջման գնալու միտքը (նույն վիճակն է նաեւ Ադրբեջանում): Միայն իր պաշտոնավարման վերջին երկու տարիներին` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, Ս. Սարգսյանը ստիպված եղավ խոսել փոխզիջումների, ցավոտ լուծումների մասին: Բայց դա բավարար չէր, թեկուզ եւ այն պատճառով, որ Սարգսյանը վախեցավ ավելի բաց երկխոսելուց, եւ հետո՝ նա չէր վայելում հասարակության աջակցությունը:
Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ անց ստիպված է լինելու որպես ՀՀ վարչապետ նստելու բանակցային սեղանին: Իսկ սա նշանակում է՝ համաձայնվել հակամարտության կարգավորման հիմք ընդունել Մադրիդյան լրամշակված սկզբունքները, պարզապես արդեն բանակցություններ տանել դրանց իրականացման դետալների շուրջ: Ի դեպ, երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իրենք պատրաստ են ինտենսիվ բանակցություններ վարել ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու համար: Պատասխանի հերթը Հայաստանինն է: Արդյոք ՀՀ նոր կառավարությունը պատրա՞ստ է բանակցություններին, եւ արդյոք առաջիկայում տեղի կունենա՞ Ալիեւ-Փաշինյան հանդիպումը:
Նշենք, որ առայժմ ԼՂ խնդրի վերաբերյալ Փաշինյանի քայլերը հուսադրող են, երբ հայտարարեց ԼՂՀ-ն բանակցային սեղան վերադարձնելու մասին: Հիմա նա կարող է հասարակությանը տրամադրել նաեւ փոխզիջումների հեռանկարին: Պարզապես, դրա համար անհրաժեշտ է բաց երկխոսել հասարակության հետ, սառը եւ սթափ ներկայացնել իրավիճակն ու վտանգները:




Լրահոս