Նախկին ՀՀԿ-ականների առաջին փորձությունը. ինչու չսատարեցին իրենց թիմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում հերթական անգամ տապալվեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը: Այս անգամ եւս հնարավոր չեղավ ապահովել անհրաժեշտ թվով ձայներ, արդյունքում ՍԴ անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց: Այս անգամ անհրաժեշտ քվորումը նույնիսկ չկար, եւ 105 պատգամավորներից մասնակցել էր 54-ը, այնինչ այս դեպքում անհրաժեշտ էր ձայների 3/5՝ 63 կողմ քվե: Երեկ գրանցվեց հետեւյալ պատկերը՝ 36 կողմ եւ 17 դեմ ձայն: Երեկվա քվեարկությունը յուրօրինակ ստուգատես էր նաեւ ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորների համար՝ արդյոք նրանք իներցիայի սկզբունքով կքվեարկեին, թե ոչ:

Չնայած ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած մի քանի պատգամավորներ՝ Արտակ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը խորհրդարանում էին, սակայն նրանցից ոչ ոք չներկայացավ քվեարկության: Իսկ Միհրան Պողոսյանը, չնայած խորհրդարանում առավոտյան եղել էր, սակայն քվեարկության այդպես էլ չէր ներկայացել: 17 դեմ ձայներից պարզ է դառնում, որ առնվազը 10 ձայն հենց ՀՀԿ-ի ներսից է դեմ եղել, քանի որ քվեարկության մասնակցել է միայն ՀՅԴ-ն, որն ունի 7 պատգամավոր: Ստացվում է՝ քվեարկության մասնակցած 46 ՀՀԿ-ականներից 10-ը, ըստ էության, դեմ գնացին խմբակցության որոշմանը:




Լրահոս