Մաշա Մնջոյանն այս ամռանը պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել նոր երգ եւ տեսահոլովակ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ երգչուհին: Երաժշտության եւ գործիքավորման հեղինակը Նիկ Եգիբյանն է: «Կարծում եմ՝ այն ավելի շատ դուր կգա իմ տարեկիցներին: Երգն ունի հայերեն եւ անգլերեն հատվածներ»,-ասաց Մաշան:
Ի դեպ, առաջիկայում երգչուհին հանդես կգա բարեգործական համերգով, իսկ համերգային ավելի ակտիվ գործունեություն կծավալի արդեն աշնանը:
Քչերը գիտեն, որ այսքան երիտասարդ հասակում Մաշան հասցնում է նաեւ դասավանդել. ««Դուրգարյան» ակադեմիայում եմ աշխատում. ի դեպ, փոքրիկ սաներիս ոգեւորելու համար հունիսի 1-ին հանդես եկանք համերգով»,-տեղեկացրեց երգչուհին:
Մենք զրուցեցինք նաեւ անձնական թեմաներից: Մաշայի խոսքով՝ այսօր թե՛ աղջիկների, թե՛ տղաների համար անձնական կյանքը դասավորելը բավական բարդացել է. «Մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ճիշտ կողակից գտնելն իսկապես դժվար է: Հեշտ չէ ընտրել մեկին, ում մինչեւ կյանքիդ վերջ կվստահես»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Մաշայի խոսքով՝ որքան ինքը մեծանում է, այնքան ավելի դժվար է սիրահարվում. «Տարիների ընթացքում սկսում ես ամեն մանրուքի ուշադրություն դարձնել, ամեն չնչին բան սկսում է նյարդայնացնել»,-անկեղծացավ երգչուհին:
Նա նշեց մի քանի հատկություն, որով իր կողքի տղամարդը երբեք չպետք է օժտված լինի. «Իմ կողքին չեմ պատկերացնում թույլ, ոչ առատաձեռն եւ հումորի զգացումից զուրկ տղամարդու»,-շեշտեց Մաշան:
Հարցին, թե կուզի արդյոք որ իր ընտրյալը բեմի մարդ լինի, Մաշան պատասխանեց. «Կտրականապես չեմ ասի՝ ոչ, որովհետեւ չեմ կարող ասել՝ կյանքս ինչպես կդասավորվի: Երբեք չեմ ասում երբեք»:
Աննա Բաբաջանյան