«Ժողովուրդ» օրաթերթը հեղափոխության, նոր Հայաստանի եւ ապագայի հետ կապված հույսերի մասին զրուցել է դերասան Սոս Ջանիբեկյանի հետ:
-Սոս, Դուք հայտնիների շրջանում այն առաջիններից էիք, որը ժողովրդական շարժման ընթացքում բարձրացավ բեմ եւ այնտեղից շարժմանը միանալու կոչեր արեց, ոգեւորեց մարդկանց: Այն, ինչ ակնկալում էիք ունենալ նոր Հայաստանում, դրա ծիլերը այսօր տեսնո՞ւմ եք:
-Եթե խոսեմ անձնական սպասումներից, կնշանակի իմ էությամբ չեմ տեղափոխվել նոր Հայաստան, անկեղծ չեմ եղել, չեմ սկսել փոփոխությունն ինքս ինձնից: Իսկ նոր կառավարությունից, իհարկե, ունեմ սպասելիքներ միայն որպես ՀՀ քաղաքացի: Բայց քսան տարուց ավել մշուշոտ տարածության մեջ նոր բաներ կառուցելու համար պետք է կարողանալ մշուշը մաքրել: Հիմա այդ փուլն է:
-Որոշ կայքեր լուրեր տարածեցին, թե շարժմանը միանալու պատճառով Ձեզ աշխատանքից հեռացրել են: Եղե՞լ է նման բան, Ձեր առջեւ խոչընդոտներ դրվե՞լ են:
-Հիմա ոչ մի տեղ չեմ նկարահանվում, չեմ աշխատում. դա փաստ է, բայց նաեւ զուգադիպություն: Պարզապես հարմար հրավեր չի եղել: Դժվար թե քաղաքացիական դիրքորոշմանս պատճառով անգործ մնամ: Իհարկե, ասում են, որ նման դեպքեր մեր երկրում եղել են: Բայց ես դրանից չեմ վախենում: Եթե դու քեզ համարում ես ժողովրդինը եւ նման կրիտիկական պահին նրա կողքին չես, դա կեղծ եւ շինծու մոտեցում է: Ես՝ որպես դերասան, արժանացել եմ ճանաչման եւ սիրո այդ ժողովրդի կողմից, սա ավելի կարեւոր է, քան սեփական շահ հետապնդելը:
-Իսկ ինչպե՞ս որոշեցիք միանալ շարժմանը, մի փոքր կպատմե՞ք:
-Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկեցին, հասկացա, որ այլեւս չեմ կարող չմիանալ ժողովրդին, չեմ կարող հանդուրժել այդ բռնատիրությունը: 100 գրամ վիսկի խմեցի՝ խիզախության համար: Ժողովուրդն ինքը ուզեց, որ բեմ բարձրանամ: Ես նման մտադրություն չունեի: Երբ տնից դուրս եկա, տեսա, որ ցուցարարների մի մեծ հոսք գալիս է իմ կողմ: Դա ընդունեցի որպես նշան եւ միանգամից միացա ժողովրդին: Ի դեպ, ասեմ, որ նախկինում ցույցերի չեմ մասնակցել, որովհետեւ ինձ պատասխանատու եմ զգացել իմ ներկայությունից ոգեւորվող եւ հրապարակ գնացող քաղաքացիների համար: Բայց այս անգամ վստահ էի, որ գնալու եմ մինչեւ վերջ, նույնիսկ եթե վերջը լիներ վտանգավոր: Սկզբում միացել էի շարժմանը Փաշինյանին ազատ արձակելու պահանջով, բայց դեռ չէի պատկերացնում նրան երկրի ղեկավարի պաշտոնում: Հետո արդեն, երբ խորհրդարանում Փաշինյանի վարչապետության հարցն էր քննարկվում, հարցուպատասխանին հետեւելուց հետո հասկացա, որ որպես քաղաքացի ցանկանում եմ տեսնել նրան իմ վարչապետի պաշտոնում:
-Իսկ ի՞նչ կասեք ժողովրդի համար վճռորոշ պահին չեզոքություն ցուցաբերածների մասին: Արվեստի ոլորտից, շոու-բիզնեսից շատերն այսօր իրենց աշխատանքներն են ներկայացնում հանրությանը, բայց արժանանում են կա՛մ արհամարհանքի, կա՛մ հարձակումների: Ինչպե՞ս պետք է նրանք ապրեն այդպիսի Հայաստանում:
-Ես փողոցի դաստիարակություն եմ ստացել, եւ փողոցի տղայական կանոնների համաձայն՝ այդպիսիններին չեն ներում: Բայց այդ տարիքից դուրս եմ եկել, այդ կարծրատիպերը կոտրվել են: Հիմա կարծում եմ, որ լռելու համար ամեն մեկը գուցե իր պատճառն է ունեցել: Ժպիտով ու ներողամտությամբ վերաբերվենք նրանց: Կարեւորն այն է, որ հիմա տարածությունը մաքրվի անտաղանդներից, այն ճարպիկներից, որոնք, իրենցից ոչինչ չներկայացնելով, հասել են ինչ-ինչ հաջողությունների, դիրքի: Մարդիկ փորձել են ինքնադրսեւորվել եւ կայանալ ջունգլիի օրենքներով: Հիմա նոր օրենքներ պետք է ստեղծվեն: Իսկ չեզոքներից ով շնորհալի է, թող շնորհք ունենա հասկանալու նաեւ իր սխալը ժողովրդի հանդեպ, եւ վստահ եմ, որ ժողովուրդը ըմբռնումով կմոտենա նրան:
-Հետհեղափոխական Հայաստանում Ձեր ունեցած զգացողությունների մասին կպատմե՞ք:
-Հիմա զգում եմ, որ ես եմ տերը իմ երկրի: Իսկ նախկինում դու կարող էիր ամեն քայլափոխի վտանգ զգալ ինչ-որ պաշտոնյայի որդու պահվածքի համար, որին «պռախոդ» էին տվել: Հիմա դու կարող ես ասել. «Տղա ջա՛ն, սա իմ երկիրն էլ է, քեզ խելոք պահի՛ր»: Այդ տեր լինելը դրսեւորվում է ամենաչնչին մանրուքներում: Հիմա սիգարետը գետնին չես գցում, որովհետեւ քո երկիրը քոնն ես համարում: Այսինքն՝ ինքդ քեզնից ես սկսում փոփոխությունը՝ այդպիսով դառնալով օրինակ շատերի համար: Իսկ դա մեծ պատասխանատվություն է:
-Ձեր առաջնեկը կծնվի օգոստոսին: Նրա ապագան կապո՞ւմ եք Հայաստանի հետ:
-Իհարկե, հիմա ես գիտեմ, որ երեխայիս կարող եմ չդաստիարակել որպես խորամանկ, հարմարվող, շահամոլ մեկին, այլ որպես լավ մասնագետի եւ լավ մարդու: Եվ եթե սա այն Հայաստանն է, որի համար պայքարել ենք, ուրեմն նա անպայման կգտնի իր տեղը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՀԱՅԿՈՒՀԻ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ
«Ժողովրդական երգիչ 2-ի» հաղթող Հայկուհի Բաբախանյանը տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում եւ իր լսարանին նորություններ չի մատուցում: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ուր է կորել երգչուհին եւ ինչով է այժմ զբաղված: Պարզվեց՝ վերջին շրջանում նա ամբողջովին նվիրվել է ընտանիքին, մասնավորապես` երեխաների խնամքին.
«Հիմա շատ ավելի բարդ գործ եմ անում, քան երգելը կամ տեսահոլովակ նկարահանելը. բալիկներիս եմ պահում: Մեծը երեք տարեկան է, փոքրը՝ յոթ ամսական: Թող նրանք մի քիչ էլ մեծանան, ու ես կրկին կակտիվացնեմ գործունեությունս»,-ասաց Հայկուհին:
Ի դեպ, նա պատրաստվում է առաջիկա ամիսներին ներկայացնել նոր տեսահոլովակ: Աստղանուշ, Նազելի, Լեյլի, Երամ. հավանաբար այս աշուղներից մեկի ստեղծագործության հիման վրա էլ կնկարահանվի հոլովակը:
Հայկուհին պարբերաբար մասնակցում է համերգների, սակայն ոչ նախկին ակտիվությամբ եւ թափով. «Տարեսկզբին երեք համերգ ունեցա Միացյալ Նահանգներում: Դրանից հետո համերգով հանդես եկա Ռուսաստանում: Այնպես չէ, որ առհասարակ դադարեցրել եմ գործունեությունս»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե համարում է արդյոք իրեն շոուբիզնեսցի, Հայկուհին պատասխանեց, որ բիզնեսի տարրը արդեն ստիպում է, որ իրեն այդ ոլորտից չհամարի. «Մեր բնագավառի համար դա տեղին չէ»,-շեշտեց նա:
Հայկուհին հրավերներ ունի արտասահմանից, հուլիսին էլ ելույթ է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում` փերիահայ աշուղներին նվիրված համերգի շրջանակում:
Ամեն դեպքում, երգչուհին կարոտում է էկրանը. «Վատ չէր լինի, եթե հաճախակի երեւայի, բացի այդ՝ կարոտել եմ հեռուստատեսային դաշտի կոլեկտիվ աշխատանքը: Հնարավորության դեպքում կվերադառնամ»,-եզրափակեց նա:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՄԱՀԱՑԵԼ Է ՍՏԱՆԻՍԼԱՎ ԳՈՎՈՐՈՒԽԻՆԸ
Երեկ մահացել է հայտնի ռեժիսոր, ՌԴ պետդումայի պատգամավոր Ստանիսլավ Գովորուխինը: «Ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ «Բարվիխ» առողջարանում ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Ստանիսլավ Սերգեւեիչ Գովորուխինը: Նա հիվանդության դեմ մինչեւ վերջ պայքարեց, բայց այն նրան հաղթեց»,- ասել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են Գովորուխինի հիշատակը: Հիշեցնենք, որ Ստանիսլավ Գովորուխինը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ է, սցենարիստ, «Ուղղահայաց», «Հանդիպման վայրը չի կարելի փոխել», «XX դարի ծովահենները», «Կապիտան Գրանտի որոնումները», «Տասնեգրիկներ», «Վորոշիլովան հրաձիգ», «Օրհնեք կնոջը» եւ այլ ֆիլմերի ռեժիսորն է: Վերջինս քաղաքական կյանքին ակտիվ մասնակցություն է ունեցել` լինելով «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ: 2000թ. եղել է երկրի նախագահի թեկնածու:
ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
Հայաստանի ազգային հավաքականի եւ շվեդական «Յուրգորդեն»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատվել է: Ապաքինման համար կպահանջվի չորս ամիս: «Շնորհակալություն բժիշկ Մեդենլբաումին: Վիրահատությունը լավ է անցել, այժմ սկսվում է վերականգնողական փուլը: Առջեւում ծանր չորս ամիսներ են, բայց կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի 100 տոկոս պատրաստ լինեմ: Շնորհակալ եմ բոլորին բարեմաղթանքների համար: Ես կվերադառնամ»,- սոցցանցի իր էջում գրել է Յուրա Մովսիսյանը:
Նշենք, որ Յ. Մովսիսյանը վնասվածք էր ստացել մայիսի 17-ին Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի խաղում:
110 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
«Բարսելոնան» պատրաստվում է ձեռք բերել Ամստերդամի «Այաքս»-ի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգին եւ պաշտպան Մատեյս Դե Լիգտին: Հոլանդական ակումբը չի խոչընդոտի տրանսֆերներին: 21-ամյա Դե Յոնգի համար «Այաքս»-ը պահանջում է 50 միլիոն եվրո, 18-ամյա Դե Լիգտի համար` 60 միլիոն եվրո: