Սուրեն Մանուկյանն այդ երկուսի ընկերն է եւ ուզում է նրանց միջոցով թանգարանի տնօրեն նշանակվել. Հայկ Դեմոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ։ Նա նշել է, որ հունիսի 26-ի առավոտյան` ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իր բացակայելու հանգամանքից, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք են գործել իր առանձնասենյակ այն պահին, երբ հավաքարարը աշխատանքի ընթացքում սենյակի դուռը բաց է թողած եղել:

«Այս երկու հայախոս օրգանիզմները, ովքեր, ի դեպ, ՀՑԹԻ անձնակազմի միաձայն որոշումով` հրավիրվել էին թանգարան լրատվամիջոցների ներկայությամբ առկա խնդրահարույց հարցերը համատեղ քննարկելու համար, փոխանակ տեղեկանալու, թե ինչ խնդիրներ կան, բացահայտ ու անթաքույց հովանավորչություն դրսեւորելով, փորձել են անձնակազմի շրջանում ստահոդ լուրեր տարածել` հոխորտալով, թե իմ մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլեւս արգելված է»,- ասված է հայտարարությունում։ Հայկ Դեմոյանը, ով այժմ գտնվում է Վաշինգտոնում, պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին։

-Պարո՛ն Դեմոյան, Դուք նշել եք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում փորձել եք կապ հաստատել եւ հանդիպել ԿԳ նախարարի հետ Ձեր կարգավիճակի եւ թանգարանում առկա խնդիրները քննարկելու եւ նախորդ կառավարության որոշումների արդյունքում Ձեր խախտված իրավունքների վերականգման շուրջ լուծումներ գտնելու համար: Փոխարենը, Ձեր պնդմամբ, մերժում ստանալով` փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը սպառնացել է Ձեզ, թե ոստիկաններ կուղարկի Հայոց ցեղասպանության թանգարան Ձեր մուտքն այնտեղ արգելելու համար: Ձեր հայտարարությունում ո՞ւմ նկատի ունեք հովանավորյալ ասելով։

-Խոսքը Սուրեն Մանուկյանի մասին է (Նա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենն է-հեղ.)։ Նա այդ երկուսի ընկերն է եւ ուզում է նրանց միջոցով տնօրեն նշանակվել։ Նոր ղեկավարությունն ուզում է օր առաջ ազատվել ցանկացած մեկից, ով որեւէ կերպ կհիշեցնի «նախահեղափոխական» շրջանը։ Սա ակնհայտ, բայց միեւնույն ժամանակ վտանգավոր ռազմավարություն է։

-Ինչպե՞ս կարող էր Ձեր մուտքը թանգարան արգելվել։ Ի՞նչ հիմքով է դա տեղի ունեցել։

-Ինձ ասում են՝ դուք այլեւս թանգարանի աշխատող չեք։ Ցույց եմ տալիս գործուղման հրամանը, որը տրվել է Ակադեմիայի կողմից… Ոչ մի արձագանք։

-Ձեզ այդ մասին զգուշացում եղե՞լ է։

-Ոչ մի բան։ Զավեշտալին այն է, որ ԿԳՆ իրավաբանական վարչության պետը ասում է` երկու դրվագով Ձեր իրավունքները կոպտորեն խախտվել են՝ առաջին՝ անցյալ տարի հայտարարվել էր մրցույթ Ակադեմիայի կողմից։ Թանգարանի աշխատակազմը միաձայն ինձ առաջադրեց տնօրենի թեկնածու, սակայն Ակադեմիան, որն ուզում էր ինձանից ազատվել, այդպես էլ ընտրություններ չանցկացրեց, ինչը օրենքի կոպիտ խախտում է։

Իսկ երկրորդը՝ ես մեկնում եմ երկարատեւ գործուղման, Ակադեմիային տրվում է հրաման, որտեղ արձանագրված է՝ ուր եւ ինչ ծրագրով եմ մեկնում, ու հանկարծ 2017-ի դեկտեմբերին թանգարանը ՊՈԱԿ-ից դառնում է հիմնադրամ, ու նշանակվում է նոր ժամանակավոր պաշտոնակատար: ԿԳՆ իրավաբանը ասում է` խախտում կա, ի դեպ, ձայնագրված է խոսակցությունը, որը տեղի է ունեցել նախարարի աշխատակազմի ղեկավարի ներկայությամբ, իսկ ահա նախարարն ու տեղակալը գործում են այս ոճով…

-Եթե Ձեր նշած փաստարկները ճիշտ են, ենթադրում եմ, որ պետք է Ձեր իրավունքները պաշտպանեք օրենքի ուժով։ Ի՞նչ եք մտադիր ձեռնարկել։

-Հիմա ես Վաշինգտոնում եմ, վերադառնալու եմ հուլիսի 3-ին։ Մտադիր եմ գումարել համատեղ մամուլի ասուլիս` նախարարի ներկայությամբ, որպեսզի ԶԼՄ-ների ներկայությամբ ողջ փաթեթը եւ իրենց ով լինելը ներկայացնեմ:

Հավելենք, որ իր հայտարարության մեջ Հայկ Դեմոյանն անդրադարձել է նաեւ Հովհաննես Հովհաննիսյանի՝ ԿԳՆ պաշտոնական կայքէջում զետեղված կենսագրականին. «Պահանջում եմ, որ այս շաբաթվա ընթացքում գիտական հանրությանը ներկայացնես կենսագրականիդ մեջ հիշատակված «քառասունից ավելի գիտական հոդվածները»: Կրկնում եմ` առնվազն 41 հրապարակում, եւ բոլորը պարտադիր կերպով պետք է լինեն գիտական հոդվածներ: Այստեղ զոքանչի, բաջանաղի ու քենու անունով տպագրված ոչինչ չի անցում, տեղյակ ես, չէ՞… Փարատիր իմ կասկածներն առ այն, որ միտումնավոր կեղծ տվյալներ ես մատուցել բոլորիս»,- նշել է նա։

Թանգարան-ինստիտուտի տնօրենը խոսք է հղել նաեւ նախարար Արայիկ Հարությունյանին. «Արայի՛կ, իսկ դու մեկ էջի սահմաններում ներկայացրու քո հովանավորյալի հետ 1998 թ. Դամասկոսում չորս ամիս տեւած մերձեցման մանրամասնությունները, որպեսզի հանրության շրջանում մութ կետեր չմնան քո հովանավորչության ու կոռուպցիոն գործելաոճի մասով: Ի դեպ, նա հինգ ամիս շարունակ չի ներկայացել աշխատանքի, սակայն բացակա օրերի փոխարեն ստորագրելով աշխատավարձ է ստացել:

Այս կապակցությամբ առկա են երկու զեկուցագրեր, որոնք տրամադրվել են ԿԳՆ աշխատակազմի ղեկավարին, բայց որքան հասկանում եմ, դա քեզ չի հետաքրքրել թանգարան ներխուժելու ժամանակ… Հընթացս չէր խանգարի, որպեսզի ուշադրություն դարձնեիր անկատար հայերենիդ, քանզի գրական հայերենով ոչ մի ավարտուն միտք առայժմ չես արտաբերել…»,-ասված է հայտարարությունում։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Սուրեն Մանուկյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հ. Դեմոյանի հայտարարություններին, ասաց, որ նա անցյալ տարվա սեպտեմբերին` ԱՄՆ մեկնելուց հետո, այս տարվա հունիսի սկզբին վերադարձել է եւ, այլեւս չլինելով տնօրեն, զավթել է տնօրենի աշխատասենյակը, ինչ-որ նիստեր գումարել, անձնակազմի անունից ուղերձներ հղել: Նախարարին նաեւ տեղեկացրել են, որ Դեմոյանն այդ ընթացքում օգտագործել է տնօրենի համար նախատեսված ծառայողական ավտոմեքենան:

«Մենք այն ժամանակ, նաեւ հաշվի առնելով, որ դա ինստիտուտ է, թանգարան է, եւ աղմուկը դրա շուրջ ավելորդ է, նրան պարզապես զգուշացրել ենք, որ այն, ինչ որ անում է, հակաօրինական է, նախարարությունը եւ իշխանությունը բոլոր իրավունքները ունեն դիմելու իրավապահներին այդ հակաիրավական գործողություններին վերջ տալու համար»,- ասաց Ա. Հարությունյանը: Հավելեց, որ իրավապահներին դիմելու է մեկ այլ խնդրով եւս. տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Վարդանյանն, ըստ նրա, տեղեկացրել է, որ Հ. Դեմոյանը տարբեր միջոցներով իր վրա ճնշումներ է գործադրել, որպեսզի ինքը հրաժարականի դիմում ներկայացնի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ




Լրահոս