Գյումրու քաղաքապետարանում 1 մլն 678 հազար դրամի տորթ են կերել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․  «Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը պետական միջոցներով գնել է 240 հատ տորթ` մեծ, միջին եւ փոքր: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 34 հատ 40 սմ երկարությամբ եւ լայնությամբ մեծ տորթի համար ծախսվել է 374 հազար դրամ, 100 հատ 30 սմ երկարությամբ եւ լայնությամբ միջին տորթի համար` 880 հազար դրամ, իսկ ահա 106 հատ 23 սմ երկարությամբ, լայնությամբ փոքր տորթին` 424 հազար դրամ: Այսինքն` տորթերի համար քաղաքապետարանի աշխատակազմը ծախսել է 1 մլն 678 հազար դրամ: Նշենք, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին է պատկանում Գյումրիի՝ «Անուշարան» անվանումով հրուշակեղենի գործարանը: Նաեւ հիշեցնենք, որ ՊԵԿ-ը բացահայտել էր, որ քաղաքապետի ընտանիքին պատկանող Գյումրիի գարեջրի գործարանը մի քանի միլիոն դրամ հարկ չի վճարել»:

Ավելի ուշ Գյումրու քաղաքապետարանից պարզաբանում ուղարկեցին, որը ներկայացնում ենք ստորև.

«Ավանդույթի համաձայն, ավագանու որոշմամբ, Գյումրու քաղաքապետարանը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ձեռք է բերել տորթեր և բաժանել Գյումրիում գործող կառույցներին (հանրակրթական դպրոցներ, մշակութային օջախներ, բուհեր, բուժհաստատություններ և այլն)՝ այդ կերպ շնորհավորելով կառույցների կին աշխատակիցներին:

Նախապես հայտարարված մրցույթով Գյումրու քաղաքապետարանը ձեռք է բերել 3 չափի տորթեր՝  մեծ, միջին և փոքր: Հարկ է նշել, որ տորթերի բաժանման ընթացքում հաշվի է առնվել կառույցների աշխատակիցների թվաքանակը:

Տորթերի ձեռք բերման համար նախապես հայտարարված մրցութին մասնացել են երեք կազմակերպություններ, որոնցից հաղթող են ճանաչվել երկուսը՝ «ԿԱՌՈԼ» ՍՊԸ  և «Լ.Ա.Ռ. ԳՐՈՒՊ» ՍՊԸ: Ըստ նախհաշվային արժեքի՝ մեծ տորթերի համար առաջարկվել էր 14 000 դրամ (մեծ), 12 000 դրամ (միջին) և 4000 դրամ (փոքր) գնային սանդղակը:  «ԿԱՌՈԼ» ՍՊԸ –ն մեծ և միջին չափի տորթերի մատակարարման համար առաջարկել է 11 000 և 8800 դրամ արժեք, որով և հաղթել է մրցույթը, իսկ «Լ.Ա.Ռ. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն առաջարկել է 4000 դրամ՝ փոքր տորթերի մատակարարման համար և նույն այդ արժեքով հաղթել մրցույթը:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ gnumner.am կայքում, անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել այն ցանկը, համաձայն որի բաժանվել են տորթերը»:




Լրահոս