Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` հունիսի 25-ին Բաքվում ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միշտ եղել է կառուցողական եւ ճիշտ: Հնչեցված տեսակետի եւ ԼՂ խնդրին վերաբերող այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ:
-Պարո՛ն Զատուլին, ինչպե՞ս եք վերաբերվում պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի` Բաքվում հնչեցրած տեսակետին, այն է` Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միշտ եղել է կառուցողական եւ ճիշտ:
-Դուք միտքը մինչեւ վերջ չեք ցիտում: Դրանից հետո ինքն ասաց, որ ճիշտ չէ ռազմական գործողությունների վերաբերյալ շահարկումներ անել, ստատուս-քվոյի խախտմանը տանել, նա խաղաղության կողմնակից է եւ այլն: Ես ներկա չեմ եղել այդ հարցազրույցին, չեմ մասնակցել այդ գործուղմանը դեպի Ադրբեջան: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներում տարածվում են պարոն Վոլոդինի այս խոսքերը` հղում կատարելով ադրբեջանական աղբյուրներին: Բայց, չգիտես` ինչու, ամբողջությամբ ներկայացված չէ պետդումայի խոսնակի խոսքը: Ես չգիտեմ, թե ինչու է խոսնակն այդպես ձեւակերպել իր պատասխանի առաջին մասը, բայց ես լիովին համամիտ եմ նրա հետ այն հարցում, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ռազմական ճանապարհը բացարձակապես անընդունելի է:
-Իսկ ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը Դուք ինչպե՞ս եք գնահատում:
-Ես պատրաստ չեմ հիմա Հայաստանի դիրքորոշման շուրջ արտահայտվել, նաեւ Ադրբեջանի: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ տեսակետները կարեւոր են, բայց առավել կարեւոր են կոնկրետ քայլերը եւ պրակտիկան: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը կոպիտ ձեւով խախտել է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը: Դա խախտվել է նաեւ նախկինում, ի դեպ, երկու կողմերի կողմից: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումներին, բանն այն է, որ կոնֆլիկտի կարգավորման ճանապարհը գնում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման եւ Ղարաբաղի սահմաններից դուրս գտնվող տարածքների վերադարձի անհրաժեշտության հիմքի վրա: Իսկ այդ տարածքներն այժմ Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կողմից են վերահսկվում, կամ ինչպես նման դեպքերում Ադրբեջանում են սիրում ասել, հայկական զինված ուժերի կողմից: Իսկ Ղարաբաղից դուրս գտնվող տարածքի` Լաչինի կամ Քելբաջարի միջանցքի դեպքում դա,միանշանակ, առանձին հարց է, որը պետք է առանձին քննարկել: Բայց, ընդհանուր առմամբ, այդ շրջանները պետք է վերադարձվեն, բայց, անշուշտ, դա պետք է լինի պայմանավորվածությամբ, որ դրա դիմաց փոխհատուցում պետք է լինի: Այսինքն, պահանջել այդ շրջանների վերադարձն առանց ԼՂ ինքնորոշման երաշխիքի կամ, մյուս կողմից, պահանջել ԼՂ ինքնորոշում եւ դրա հետ մեկտեղ համարել, որ այն, ինչ ջուրն է ընկել, կորել է եւ այն տարածքները, որ ռազմական գործողությունների արդյունքում գրավվել են, երբեք չեն վերադարձվի, եթե այս սկզբունքն այս կամ այն կողմից խախտվում է, ապա կոնֆլիկտն ուղղակի պահպանվում է: Իսկ այն դեպքում, եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, դրա համար, իհարկե, պահանջվում է քաղաքական տղամարդկություն ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ քաղաքական էլիտաների կողմից: Պահանջվում է նաեւ Մինսկի խմբի միջնորդների կարծիքների միասնականություն: Ինձ անգամ թվում էր, որ գուցե իրենք պետք է նախաձեռնողականություն դրսեւորեն եւ թելադրեն իրենց տեսակետը, որպեսզի այդպիսի որոշման անգամ ամենառադիկալ քննադատները հայաստանյան կամ ադրբեջանական կողմից ստիպված լինեին ասելու` այո՛, մենք ավելին էինք ուզում, բայց մենք չենք կարող տվյալ դեպքում ամբողջ աշխարհին, միջնորդներին դեմ գնալ եւ ստիպված ենք ընդունել այդ վճիռը: Այսինքն` մենք ուզում էինք կռվել, բայց մեզ չեն թողնում: Այ սա, իմ կարծիքով, հարցի լուծման ճիշտ տարբերակ կլիներ: Բայց, ցավոք, դա այժմ հիպոթետիկ է հնչում, չնայած այն մշտապես սեղանի վրա է, բոլորի համար ակնհայտ է, բայց նման որոշման դեմ շատ չարախոսներ կան:
-Ռուսաստանը շարունակո՞ւմ է զենք վաճառել Ադրբեջանին: Վերջին շրջանում վաճառքի նոր պայմանագիր կնքվե՞լ է:
-Ինձ նման պայմանագրի մասին ոչինչ հայտնի չէ: Ես ընդհանրապես չեմ հանդիսանում չինովնիկ, ով զբաղվում է զենքի գնմամբ կամ վաճառքով, բայց ներկայում ինձ հայտնի չէ Ադրբեջան ուղարկվող զենքի մասին տեղեկություն: Կարծում եմ` ընդհանուր առմամբ, 2016 թ. ամբողջ կատարվածից հետո այդ հարցը վերանայվել է:
ՄԱԼԻՇԿԱՅԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՄԵԾԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ
Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը կասկածվում է խոշոր չափերի գումար յուրացնելու մեջ:
Հունիսի 26-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Եղեգնաձորի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարն անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` կնոջը եւ երկու որդիներին ձեւակերպել է Մալիշկայի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցում որպես մարզիչներ: Ու թեեւ կինն ու որդիները փաստացի չեն հաճախում աշխատանքի, սակայն ամսական ընդհանուր առմամբ 800-900.000 դրամ գումար են ստանում որպես աշխատավարձ: Պարզվել է նաեւ, որ 2017-2018 թթ. Մալիշկայի համայնքապետարանի ընթացիկ նորոգման եւ պահպանման համար դուրս է գրվել շուրջ 29 մլն դրամ: Սակայն իրականում աշխատանքները կատարվել են մասնակի, ինչի արդյունքում Մալիշկայի համայնքապետի կողմից յուրացվել են խոշոր գումարներ: Ներկայում կատարվում է քննություն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ Մհեր Մովսիսյանից` ոստիկանության տարածած հաղորդագրության շուրջ:
-Պարո՛ն Մովսիսյան, ոստիկանությունը Ձեզ կասկածում է խոշոր չափի գումարների յուրացման մեջ: Հիմա Դուք կարո՞ղ եք ներկայացնել իրականությունը. դա առկա՞ է, թե՞ ոչ: Դուք Ձեր կնոջն ու որդիներին գրանցել եք մարզադպրոցում, որպեսզի նրանք, այնտեղ չհաճախելով, բարձր աշխատավա՞րձ ստանան:
-Տենց բան գոյություն չունի: Ես էլ զբաղված եմ հիմա:
-Բայց այժմ ոստիկանությունը Ձեզ կասկածում է չարաշահումների մեջ:
-Տենց բան գոյություն չունի, ասում եմ:
-Այսինքն` Դուք չե՞ք գրանցել Ձեր կնոջը եւ որդիներին որպես մարզիչներ:
-Գրանցել եմ, չեմ գրանցել, դա օրինական է:
-Օրինական գրանցել եք, փաստորեն,եւ իրենք բարձր աշխատավարձ են ստանում:
-Լավ, ես արդեն ժամանակ չունեմ:
Այս ասելով` համայնքապետն անջատեց հեռախոսը:
Նշենք, որ ՀՀԿ անդամ Մհեր Մովսիսյանը գյուղապետի պաշտոնում է 2002 թվականից ի վեր: Հեղափոխության օրերին համայնքի երիտասարդությունն ընդվզել էր գյուղապետի դեմ եւ 26 կետից բաղկացած հայտարարություն կազմել, որտեղ նշված էր Մովսիսյանի չկատարած աշխատանքների, ինչպես նաեւ ապօրինությունների մասին: Այդ ժամանակ էլ գյուղապետ Մովսիսյանը հերքել էր այդ հրապարակումները` նշելով, թե եթե իր համայնքի բնակիչներն իրենից դժգոհ լինեն, ինքը ոչ միայն գյուղից, այլեւ երկրից կհեռանա:
Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ԿՐԿԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ
Կառավարության այսօրվա նիստում եւս մեկ անգամ արտոնություն կտրվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող «ՎԱԲԱ» ընկերությանը: Նախ հիշեցնենք, որ նման արտոնություն «ՎԱԲԱ» ընկերությունը ստացել էր նաեւ կառավարության նախորդ նիստում: Իսկ այսօրվա նիստում տրվելիք արտոնությունը վերաբերում է մաքսատուրքերին: Մասնավորապես, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից: Ի դեպ, իսկ պատկերացնո՞ւմ էիք՝ ՀՀԿ իշխանության օրոք ընդդիմադիր որեւէ մեկը բիզնես ունենար, ավելին՝ կառավարությունն էլ արտոնություններ տար: Իհարկե, ո՛չ: Իսկ հիմա ՀՀԿ-ն իրեն ընդդիմադիր է հռչակել, բայց օգտվում է արտոնություններից:
ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԵԼ ԵՆ
Հուլիսի 1-ից վարորդների համար Հայաստանից դեպի Վրաստանի Հանրապետություն մուտք գործելու նոր կանոններ կգործեն: Վրաստանում կարգելվի ուրիշի ավտոմեքենան առանց համապատասխան լիազորագրի վարելը: Ընդ որում, այն կարգելվի ոչ միայն վրաստանցիներին, այլեւ օտարերկրյա քաղաքացիներին: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այն վարորդները, որոնք մտադիր են Վրաստան մեկնել ուրիշի ավտոմեքենայով, պարտադիր պետք է իրենց հետ ունենան տվյալ մեքենայի սեփականատիրոջ լիազորագիրը, որտեղ նշված կլինի, որ ինքը իր մեքենան վստահում է վարորդին: Այն պետք է անգլերենով գրված լինի, եւ հնարավոր է ձեռք բերել նոտարական գրասենյակից: Սակայն այս արգելքը խիստ զայրացրել է հայաստանցի վարորդներին, քանի որ այդ պատճառով իրենք ստիպված են լինելու ավելորդ թղթատարություն անել:
ՋՈՒՐ ԿԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԻ
«Ավշար ջուր» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել հանքային ջրի արդյունահանման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն: Ավելին` ընկերությունը ԲՆ-ի կողմից ստացել է դրական եզրակացություն: Սակայն նկատենք, որ դրական եզրակացությունը նշված ընկերությունը ստացել է այս տարեսկզբին: Եւ զարմանալի չէ, քանի որ ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթը պետական ռեգիստրից տեղեկացավ, որ ընկերությունը ստեղծվել է անցած տարվա օգոստոսի 28-ին, իսկ հիմնադիրը նույն ինքը Արայիկ Գրիգորյանն է: Նշենք, որ Վեդու հանքային ջրերի հանքավայրը գտնվում է Արարատի մարզում` Վեդիից 2-3 կմ հեռավորության վրա` «Բորոտաղբյուր» կիրճում: Ըստ ԲՆ-ի` հանքային ջրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումները իրականացվել են Դաշտաքար գյուղում, բնակիչները եւ համայնքի ղեկավարությունը տվել են իրենց համաձայնությունը: