Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ հայտնել է, որ նախկին նախագահին 2008թ. Մարտի 1-ի գործով հարցաքննության հրավիրելու ՀՔԾ ծանուցումը ստացվել է, նա պատրաստ է ներկայանալ եւ չունի որեւէ մտավախություն: Ավելին` Սողոմոնյանը պնդել է, թե Քոչարյանը մարտ 1-ին Սահմանադրություն չի խախտել: Ինչեւէ, Մարտի 1-ի գործի վերաբերյալ ,Ժողովուրդե օրաթերթը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ:
-Պարո՛ն Զուրաբյան, ՀԱԿ-ը պատրաստակամություն էր հայտնել փաստեր տրամադրել Մարտի 1-ի գործով: Արդյո՞ք ՀՔԾ-ն դիմել է Ձեզ այդ հարցով:
-Մենք արեցինք հայտարարություն` ողջունելով ՀՔԾ-ին` Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ ջանքերի եւ արդյունքների համար: Եվ, բնականաբար, առաջարկեցինք մեր աջակցությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ էության, ՀԱԿ-ն է եղել Մարտի 1-յան ոճրագործության գլխավոր թիրախը: Թեեւ, իհարկե, ոճրագործությունն իրականում վերաբերում էր ամբողջ ժողովրդին, քանի որ դրա հիմքում ժողովրդի կամարտահայտության մերժումն էր: Մարտի 1-ի ոճրագործներն ինչ ասացին ժողովրդին. Դուք իրավունք չունեք ընտրելու Ձեր իշխանությունը, ում էլ ընտրեք` մենք մնալու ենք իշխանության գլուխ, իսկ չհամաձայնողներին բռնի ուժով կլռեցնենք, պետք լինի` մարդ էլ կսպանենք, կհետապնդենք: Եվ ՀԱԿ-ը դարձավ այս հալածանքների ու հետապնդումների գլխավոր թիրախը: Այս ընթացքում մենք կուտակել ենք բազմաթիվ փաստաթղթեր: Մենք մի տեղ էինք հավաքում բոլոր տեսանյութերը, ֆոտոնյութերը: Ի վերջո, մեր եւ Եվրախորհրդի ճնշման ներքո ստեղծվեց փաստահավաք խումբը, որն անցկացրեց շատ լուրջ քննություն: Ընդ որում` Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի կողմից հրապարակվել է 5 զեկույց, որոնք բավական լուրջ բացահայտումներ են պարունակում: Այդ ընթացքում եղել են նաեւ հարցաքննություններ հնարավոր կասկածյալների հետ: Եվ այդ բոլոր հարցաքննությունների տեսաձայնագրությունները մենք ունենք: Այն իշխանություններին մենք չէինք էլ վստահում. վստահ էինք, որ նրանք զբաղված էին գործի կոծկմամբ: Բայց հիմա մենք տեսնում ենք, որ արդեն շատ լուրջ ջանք է գործադրվում:
-Այժմ ռեալ շանսեր տեսնո՞ւմ եք, որ Մարտի 1-ի դեպքերը կբացահայտվեն:
-Արդեն հստակ դրված է որպես մեղադրանք այն, ինչի մասին մենք միշտ խոսել ենք. որոշ անձանց` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մնացածների կողմից տեղի է ունեցել իշխանության բռնազավթում եւ սահմանադրական կարգի տապալում: Առաջին անգամ է, որ ՀՔԾ-ն այս տեսակետն ընդունեց որպես գլխավոր մեղադրանք այդ մարդկանց նկատմամբ: Սահմանադրական կարգի տապալման գործընթացում, քաղաքական գործընթացներում ապօրինաբար ներառվել է բանակը, փաստ, որն ուղղակիորեն արգելված էր այդ պահին գործող սահմանադրությամբ: Եղել է հայտնի 0038 հրամանագիրը, որը նույնպես Կոնգրեսն է հայթայթել եւ ներկայացրել փաստահավաք խմբին: Քանի որ այդ հրամանագիրը ստորագրել է այն ժամանակվա Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, բնական է, որ ՀՔԾ-ն մեղադրանքը պետք է իր դեմ հարուցեր: Հասկանալի է, որ դրա ետեւում կանգնած են Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը: Ինձ համար որեւէ կասկած չկա, որ այդ հրամանը եւ կատարված մյուս միջոցառումներն ուղղակի Սահմանադրության խախտում են: Որ այդ հրամանը կարող էր տալ միայն Ռոբերտ Քոչարյանը, փաստահավաք խմբի հարցաքննություններից մեկում խոստովանել է Միքայել Հարությունյանը: Նա ասել է.«Ինձ ինչու եք հարցնում սահմանադրականության մասին, հարցրեք գերագույն գլխավոր հրամանատարին: Ինքը` մեղավորը, իր խոսնակի միջոցով փոխանցում է, որ 0038 հրամանագիրը քանի որ բանակի ներքին փաստաթուղթ է, իր հետ առնչություն չունի»: Եթե մի րոպեով ընդունենք Քոչարյանի մատուցած տարբերակը, ստացվում է, որ առանց ՀՀ նախագահի իմացության բանակը դա կատարել է երկրում, բայց այդ գաղտնի հրամանագրի մասին Քոչարյանը ոչինչ չի իմացել` հերիք չէ, հետո էլ չի իմացել` ինչ է կատարվել երկրում: Դա ուղղակի ծիծաղելի է: Բայց ակնհայտ է, որ փորձում են պատասխանատվությունն իրար վրա գցել:
-Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կոչ է արել կարդալ Սահմանադրությունը եւ վստահեցրել է, որ այն ժամանակ Սահմանադրության խախտում տեղի չի ունեցել:
-Նրան թվում է, թե մեղադրանքները հնչեցվել են մարդկանց կողմից, ովքեր Սահմանադրություն չեն կարդացել: Միայն մեկ դեպք կարող էր լինել ռազմական դրություն կիրառելու` եթե արտաքին թշնամիների հարձակում լիներ: Բայց ռազմական դրություն չի հայտարարվել, այլ արտակարգ դրություն, եւ այդ պայմաններում բանակը չէր կարող կիրառվել: Ես խորհուրդ կտայի այդ խորհուրդ տվողին ավելի ուշադիր կարդալ Սահմանադրությունը:
-Խոսնակը նշել է, որ Քոչարյանը որեւէ անհանգստության առիթ չունի, եւ այս տարիներին վայրահաչոցներ են եղել իր նկատմամբ մի գործի առնչությամբ, որի հետ նա կապ չունի: Հիմա, ըստ Ձեզ, ունի՞ Քոչարյանն անհանգստության առիթ:
-Ես չեմ կարծում, որ մեզ պետք է հետաքրքրեն Ռ. Քոչարյանի հոգեբանական տվայտանքները: Չի անհանգստանում, ավելի լավ: Մեզ չի հետաքրքրում իր անհանգստանալ, չանհանգստանալը: Մեզ հետաքրքրում է արդարադատությունը: Եվ այդ տրամադրությունները համարում եմ սխալ, երբ ասում են` կախել, քառատել: Մեզ հետաքրքրում է օրենքի վերականգնումը, այնպիսի արդարադատության մատուցումը, որը դաս կլինի հայաստանյան քաղաքական վերնախավի եւ բոլոր սերունդների համար: Դաս առ այն, որ սեփական ժողովրդի վրա չի կարելի կրակել:
-Բացի Ռ. Քոչարյանից, ըստ Ձեզ` էլ ովքե՞ր պետք է կանչվեն հարցաքննության:
-Շատ փաստեր կան. խոսում են զինված խմբերի, կառավարության շենքում հատուկ շտաբի կազմակերպման մասին: Եթե ՀՔԾ-ն չունի փաստեր, մենք իրենց կարող ենք տրամադրել: Գլխավոր ուղղությունն արդեն ճիշտ է վերցված, մենք չենք ցանկանում անուն առ անուն ասել` սրան դատեք, նրան դատեք:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան