ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ի՞նչ խորհուրդ ունի խաղողօրհնեքի տոնը:
Ալիսա Բադալյան (29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին` պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ գոհանում ենք բարերար Աստծուց մեզ պարգեւած բերքի համար եւ խնդրում, որպեսզի Նա օրհնի տաճարին ընծայված խաղողի այս պտուղներն Իր սկզբնական օրհնությամբ եւ շնորհի մեզ որպես գինի ուրախության եւ կերակուր առողջության հոգու եւ մարմնի: Միաժամանակ դիմում ենք սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի եւ անմահության Պտուղը` Հիսուս Քրիստոս: Վերափոխման տոնի օրը` Ս. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ, եւ ապա օրհնված ողկույզները բաժանվում է ժողովրդին:
Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ խաղողը հարկ է կրկնակի օրհնության արժանացել` օրհնելով ե՛ւ առաջին արարչության ժամանակ, ե՛ւ երկրորդ, որպեսզի այդ մասնավոր ընծայով բոլոր պտուղները օրհնություն ընդունեն: