Ինչպես հայտնի է` Արփի լիճն ապահովում է Շիրակի մարզի ցանքատարածությունների ոռոգման ջրային ծավալի 90 տոկոսը։ Դրանից զատ` Արփի լճից դոտացիոն կարգով ջուր է բաց թողնվում մարզի այլ ջրամբարներ եւս:
«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այս թեմային: Մենք գրել էինք, որ Շիրակի մարզում «ջրային իշխանությունը» «Շիրակ» ՋՕԸ-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանի ձեռքում է: Խոսքը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր մասին է: Հիշեցնենք` նույն Ռուստամ Գրիգորյանը «Շիրակ» ՋՕԸ տնօրեն է նշանակվել ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավար Արսեն Հարությունյանի շնորհիվ: Բանն այն է, որ նրանք միասին աշխատել են գազամատակարարման ներտնային ծառայությունների սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությունում։
Սակայն տեւական ժամանակ է, ինչ տեսակետ է շրջանառվում այն մասին, որ Գրիգորյանը երբ ցանկանում է, դեպի Ախուրյան գետ տանող շլյուզները փակում է, երբ մտքին կա` բացում։ Բացի այս` տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ Կառնուտի ջրամբար այս ընթացքում նախատեսվածից ավելի քանակությամբ ջուր է բաց թողնվում, որը հետագայում ինչ-ինչ ճանապարհներով «վաճառվում է»: Սա բնականաբար չի վերահսկվում, եւ այդպես էլ անհայտ է մնում, թե որտեղ են կորչում այդ ջրերը:
«Ժողովուրդ» օրաթերթը որոշեց փոքրիկ հետազոտություն անցկացնել, ինչի արդյունքում ականատես եղանք խայտառակ պատկերի: Այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն` խնդրելով տվյալներ տրամադրել, թե «Արփի լիճ ազգային պարկ ՊՈԱԿ»-ը Արփի լճից որքան ջրբացթողում է իրականացրել` հուլիսի 9-13 պայմանական վերցրած ժամանակահատվածում: Ստացանք հետեւյալ պատասխանը. «2018թ. հուլիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում «Արփի լիճ» ջրամբարից բաց է թողնվել 5 խմ/վրկ ջրաքանակ»:
Ապա գրավոր հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե: Այս դեպքում ջրպետկոմիտեից հետաքրքրվել ենք, թե «Շիրակ ջրանցք»-ով եւ Աջափնյակ ջրանցքով ջրօգտագործման որքա՞ն հայտ է ներկայացվել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից:
Ջրպետկոմից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին հետեւյալը. «Շիրակ» ՋՕԸ-ն. «Հուլիսի 9-13 ընկած ժամանակահատվածում, համաձայն տարածաշրջանը սպասարկող «Շիրակ» ՋՕԸ-ի տված տեղեկության, նշված ժամանակահատվածում Շիրակ ջրանցքով ջրտուքը եղել է շուրջ 214 հազար խմ 380 ջրօգտագործողների ջրամատակարարման հայտերի հիման վրա: Իսկ Աջափնյակ ջրանցքով` շուրջ 61 հազար 800 խմ` 73 ջրօգտագործողների ջրամատակարարման հայտերի հիման վրա»:
Այսինքն` ըստ ջրային տնտեսության պետական կոմիտեի (որին այս տվյալները տրամադրել է «Շիրակ» ՋՕԸ-ն)` Արփի լճից բաց է թողնվել 275 հազար 800 խ/մ ջուր (214 հազար խմ-ին գումարել ենք 61 հազար 800 խմ-ն):
Իսկ ահա ԲՆ-ից մեզ տրված տվյալներով` Արփի լճից բաց է թողնվել վայրկյանում 5 խմ ջրաքանակ: Եւ որպեսզի հասկանանք, թե հինգ օրվա ընթացքում որքան ջրաքանակ է բաց թողնվել Արփի լճից հուլիսի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, վայրկյանում 5 խմ-ը բազմապատկում ենք մեկ րոպեով` 60-ով, եւ ստանում ենք 300, իսկ ահա մեկ ժամում ջրի բացթողումը կկազմի 18 հազար խմ, օրական` 432 հազար խմ: «Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկների արդյունքում պարզեց, որ ընդհանուր 5 օրերի ընթացքում բաց է թողնվել 2 մլն 160 հազար խմ ջրաքանակ:
Իսկ եթե 2 մլն 160 հազար խմ-ից հանենք «Շիրակ» ՋՕԸ-ի տված թիվը` 275 հազար 800 խմ, ապա կստացվի, որ 1 մլն 884 հազար 200 խմ ջրաքանակը, ուղղակի անհասկանալի է, թե որտեղ է կամ ում ձեռքով է «կորչում»:
Ինչպես հայտնի է` հողագործների համար ջուրը գին ունի. 1 խմ ոռոգման ջուրն արժի 11 դրամ: Եթե «անհետ կորած» 1 մլն 884 հազար 200 խմ ջուրը բազմապատկենք 11 դրամով, ապա կստանանք 20 մլն 726 հազար 200 դրամ: Եւ սա 5 օրերի ընթացքում: Չհաշված այն հանգամանքը, որ Ախուրյան գետում, որպես կանոն, առնվազն լինում է մոտ 2.5 խ/մ ջուր: Աստծուն է հայտնի, թե ամսվա մեջ քանի շուրջ 20.7 մլն դրամ է այսպես «գրպանվում»: Համաձայնեք, որ խոսքը ահռելի գումարների մասին է: Հուսանք, որ այս թվերով կզբաղվեն իրավապահ մարմինները:
Այս դեպքում արդեն «Շիրակ» ՋՕԸ-ի ղեկավարությունը չի կարող իր չարաշահումներն արդարացնել ՀԷԿ-երին տրամադրվող ջրի փաստարկներով: Քանի որ նշված տարածաշրջանում ՀԷԿ-երի սեփականատերերն անընդհատ բողոքում են, որ իրենք «Շիրակ ՋՕԸ»-ի հետ գտնվում են դատական քաշքշուկների մեջ: Հաշվի առնելով սա` ջրային բացթողումներով զբաղվող ընկերության համար շատ դժվար կլինի արդարանալ, թե ինչ է եղել նշված ահռելի միլիոնների հասնող խմ ջուրը:
Առավել եւս, երբ ջուրը ոչ թե ինչ-որ մեկի, այլ հանրային հարստություն է, ու չպետք է` ով ինչպես ցանկանա, այնպես էլ կառավարի: Ստացվում է, որ մի դեպքում պետությունն աղքատ գյուղացուն պարտադրում է վճարել ջրի դիմաց, մյուս դեպքում որոշ պաշտոնյաներ ստանալով ջրի դիմաց վճարները` սեփական նպատկներին են ծառայեցնում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադառնում է այս թեմային` հույս ունենալով, որ կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված պաշտոնյաները կզսպեն իրենց ախորժակը։ Սակայն կարծես թե փողի գայթակղությունը մարդկանց վերջնականապես կուրացրել է։
Սյունէ Համբարձումյան