ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օգոստոսի 17-ին հնչեցրած մտքերը շարունակում են ակտիվ քննարկվել: Խոսքն անցումային արդարադատության մասին է, որի դրական եւ բացասական կողմերի մասին քննարկումները չեն դադարում:
«Ես չափազանց կարեւոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք եւ որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ, որովհետեւ անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությունը, այլեւ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ. օրինակ՝ ապօրինի հարստացման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2017թ. հունիսի 1-ից, երբ ֆորմալ առումով 2017-ի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել», – հանրահավաքի ժամանակ նշել էր Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը կփորձի ամբողջապես ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում անցումային արդարադատությունը, եւ որ դեպքերում է այն կիրառվում: Նախ նշենք, որ անցումային արդարադատությունը դատական եւ ոչ դատական, ֆորմալ եւ ոչ ֆորմալ, պատժողական եւ վերականգնող միջոցառումների համալիր է, որը կիրառվում է այն երկրներում, որոնք դուրս են գալիս ռազմական բնույթ ունեցող կոնֆլիկտային իրավիճակից կամ ռեպրեսիվ ռեժիմից` առաջացած հսկայածավալ վնասը հատուցելու եւ խաղաղություն ու համերաշխություն հաստատելու նպատակով: Առհասարակ անցումային արդարադատություն կիրառելու անհրաժեշտություն առաջանում է այն երկրներում, որտեղ ճնշումների եւ կոնֆլիկտային իրավիճակների արդյունքում մարդու իրավունքների բազմաթիվ եւ պարբերաբար կրկնվող խախտումներն այնքան լուրջ են եւ մեծաթիվ, որ արդարադատության սովորական համակարգը ի զորու չէ ապահովել համարժեք լուծումներ: Հարկ է նշել, որ նման խախտումները պետք է ոտնձգեն մարդկանց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների դեմ:
Անցումային արդարադատության նպատակները կարող են բազմաթիվ լինել՝ կախված իրավիճակից, սակայն հիմնական նպատակը այն է, որ հարգվի առանձին անձանց արժանապատվության իրավունքը, վերացվեն անձանց իրավունքների խախտումները եւ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկվեն` դրանց հետագա կրկնությունը բացառելու համար:
Պատահական չէ, որ օրերս «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն էր տարածել եւ անդրադառնալով անցումային արդարադատության անհրաժեշտությանը` որպես օրինակ մատնանշել. «Հայաստանն առաջին երկիրը չէ, որը, բռնապետությունից անցնելով ժողովրդավարության, բախվում է մարդու իրավունքների համատարած խախտումների եւ հալածանքների հետեւանքով առաջացած խնդիրները լուծելու եւ արդարությունը վերականգնելու հրամայականին: Հունաստանում 1975-ից հետո, Արգենտինայում` 1983թ., Հարավային Աֆրիկայում` 1995թ., Չիլիում` 1990-ին, անցկացվել են նման գործընթացներ, որոնք միջազգային պրակտիկայում հայտնի են անցումային արդարադատություն անվամբ: Այդ երկրներում, մասնավորապես, խնդիրը լուծելու նպատակով ստեղծվել են, այսպես կոչված, ճշմարտության եւ հաշտության պետական հանձնաժողովներ»:
Մյուս կողմից, իհարկե, անցումային արդարադատությունը միշտ չէ, որ ապահովում է բոլոր խնդիրների լուծումը հետբախումային իրավիճակներում, եւ այն կարող է մի շարք խոչընդոտների բախվել՝ կապված երկրի ներքին կամ միջազգային իրավիճակի հետ:
Եվ այս առումով կարծիքները տարբեր են, կան նաեւ մարդիկ, ովքեր դեռեւս չեն շտապում արտահայտել իրենց կարծիքը: Օրինակ` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, թե ինքն այս պահին զերծ կմնա որեւէ կարծիք հայտնելուց եւ այն կներկայացնի միայն Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքից հետո: Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արդեն անդրադարձել է անցումային արդարադատության գաղափարին, սակայն խոստացել է այդ մասին հետագայում ավելի ծավալուն խոսել: Եվ ահա Դավիթ Հարությունյանը սպասում է հենց նրա այդ ծավալուն խոսքին:
Արման Թաթոյանն իր խոսքում եւս ընդգծել է, որ անցումային արդարադատության մարմիններ սովորաբար ձեւավորվում են այն երկրներում, որտեղ հանցագործությունների, այդ թվում՝ զինված բախումների ու նման այլ իրադարձությունների հետեւանքով տեղի են ունենում իրավունքների զանգվածային ու բնույթով անվերահսկելի խախտումներ։ Այդ դեպքում իրավիճակն առանձնանում է նրանով, որ երկրում, որպես կանոն, հանցավորության դեմ պայքարի ու դատական համակարգերը չեն գործառում ընդհանրապես կամ ի վիճակի չեն ապահովել հանցավորության դեմ պայքարն ու արդարադատությունը կոնկրետ գործերի առանձնահատկություններով պայմանավորված: Ընդ որում, նա նշել է, թե իրեն հասցեագրվող բողոքները վկայում են, որ առկա են դեպքեր, երբ առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակությունը։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը եւս այն կարծիքն է արտահայտել, որ անցումային արդարադատությունը ժամանակավոր ու ստիպված միջոց է, որը կիրառվում է այն երկրներում ու հասարակություններում, որտեղ զինված բախումների եւ ուժային այլ ակցիաների հետեւանքով քաոս է տիրում, ու դրա հետեւանքով պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են։ Եվ նա կարծիք է արտահայտել, թե Հայաստանում հիմա այսպիսի իրավիճակ չկա:
Իսկ ներկայիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ կարծում է, թե անցումային արդարադատության ստեղծումը Հայաստանում չի խախտելու ՀՀ Սահմանադրության որեւէ կետ: Նրա խոսքով, դա լինելու է օրինական եւ կոչված է լինելու մարդու իրավունքերը վերականգնելուն:
Ինչեւէ, այս կարեւոր հարցի շուրջ մասնագետների տարակարծությունն, իհարկե, սպասելի է: Պետք է հասկանալ, թե որքանով է անցումային արդարադատությունն այս շրջանում համապատասխանում Հայաստանոմ ստեղծված իրավիճակին: Ի վերջո, մեզ մոտ եղել է թավշյա հեղափոխություն, այլ ոչ թե զինված հեղաշրջում: Հենց այս հանգամանքն էլ մասնագետների վեճի առարկան է դարձել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ
Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց 100 օր անց լրատվական դաշտի հետ աշխատանքի կտրուկ փոփոխություն է նկատվում: Նախ նշենք, որ վարչապետ դառնալու առաջին օրվանից սկսած լրագրողները կարողանում են բարձրանալ կառավարության նիստերի դահլիճին հարակից տարածք եւ հարցեր ուղղել իրենց նախընտրելի պաշտոնյաներին: Սակայն 2 շաբաթ անց որոշում կայացվեց վերականգնել հին կարգերը, եւ այդ տարածք բարձրանալ թույլատրվեց միայն օպերատորներին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա էլ յուրաքանչյուր տարածք, որտեղ լինելու է Նիկոլ Փաշինյանը, թույլատրվում է միայն նախօրոք հավատարմագրված լրագրողներին, իսկ նախկինում բոլորն էլ կարող էին ներս մտել: Կառավարությունից պատճառաբանում են` վերադառնում ենք հին ռեժիմին եւ գործելու է միայն ցուցակով տարբերակը: Թերեւս միակ դրականն այն է, որ նոր իշխանությունները տարբերություն չեն դնում զանգվածային լրատվության միջոցների միջեւ եւ միջոցառումների եւ հավատարմագրման մասին տեղեկացնում են նախապես, հավատարմագրում բոլորին: Նաեւ հասկանում ենք, որ այս ամենն արվում է վարչապետի անվտանգությունից ելնելով:
ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
Էջմիածնի համայնքապետարանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի նախկին պետ Արմինե Խուդոյանը դատական հայց է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔԿԱԳՎ նախկին պետը բողոքարկել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի` 2018թ օգոստոսի 1-ի կարգադրությունը` պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնին: Այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Գեւորգ Սոսյանը: Փաստորեն, նախկին քաղաքապետի թիմակիցները փորձում են դատական ճանապարհով խոչընդոտներ ստեղծել նոր քաղաքապետի դեմ. ի վերջո, ՔԿԱԳՎ-ում պատահական մարդիկ ղեկավար չեն դառնում: Ու հիմա հետաքրքիր են Արմինե Խուդոյանին պաշտոնանկ անելու հիմքերը: Ի վերջո, նախկին իշխանությունների ներկայացուցիչների գործունեությունը ստուգելիս միշտ կարելի է հանդիպել լրջագույն խախտումների:
ԱՌԻԹԻՑ ՕԳՏՎՈՂԸ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` տեւական ժամանակ է, ինչ Երեւան-Մոսկվա չվերթների ավիատոմսերի գները կտրուկ բարձրացել են: Ըստ որոշ տեղեկությունների` պատճառը Վերին Լարսի անցակետի փակվելն է: Ռուսական ավիաընկերությունները, առիթից օգտվելով, զգալի բարձրացրել են ավիատոմսերի գները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի շարք քաղաքացիներ դժգոհել են, որ այս օրերին ստիպված են եղել Երեւան-Մոսկվա ուղղությամբ ավիատոմսը ձեռք բերել ավելի քան 150 հազար դրամով: Իսկ մինչ այդ այն 80-100 հազար դրամ էր: Բացի այս, քաղաքացիներ են եղել, ովքեր այս օրերին անգամ 200 հազար դրամով են դեպի Մոսկվա ավիատոմս գնել: Իսկ այս ամենի պատճառն այն է, որ ռուսական ավիաընկերությունները գերիշխում են ՀՀ երկնքում` թելադրելով իրենց գնային քաղաքականությունը:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է դիվանագիտական աշխատանքը դադարեցնելու մասին։ «Ես որոշել եմ թողնել դիվանագետի իմ աշխատանքը: Վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երեւանին՝ խնդրանքով ինձ հետ կանչել: Ամեն անգամ մերժում եմ ստացել։ Վերջին անգամ դիմել եմ այս տարվա մայիսին, հուսով եմ՝ այս անգամ դրական պատասխան կստանամ։ Այժմ Հայաստանում որակապես այլ իրավիճակ է, եւ ես անկեղծորեն կարծում եմ, որ եկել է երիտասարդներին աճելու եւ կայանալու ճանապարհ տալու ժամանակը», – գրել էր դեսպանը: Սակայն «Ազատություն» ռ/կ-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դիվանագիտական աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի դիմումը արտգործնախարարությունը դեռ չի ստացել։
ՉԻ ԼԻՆԻ
Քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձն այն սցենարներից է, որն ուղղակի չի կարող լինել, երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել: Ինչո՞ւ եք ինձ հարցնում: Դուրս եկեք փողոց եւ մարդկանց հարցրեք: Ես չեմ այդ կապակցությամբ որոշումներ կայացնողը: Այդ կապակցությամբ որոշում կայացնողը ժողովուրդն է, եւ կարծում եմ` այդ հարցերը պետք է ուղղեք ժողովրդին, չնայած չեմ կարծում, թե այն, ինչ կլսեք, արժանի կլինի եթեր հեռարձակելու», – նշեց Փաշինյանը՝ արձագանքելով մեկի հարցին, թե արդյո՞ք իրեն մտահոգում է Քոչարյանի վերադարձը:
ԿՅԱՆՔԸ ՉԻ ԴԱԴԱՐԵԼ
Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը երեկ հայ-չինական բարեկամության դպրոցի բացմանն էր մասնակցում: Լրագրողների հետ զրույցում նա խոսեց քաղաքապետի ընտրության մասին: Նա վստահեցրեց, որ առանց Տարոն Մարգարյանի` քաղաքապետարանի աշխատանքները ընթանում են նորմալ, բնականոն ընթացքով, որեւէ խնդիր, շեղում չկա: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Տարոն Մարգարյանի տեղը երեւո՞ւմ է քաղաքապետարանում, Արեյանը պատասխանեց. «Տարոն Մարգարյանը տվել է իր հրաժարականը, մարդկայնորեն մեր հարաբերությունները շատ նորմալ են, գեղեցիկ: Տարոն Մարգարյանին հանդիպել եմ, այո՛, մեր մարդկային հարաբերությունները չեն սառել: Դադարել են իր պաշտոնեական լիազորությունները, բայց չի դադարել կյանքը»: