ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից շուկայականից ցածր գնով «BMW X5» մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու խոստմամբ քաղաքացիներից գումարներ են շորթել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմեն Նաջարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2017թ. օգոստոս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ Մայիս Եգորյանին ասել է, որ նա կարող է ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից աճուրդով շուկայականից ցածր գնով «BMW X5» մակնիշի ավտոմեքենա ձեռք բերել, եւ բավականին լուրջ խոստումներ է տվել քաղաքացուն:
Ավելին, իրավապահները պարզել են, որ Արմեն Նաջարյանը քաղաքացուն հավատացնելու նպատակով նրան է ներկայացրել «ՀՀ Կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար Հ. Մեսրոպյանի» անունից հասցեագրված գրություն:
Արդյունքում, Մայիս Եգորյանը, տեսնելով այդ գրությունը եւ Արմեն Նաջարյանի վստահեցումները, նրան 1.5մլն ՀՀ դրամ գումար է տվել, որպեսզի մատչելի մեքենա գնի, սակայն ավելի ուշ Արմեն Նաջարյանը խոստումը չի կատարել եւ, ըստ էության, հափշտակել է գումարը:
Նկատենք, որ Արմեն Նաջարյանը միայն Մայիս Եգորյանին չէ, որ խաբել է, եղել են այլ քաղաքացիներ, որոնք հավատացել են նրա խոստումներին եւ մատչելի մեքենա գնելու նպատակով նրան գումար են տվել: Մասնավորապես, պարզեցինք, որ մյուս խաբված քաղաքացին Արարատի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ Գարիկ Մկրտչյանն է եղել, որը Նաջարյանին 300 հազար դրամ գումար է տվել, սակայն հետագայում հասկացել է, որ ո՛չ մեքենան կա, ո՛չ էլ գումարը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս արարքների համար Արմեն Նաջարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` Խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Արմեն Նաջարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Քնար Մանուկյան