ՀԱՐՑ. 1980թ. ընդունվել եմ Մերգելյան ինստիտուտ աշխատելու համար, իսկ 1995թ. ընդունվել եմ դպրոցում աշխատանքի: Ունեմ 22 տարվա աշխատանքային ստաժ: Խնդրում եմ` ասեք` ես իրավունք ունե՞մ ստանալու մանկավարժական թոշակ: Չեմ ցանկանում դիմել տարածքային սոցիալական բաժին, ուստի խնդրում եմ հստակ պատասխանել՝ կարո՞ղ եմ, թե՞ ոչ:
Սուսաննա Արզումյանյան (մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
«Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ: Ըստ ներկայացված տեղեկատվության` Սուսաննա Արզումանյանը աշխատել է Մերգելյան ինստիտուտում, իսկ 1995թ. աշխատում է դպրոցում: Վերը նշված ցանկում (Մերգելյան ինստիտուտ) կազմակերպությունը նշված չէ, հետեւաբար այդ կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառվել չի կարող:
Քանի որ Ս. Արզումանյանը դպրոցում աշխատել է 1995 թվականից, ապա մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում նա չունի մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ առնվազն 12 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, հետեւաբար մասնակի կենսաթոշակի իրավունք:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: