ԲՀԿ-ն ուզի, թե չուզի` նրա անդամների մի մասը հաստատ կլինի այն դիրքերում, որը հարիր է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությանը. Աղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը վերջին օրերին բավականին թեժ  ընթացք է ստացել: Իրավիճակը սրվել է հատկապես ԲՀԿ-ի, «Իմ քայլը» եւ «Լույս» դաշինքների միջեւ: 

ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբնյանի  պնդմամբ` իրենց հանդեպ պետական մակարդակով տեռոր է իրականացվում: «Ժողովուրդ» օրաթերթը լարված նախընտրական քարոզարշավի, ԱԺ-ի ցրման եւ այլ հարցերի շուրջ զրուցեց  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:

-Պարո՛ն Աղազարյան, Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված քաղաքական ուժերի միջեւ իրավիճակը բավականին լարվել է: Ինչո՞ւ  այսպիսի իրավիճակ ստեղծվեց:

– Կարծում եմ` այդ ամենը պայմանավորված է մրցակցային պայքարի տրամաբանությամբ:

-Բայց դա մի քանի օր է` վերածվել է վիրավորանքների: ԲՀԿ-ից Գեւորգ Պետրոսյանը իր խոսքում նշել է, որ  «Իմ քայլը» դաշինքն է սկսել կռիվը: Նրա խոսքով` ֆեյսբուքում վերջինիս համակիրները հայհոյանքներ են գրում ԲՀԿ-ի  հասցեին:

– Սոցցանցերում գրված այդ արտահայտություններին  չպետք է լուրջ վերաբերվել: Մեծ մասը գրվում է ֆեյք օգտատերերի կողմից: Անհնար է հստակեցնել` ովքեր են դրանք գրողները: Գուցե դա արվում է ինչ-որ երրորդ ուժի կողմից` քաղաքական ուժերի մեջ սեպ խրելու մտադրությամբ: Հետեւաբար, դրա վրա հենվելով գնահատական տալը ճիշտ չէ:

-Վերջին շրջանում լարված են նաեւ «Լույս» եւ «Իմ քայլը» դաշինքների քաղաքական հարաբերությունները: Էդմոն Մարուքյանը մասնավորապես ասել է, թե կարծում է` վարչապետը ներողություն կխնդրի ժողովրդից եւ իրենցից հասարակությանը ու քաղաքական ուժերին սեւի ու սպիտակի բաժանելու համար: Կիսո՞ւմ եք վերջինիս կարծիքը:

– Ես չեմ կարծում, որ պարոն Փաշինյանը պետք է ներողություն խնդրի: Ես համաձայն եմ այդ բաժանման հետ, բայց սա այն բաժանումը չէ, որի մասին խոսում է պարոն Մարուքյանը: Այն մարդիկ, այն քաղաքական ուժերը, ովքեր իրենց դիրքորոշմամբ եւ գործելաոճով մոտ են Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքին, դրանք սեւերն են: Ով իրեն համարում է այդ առանցքին մոտ, ուրեմն թող ընդունի, որ ինքը սեւ է, իսկ ով իրեն չի տեսնում այդտեղ, ուրեմն սպիտակ է: Այս բաժանման մեջ վիրավորական բան չկա: Սա պայմանական բաժանում է, որովհետեւ աշխարհընկալման, արժեհամակարգի հարցն է դրված: Այս բաժանումը կարելի է անել նույնիսկ մեկ անձի գոյության դեպքում, որովհետեւ եթե այսօր մեր հայրենիքում կա մեկը, ով ինչ-որ իմաստով դրական  էմոցիաներ ունի Ռոբերտ Քոչարյանի նման անձի նկատմամբ, ուրեմն մենք լուրջ խնդիր ունենք: Այնպես որ, թող պարոն Մարուքյանը այդ բաժանումից չվիրավորվի:

-ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ասել է` Նիկոլ Փաշինյանը հոգեկան ծանր վիճակում է, որովհետեւ իր թիմը լավը չէ: Արդյոք այդպե՞ս է: 

-Նաիրա Զոհրաբյանը բավականին փորձված  քաղաքական գործիչ է, եւ ինքը շատ լավ գիտի, որ երբեմն-երբեմն կարելի  է մտքեր արտահայտել, որի համար հետո կարող է նաեւ պատասխան չտալ: Պահի տրամադրվածությունից թելադրված խոսքեր է ասել ինչ-որ բաներ շահելու համար: Սա գուցե տրամաբանված է մրցակցային իրավիճակով: Մենք բոլորս տեսնում ենք, որ վարչապետը շատ  լավ վիճակում է գտնվում: Իհարկե, նա նույնպես կարող է տրվել էմոցիաներին եւ որոշ մտքեր արտահայտել միգուցե ոչ այն տոնայնությամբ, որը ցանկալի է բոլորի համար: Բայց Նաիրա Զոհրաբյանի կողմից նման գնահատական հնչեցնելը միայն ու միայն հետապնդում է տվյալ պահի համար համահունչ նպատակ: 

-Նաիրա Զոհրաբյանը ասել է, որ եթե ամեն ինչ այսպես ընթանա, ԲՀԿ-ն կողմ չի լինի ԱԺ-ն լուծարելուն: Իրոք հնարավո՞ր է այդպիսի բան:

– Եթե մի հսկայական քաղաքական ուժ ինչ-որ ճանապարհ է որդեգրել եւ պատրաստ է ինչ-որ տեղ նաեւ սարքովի իրավիճակում դիրքորոշում փոխել, ապա սա խոսում է տվյալ քաղաքական ուժի որակի մասին: Եթե անդրադառնանք հարցի բովանդակությանը, ապա կարող եմ ասել, որ միեւնույնն է, ԲՀԿ-ն ուզի, թե չուզի, նրա անդամների մի մասը հաստատ կլինեն այն դիրքերում, որը ավելի հարիր է Ռոբերտ Քոչարյանի որդեգրած քաղաքականությանը , եւ հետեւաբար, ԱԺ-ն ցրելու գործընթացը հենց ԱԺ-ի միջոցով այս պահին արդեն անհնար է դառնում: Մենք պետք է գնանք հանրաքվեների ճանապարհով: Իրենց սպառնալիքը ո՛չ ընդունելի է եւ ո՛չ էլ անակնկալ է մեզ համար:

-Արդյոք կա՞ ԱԺ-ն ցրելու խիստ անհրաժեշտություն:

-ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է դառնան հեղափոխության առաջին փուլը եզրափակող գործընթաց: Այս պահին կա որոշակի քաղաքական անկայունություն, որը պետք է վերացնել: Իսկ դա կարելի է անել միայն ԱԺ արտահերթ ընտրությունների շնորհիվ:

Լուսինե Մինասյան

 




Լրահոս