Ծառահատողների «բանդա» Տավուշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Շահեն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի ծառահատումները կանխարգելուն ուղղված միջոցառումների հանդեպ իր բողոքն արտահայտելու նպատակով 2018թ. օգոստոսի լույս 13-ի գիշերը կազմակերպել է «Դիլիջան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի  9-րդ եւ 11-րդ պահաբաժիններում 21 հատ  տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատումը` պետությանը պատճառելով 2 միլիոն 567 հազար 500 դրամի վնաս:

Ըստ մեղադրական եզրակացության` Մանուչարյանն ունեցել է նաեւ օժանդակողներ` համագյուղացի Դավիթ Հովհաննիսյանը, Գեւորգ Բաբինյանը եւ Վալարիկ Թամամյանը: Ապօրինի ծառահատումներին Դ.  Հովհաննիսյանի օժանդակությունը եղել է այն, որ նա բենզասղոցը դեպքի վայր է հասցրել եւ էլեկտրական լամպերով անտառը լուսավորել է:

Շ. Մանուչարյանին եւ Դ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-296 հոդվածի 3-րդ մասով («Հանցակցությունը ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատմանը, որը կատարվել է խոշոր վնաս պատճառելով» ), Գ. Բաբինյանին եւ Վ. Թամամյանին`296 հոդվածի 3-րդ մասով(«Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է խոշոր վնաս պատճառելով»):

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը սույն քրեական գործը վարույթ  է ընդունել օգոստոսի 31-ին, դատաքննության առաջին նիստը նշանակված է  սեպտեմբերի 18-ին:  Հետաքրքիրն այն է, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է տեղի ունեցած ապօրինի ծառահատումից  ընդամենը  18 օր հետո եւ այն ուղարկվել է դատարան: Նման արագությունը  բացատրվում է այն բանով, որ  այդ ծառահատումն իրականացվել է որպես  ապօրինի ծառահատումները  կանխարգելող  միջոցառումների դեմ բողոքի գործողություն:

Օգոստոսի 11-ին Հաղարծինում շուքով նշվեց գյուղի 200-ամյակը, տոնական միջոցառմանը մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Նա  իր ելույթում ասաց, որ շատ դժվար ժամանակներ Տավուշի մարզի բնակիչները դիմակայել են անտառ հատելով, կոչ արեց  ապրել բնության հետ ներդաշնակ, առանց անտառը վնասելու` հաղարծինցիներին հորդորելով. «Կոչ եմ անում անջատել «Դրուժբաները»  եւ միացնել միտքը»:

Նա  հայտարարեց, որ ինքը Հաղարծնին նվեր է բերել 140 հազար դոլարանոց դրամաշնորհային ծրագիր, որից կարող են օգտվել առանց բնությանը վնասելու տնտեսական գործունեություն նախաձեռնողները: 2-3 հազար դոլարանոց դրամաշնորհները կտրվեն անասնապահության, չորանոցների ստեղծման եւ այլ նպատակներով: «Դրուժբաները»  անջատելու մասին  Փաշինյանի հորդորը Շ.  Մանուչարյանը չընդունելով  մեկ օր հետո կազմակերպել է  գիշերով   21 ծառի ապօրինի հատումը:

Ոսկան Սարգսյան




Լրահոս