Այն, որ Երեւանի հասարակական տրանսպորտով երթեւեկելը դարձել է առողջության եւ կյանքի համար վտանգավոր, վաղուց հայտնի փաստ է: Էլ չենք խոսում վարորդների կողմից ուղեւորների ստորացման, անհարմարավետ, կեղտոտ, կոտրված նստարանների եւ, ընդհանրապես, անհարմար պայմանների մասին: Հասարակական տրանսպորտի խնդիրների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս դժգոհություններ է ստացել քաղաքացիներից: Բայց այս անգամ մեր խմբագրություն ահազանգել են 10 համարի ավտոբուսից օգտվող ուղեւորները` դժգոհելով վարորդների պահվածքից:
Նրանց խոսքերով` 10 համարի երթուղայինների վարորդները ինչպես ցանկանում են, այնպես էլ վարում են` առանց հաշվի առնելու ուղեւորներին: Նշենք, որ 10 համարի ավտոբուսի երթուղին սկսվում է Քանաքեռից դեպի Նուբարաշեն: Ահազանգած քաղաքացիներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց, որ այդ երթուղայինի վարորդները օրվա մեծ մասը վարելու ժամանակ հեռախոսով են խոսում: Էլ չենք խոսում ծխելու մասին:
«Վարորդները իրար հետ հեռախոսի միջոցով կապի մեջ են, միաժամանակ ե՛ւ վարում են, ե՛ւ խոսում: Հեռախոսով հետաքրքրվում են մեկը մյուսով, թե որ վարորդը որտեղ է հասել, դիմացից իրեն խանգարող ինչ երթուղային կա: Միշտ վարում են կատաղի` երթեւեկության կանոնները երբեմն խախտելով: Հաշվի չեն առնում` ավտոբուսի մեջ երեխա կա, ծեր: Իսկ ուղեւորների հետ խոսում են կոպիտ, մուննաթով: Մարդ զզվելով է օգտվում այդ երթուղայինից»,- վրդովված պատմեց ահազանգած երեւանցիներից մեկը: Զրույցի ընթացքում դժգոհող քաղաքացիները նկատեցին, որ նստելուց առաջ աղոթում են, ապա բարձրանում ավտոբուս: Նույն վիճակն է նաեւ մի շարք այլ երթուղայիններում:
Ի դեպ, վարորդների շրջանում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ արագաչափ եւ տեսանկարահանող սարքերի կողմից իրենց կատարած խախտումները չեն արձանագրվում: Ենթադրվում է, որ սա է նրանց խախտումներով կատաղի վարելու պատճառը: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանից, սակայն վերջինս աշխատանքի ժամին աշխատանքի վայրում չէր: Քարտուղարուհու խոսքերով` «պարոն Համբարձումյանը գործով դուրս էր եկել»: Հարց է` անձնակա՞ն, թե՞ աշխատանքային գործերով: Եւ զարմանալի չէ, որ այսօր հասարակական տրանսպորտի ոլորտում նման խայտառակ իրավիճակ ունենք, վարորդները շարունակում են ուղեւորների հետ վատ վերաբերվել, ծխել եւ չպատժվել: Էլ չենք խոսում մարդկանց անվտանգ երթեւեկման մասին, որը ոչ մի պետական մարմնի կողմից չի վերահսկվում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ