ԵԽԽՎ մոնիթորինգի արդյունքում զեկույց, այնուհետև բանաձև կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրվանից Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքը: Եվ չնայած օրակարգում Հայաստանին վերաբերող հարց չկա, սակայն պատվիրակության անդամներն այս օրերն ու եվրոպացի գործընկերներին հանդիպելու հնարավորությունն ավելի շատ օգտագործում են քաղաքական նպատակներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատվիրակության կազմի հատկապես ՀՀԿ ներկայացուցիչները, չնայած ԱԺ ՀՀԿ խմբակցության վերջին հայտարարության, թե դեմ չեն դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն, այս օրերին տարբեր ակտիվ հանդիպումների մեջ են եղել` փորձելով ցույց տալ ու համոզել, որ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելը նպատակահարմար չէ եւ հնարավորություն չի տալիս, որ քաղաքական ուժերը պատրաստվեն դրան:

Ինչպես հայտնի է, պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը դեռ մեկ ամիս առաջ արդեն իսկ նշել էր, որ պետք է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը դառնա ԵԽԽՎ մոնիթորինգի առարկա: Եվ բավական ակտիվ նա աշխատել էր այդ ուղղությամբ: Դրանից հետո ԵԽԽՎ համազեկուցողներից ուկրաինացի Յուլյա Լյովոչկինան հայտարարություն տարածեց, ու տպավորություն էր, թե այդ հայտարարությունները գրվել են ՀՀԿ-ականներից մեկի աշխատասենյակում: Ուկրաինացի Յուլյա Լյովոչկինան Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ էր արել հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը: Ընդ որում, հետաքրքիր է, որ շատ հաճախ այդպիսի հայտարարությունները լինում են ի պաշտպանություն ՀՀԿ-ի: ԵՎ պատահական չէ, որ հայտարարության մեջ նշվում էր, թե Հայաստանի իշխանությունները եւ մյուս խաղացողները ժողովրդավարական չափորոշիչներին եւ նորմերին ընտրությունների լիարժեք համապատասխանելիություն պետք է ապահովեն, եւ որ բոլոր քաղաքական ուժերը պետք է բավարար ժամանակ ունենան դրանց պատրաստվելու համար։ Սրանք ընտրությունները դեկտեմբերին չանելու ՀՀԿ-ի արդարացումներն են: Եվ փաստացի ԵԽԽՎ համազեկուցողին եւս համոզել են, որ ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելն այնքան էլ չի տեղավորվում այդ չափորոշիչների շրջանակում։

Եվ շատ կարեւոր է, թե ինչպիսի արձագանք կլինի ԵԽԽՎ-ի կողմից եւ որքանով կոշտ կլինի այն: Իհարկե, ՀՀԿ-ն կանխատեսում է լուրջ եւ կոշտ արձագանք: Սակայն դա հենց կախված է մոնիթորինգի արդյունքներից: Մասնագետները պնդում են, որ ստեղծված իրավիճակում արդեն եվրոպացի համազեկուցողները պետք է կարողանան որոշել, թե Հայաստանի ներքաղաքական դաշտում ով է ընդդիմություն, ով իշխանություն, եւ ով ում իրավունքները կարող է ոտնահարել, եթե, իհարկե, կա նման բան: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ համազեկուցողի հայտարարության արդյունքում նախապատրաստվելու է զեկույց, այնուհետեւ փորձ է արվելու դրան տալու բանաձեւի տեսք։ Իսկ թե Հայաստանի համար որքանով է դա վտանգավոր, կապված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները երկրում:

Ընդ որում, այս իրավիճակը եւ մոնիթորինգը ՀՀ վարչապետին այնքան էլ չի հուզում: Ամեն դեպքում, նա, օրեր առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ թեմային, նշել էր. «Համազեկուցողները երբ որ ժամանեն Հայաստան, կարծում եմ` ասելու շատ բան չենք ունենա։ Իրենք թող գան ամեն ինչ մոնիթորինգ անեն ՀՀ–ում, եւ ամեն ինչ պարզ կլինի»: Նա դժգոհություն էր արտահայտել նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներից: «Ասեմ, որ հանրապետական պատգամավորներին եւ ԵԽԽՎ–ի մեր պատվիրակությանը ամենեւին պատիվ չի բերում, որ նրանք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները փորձում են այլ լույսի ներքո ներկայացնել, եւ սա եւս մեկ փաստարկ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան։ ԵԽԽՎ–ում մեր պատվիրակությունը, ըստ էության, ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը»,- բավական դիպուկ ներկայացրել էր Փաշինյանը:

Ըստ էության, վարչապետը ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներին անուղղակի մեղադրեց կրկին իր մեջքի հետեւում խաղեր տալու եւ եվրոպացիներին Հայաստանում տիրող իրավիճակն այլ տեսանկյունից ներկայացնելու մեջ: Ու թեեւ Փաշինյանը չէր մասնավորեցրել, հասկանալի է` այս դեպքում խոսքը հիմնականում ՀՀԿ-ականների մասին է:

Նկատենք` ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ԵԽԽՎ ամբիոնը հենց հակառակ տեսանկյունից է օգտագործել եւ իր ելույթում նշել է, թե արտահերթ ընտրություններին այլընտրանք չկա: Բայց եթե հիշում եք, թավշյա հեղափոխության սկզբում նույն Մարուքյանը Փաշինյանի կողքին չէր: Միայն վերջերս է նրանց մեջ սառույցը կարծես հալչել, երբ հոկտեմբերի 2-ին «Ելք» խմբակցությունը ողջ կազմով պաշտպանեց վարչապետի տեսակետը: Սակայն, ամեն դեպքում, վարչապետն անհանգստացած է եղել եւ փաստորեն գործուղել է Լենա Նազարյանին, ով պետք է համոզեր մոնիթորինգ չիրականացնելու համար:
Հիմա մտավախություն կա, որ նախապատրաստվելու է զեկույց, այնուհետեւ բանաձեւ, եւ չի բացառվում, որ Հայաստանի հասցեին ոչ դրական ձեւակերպումներ լինեն:

Ի վերջո պատվիրակության ներկայացուցիչները եւ հատկապես հանրապետականները վստահ գիտեն, թե ում մոտ խոսելով եւ ում հետ հանդիպելով կարող են արդյունքի հասնել: Եվ պատահական չէ, որ այս օրերին Ստրասբուրգում ակտիվ հանդիպումներ են ընթանում, ընդ որում` ոչ միայն ՀՀԿ-ականների մակարդակով: Եվ հետաքրքիր է, որ այդ հանդիպումների ընթացքում յուրաքանչյուրը փորձում է առաջ տանել իրենց թիմի անձնական շահը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս