ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՄԵՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանը նշում է իր անկախության 27-ամյակը։ 1990-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունեց ՀՀ Անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է, եւ ձեւավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991-ի սեպտեմբերի 21-ին էլ հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: Տոնի առթիվ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մշակույթի հայտնի գործիչների եւ մտավորականների հետ։ Անկախության տարիների մեր ձեռքբերումների եւ կորուստների վերաբերյալ նրանց մտորումները ներկայացնում ենք ստորեւ։

Լալա Մնացականյան.
Հայաստանի վաստակավոր արտիստ
– Այս 27 տարիների մեծագույն ձեռքբերումը համարում եմ ներկայիս իշխանությունը։ Այսքան տարի տանջվեցինք, որ գոնե հասկանանք՝ կարող ենք որպես պետություն կայանալ։ Նախորդ տարիներին մենք եղել ենք անկախ, բայց միայն թղթի վրա, ֆորմալ առումով, այն ժամանակ «անկախությունը» սուտ բառ էր, փուչիկ, իսկ հիմա ես սկսել եմ հավատալ դրան, վստահ եմ, որ կունենանք ամուր պետություն, պետականություն եւ մի երկիր, որը կկարողանա դրսում արժանապատվորեն ներկայանալ։ Այս տարիներին մենք կորցրել էինք հենց ամենակարեւորը՝ ազգային արժանապատվությունը, մեր դեմքը։ Դրսում մեզ լուրջ չէին վերաբերվում, ողորմություն խնդրողի, կռացողի դերում էինք։ Հիմա որ հետ եմ նայում, ավելի ստույգ եմ տեսնում այդ ամենը, այն ժամանակ էլ էր ստացվում կողքից նայել իրադարձություններին եւ երեւույթներին, բայց հիմա դրա հետ մեկտեղ որոշակի հեռավորությունից եմ նայում անցյալին եւ հասկանում եմ, թե ինչ սուտ լոզունգներով ենք ապրել։ Եթե չլիներ Աստծո ձեռքը, կարող է` այդպես էլ կորչեինք ու գնայինք։ Կմնար միայն ասմունքը, թե Բաբելոնը վերացել է, Հայաստանը կա։ Այնինչ` մենք իսկապես կանգնել էինք Հայաստանը կորցնելու վտանգի առաջ։ Ես իմ ելույթներում բազմիցս ահազանգել եմ այդ մասին եւ հայրենիքը կորցնելու սարսափն ապրել եմ, ուստի իրական անկախությունը թանկ եմ գնահատում։

Ջիվան Գասպարյան. դուդուկահար,
Հայաստանի ժողովրդական արտիստ


– Անկախությունը հարաբերական հասկացություն է։ Այն պրիմիտիվ բան չէ, լուրջ երեւույթ է։ Ամեն հայ պետք է այնպես անի, որ Հայաստանը շեն մնա եւ զարգանա, պետք է նախ Հայաստանի մասին մտածի, հետո իր։ Ամեն քաղաքացի պետք է երկրին տիրություն անի, սրտացավ լինի իր հայրենիքի համար։ Այդպես են պետություն դառնում, այլ ճանապարհ չկա։ Տարիներ առաջ, երբ ստեղծագործական խմբով Գերմանիայում էինք, մեզ ասացին, որ օրապահիկի համար շատ գումար տրամադրել չեն կարող, քանի որ պետք է իրենց բյուջեն լցնեին, երկիր ծաղկեցնեին։ Կուզեմ, որ մենք էլ այսքան մանրախնդիր լինեինք այդ գործում։ Բայց հիմա մեր հայերի կեսը միայն իր մասին է մտածում։ Ես նկատում եմ այդ միտումը, բայց այդպես չպետք է լինի։ Ինչեւէ, շնորհավորում եմ Անկախության տոնը, անչափ ուրախ եմ, միայն թե մտորելու հատկությունը չկորցնենք։

Գուժ Մանուկյան.
ՀՀ ժողովրդական արտիստ


– Եթե անկեղծ՝ այս 27 տարիների ընթացքում ավելի շատ կորցրել ենք, քան շահել։ Ամեն տեսակ կորուստներ էլ ունեցանք։ Ամեն դեպքում, անկախությունը հաճելի բան է։ Ներկայիս փուլը, որտեղ թեւակոխել է Հայաստանը, կարող ենք մեկ բառով անվանել՝ «սպասողական»։ Հիմա արդեն երիտասարդությունն է գործոնը, շարժիչ ուժը։ Թավշյա հեղափոխությունը, երեւի թե, կարելի է համարել ձեռքբերում։ Միայն այն, որ մարդկանց դեմքին հույս եւ ժպիտ իջավ, մեծ ձեռքբերում էր։ Հիմա մնում է այն ամեն գնով փայփայել եւ պահել։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՈՒ՞Ր Է ԿՈՐԵԼ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Տեւական ժամանակ է՝ երգչուհի Ռուզաննա Անդրեասյանն էկրաններին չի երեւում։ «Հավատա» երգի հիման վրա Արսեն Սաֆարյանի հետ հայտնի դուետից հետո նա նոր երգով կամ տեսահոլովակով չի ներկայացել։

Երկրպագուները հետաքրքրվում են՝ ուր է նա կորել եւ ինչով է զբաղված։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռուզաննան նշեց, որ կյանքի այս փուլում իրեն նվիրել է անձնական կյանքին. «Հիմա ընտանիքիս ավելի մեծ կարեւություն եմ տալիս։ Արդեն երկու բալիկ ունեմ եւ ժամանակիս մեծ մասը հենց նրանց եմ նվիրում։ Ինձ թվում է՝ երկրպագուներն ըմբռնումով կմոտենան այս ամենին։ Նրանք շատ լավ գիտեն, թե որքան կարեւոր են ինձ համար։ Իհարկե, բոլոր դեպքերում պատրաստվում եմ նոր աշխատանքներ ներկայացնել եւ նոր թափ հաղորդել կարիերայիս։ Առաջին իսկ հնարավորության դեպքում բաց չեմ թողնի նրանց հետ հանդիպելու հնարավորությունս»,-ասաց նա։
Մենք հետաքրքրվեցինք՝ ոլորտից կտրուկ «անհետանալու», ընտանիքին նվիրվելու արդյունքում վտանգ չկա՞ արդյոք, որ կարող է կարիերան տուժել։ Ռուզաննան պատասխանեց, որ ոլորտից չի հեռացել եւ իր գործունեությունն ամբողջությամբ չի դադարեցրել, ավելին՝ հիմա զբաղված է երկու նոր երգերի ձայնագրությամբ. «Դրանցից մեկն ավելի մելոդիկ, հանգիստ երգ է, որի հիման վրա կնկարահանվի նաեւ տեսահոլովակ, իսկ մյուսը պարային գործ է։ Հուսամ՝ մինչեւ ամանորյա տոները կկարողանամ դրանք հանձնել հանդիսատեսի դատին։ Ամեն բան կախված է աշխատանքիս ընթացքից։ Համենայն դեպս, երկրպագուներիս սպասումով չեմ թողնի»,-մանրամասնեց երգչուհին։
«Ժողովուրդ»-ը նաեւ հարցրեց՝ Ռուզաննայից նոր դուետ սպասե՞նք.«Չեմ կարծում, դեռեւս ոչ»,-պատասխանեց մեր զրուցակիցը։
Ռուզաննան նաեւ տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգներից ունի համերգային հրավեր, այնպես որ, չի բացառվում, որ առաջիկայում հանդիպում լինի իր եւ արտերկրի երկրպագուների միջեւ։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ԻՍՊԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Մարիանո Դիասը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի` «Ռոմա»-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ցանկանում է հանդես գալ Իսպանիայի հավաքականում. «Իսպանիայի հավաքականից հրավեր ստանալը դարձել է իմ նպատակը: Լուիս Էնրիկեից հեռախոսազանգ ստանալը երազանք է, սակայն այժմ ցանկանում եմ կենտրոնանալ «Ռեալ»-ում աշխատանքիս վրա: Ուրախ եմ, որ գոլ խփեցի «Ռոմա»-ի դարպասը: Չնայած այս ճնշմանը` ես շատ շնորհակալ եմ «Ռեալ» վերադառնալու հնարավորության համար»,-ասել է Մարիանոն:

 

 

ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին տեղեկացրել է, որ Դավիդ Լուիսը, Էդեն Ազարը եւ Մատեո Կովաչիչը չեն մասնակցի Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի` ՊԱՈԿ-ի հետ խաղին. «Դավիդ Լուիսը մնացել է մարզաբազայում: Նա շատ է խաղում. այնպես որ, ես որոշել եմ, որ նա պետք է մարզաբազայում մնա եւ հանգստանա: Կովաչիչը ոչ շատ լուրջ վնասվածք է ստացել «Քարդիֆ»-ի հետ խաղում: Ինչ վերաբերում է Էդեն Ազարին, «Քարդիֆ»ի հետ խաղից հետո նա ասել է, որ փոքր-ինչ հոգնել է: Դրա համար որոշեցի Ազարին եւս հանգստի հնարավորություն տալ»,-ասել է Սարին:

 

 

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել է, որ Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի` «Վորսկլա»-ի դեմ խաղին մասնակցելու են լավագույն մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստները. «Ինձ համար յուրաքանչյուր խաղ հնարավորություն է լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների համատեղելիությունը որոշելու տեսանկյունից: Մենք 4 մրցաշարի ենք մասնակցում: Առջեւում Եվրոպա լիգան է, իսկ կիրակի Պրեմիեր լիգայի հանդիպում ունենք: Հետո Լիգայի գավաթն ու Անգլիայի գավաթն են: «Վորսկլա»-ի դեմ խաղալու են լավագույն մարզավիճակում գտնվող 11 ֆուտբոլիստները: Մեզ համար Պրեմիեր լիգան գլխավոր մրցաշարն է, սակայն մյուս մրցաշարերը եւս կարեւոր են»,-ասել է Էմերին:

 

 

ԴԵՂԻՆ ՔԱՐՏ
Մադրիդի «Ռեալ»-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, «Ռոմա»-ի հետ տնային խաղում ստանալով դեղին քարտ, դարձել է Չեմպիոնների լիգայի հակառակորդի հեղինակ: Արքայական թիմի ավագն այս մրցաշարում ստանում է արդեն 37-րդ դեղին քարտը: Նա գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզի հակառակորդին` 36:




Լրահոս