Վարչապետի դաշտ է մտնում. Արմեն Սարգսյանի հայտարարության հետքերով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Ուղերձ հղելով Թուրքիայի նախագահ Էրդողանին` Արմեն Սարգսյանը հայտարարել է, թե պատրաստ է երկխոսության: «Ես նախ եւ առաջ կասեի Էրդողանին. «Բարի լույս, պարո՛ն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմություն ունի: Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին: Մենք պետք է խոսենք ոչ միայն պատմության, այլեւ ապագայի մասին, քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին»,- ասել է Սարգսյանը:

Դիվանագիտորեն նախագահ Սարգսյանի հայտարարությունը շատ լավ էր ձեւակերպված: Միայն թե նկատենք՝ Արմեն Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին խոսում է այն դեպքում, երբ ՀՀ նոր սահմանադրության համաձայն` արտաքին քաղաքականության հարցերում ինքը բանակցային լիազորություններ չունի: Նախագահին սահմանադրությամբ արարողակարգային, սիմվոլիկ լիազորություններ են տրված: Նա կարող է վարչապետի առաջարկով կնքել միջազգային պայմանագրեր, նշանակել ու ետ կանչել օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպաններին, շնորհել դիվանագիտական աստիճաններ: Իսկ ահա արտաքին քաղաքականության մշակելու եւ իրականացնելու, ըստ այդմ՝ նաեւ բանակցելու լիազորությունները սահմանադրությամբ վերապահված են վարչապետին ու կառավարությանը:

Եւ հիմա, երբ Արմեն Սարգսյանը խոսում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին` երկխոսության ուղերձ հղելով Թուրքիայի նախագահին, ստացվում է՝ դուրս է գալիս սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններից: Ու այդպես մտնում է կառավարության «բոստանը»: Եւ այս ամենը նա անում է միջազգային ասպարեզում, օտարերկրյա լրատվամիջոցին տված հարցազրույցում` այդպես փորձելով ներկայանալ որպես պետության առաջին դեմք: Ի վերջո, դրսում շատ-շատերը չգիտեն, որ ՀՀ Սահմանադրությամբ` պետության ղեկավարը վարչապետն է, ոչ թե նախագահը, եւ վարչապետին է տրված արտաքին քաղաքականության ոլորտում բանակցությունների լիազորությունը:
Իհարկե, այս ամենը չի նշանակում, թե Արմեն Սարգսյանն իրավունք չունի հայ-թուրքական հարաբերությունների մասին տեսակետ հայտնելու: Իհարկե, ունի, պարզապես այդ ամենը պետք է անել սահմանադրության շրջանակներում:




Լրահոս