Չնայած ձմեռային զորակոչի մեկնարկին դեռեւս երկու ամիս ժամանակ կա, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` տարբեր վարչական շրջանների մարզային զինկոմիսարիատները ծանուցումներ են ուղարկում քաղաքացիներին` պահանջելով ներկայանալ տարածքային հերթական ստուգման: Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ծանուցումները ուղարկում են այն անձանց տուն, ովքեր շուրջ 5-6 տարի առաջ ազատվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:
Միգուցե այս քայլով տարածքային զինկոմիսարիատները վերոնշյալ ստուգումները իրականացնում են հասկանալու համար, թե ով կամ ինչ հիմքով է ազատվել բանակից եւ, ամենակարեւորը, արդյոք նրանք ազատվել են պարտադիր ժամկետային ծառայությունից օրինական ճանապարհով: Ինչեւէ, գործընթացի մասին տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից:
-Պարո՛ն Տոնոյան, տեղեկություններ կան, որ տարիներ առաջ ծառայությունից ազատվածներին կանչում են զինկոմիսարիատներ հերթական ստուգման անցնելու եւ հասկանալու համար, թե նրանք ինչ հիմքով են բանակից ազատվել:
-Խոսքը գնում է բժշկական ստուգման մասին:
-Ոչ միայն, նաեւ, թե ինչ հիմքով են վերոնշյալ անձինք ազատվել ծառայությունից:
-Դա օրինաչափ գործընթաց է, ոչ մի անօրինական բան չի կատարվում, եթե վերափորձաքննության են հրավիրում, դրա համար կան ժամկետներ` երկու տարին, երեք տարին մեկ:
-Խոսքը տարեկետում ստացած զինծառայողների մասին չէ, այլ այն անձանց, ովքեր մոտ 7 տարի առաջ են բանակից ազատվել, այս օրերին զինկոմից ծանուցում են ուղարկել:
-Ե՞րբ են կանչել:
-Մոտ մեկ շաբաթ առաջ կանչել են:
– Եթե կան կոնկրետ անուններ… քանի Ձեր ասած գեներալնի կամիսիան հիմա` այս պահին, չի գործում, դա զորակոչի ժամանակ է իրականացվում, զորակոչը դեռ չի սկսվել, երեւի թե դա ուրիշ գործընթաց է:
Քնար Մանուկյան