«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ-ը երեկ հայտարարություն է տարածել՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մեղադրելով առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններից խուսափելու մեջ: «Հարկային համալիր ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 եւ 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի եւ շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էլ անմիջապես հերքում է տարածել` տեղեկացնելով, որ ստուգումները դեռ ընթացքի մեջ են, եւ որ ՊԵԿ համեմատական հետազոտությունները կատարվել են ոչ համադրելի ժամանակաշրջանների եւ ոչ համադրելի մեծությունների հիման վրա: «Ընկերությանը ներկայացված չէ վարչական մարմնի կողմից ձեռք բերված որեւէ ապացուցողական փաստ, ինչը, Ընկերության կարծիքով, հանգեցրել է անհեթեթ եզրահանգումների»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Թե ով է ճիշտ այս բանավեճում, ժամանակը ցույց կտա: ՊԵԿ-ը դեռ պետք է կարողանա ապացուցել հնչեցրած մեղադրանքները: Բայց այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. ինչո՞ւ է ՊԵԿ-ը ռուսական «Գազպրոմ» ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դեմ նման քայլ անում այս պահին: Ինչպես հայտնի է, կրկին օրակարգում է հայտնվել ՀՀ-ին տրամադրվելիք գազի սակագնի նվազեցման հարցը:
Ենթադրվում է՝ գազի սակագնի նվազեցման հարցը քննարկվելու է դեկտեմբերի 6-ին Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ: Ու այդ հանդիպումից առաջ նման քայլը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ՝ առիթ հանդիսանալով ՌԴ իշխանությունների համար, որ հրաժարվեն գազի սակագինն իջեցնելուց: Սա սադրա՞նք է, թե՞ բանակցություններից առաջ «Գազպրոմին» անկյուն մղելու եւ խեղճացնելու փորձ, դժվար է ասել: Ամեն դեպքում այս հարցերում ավելորդ զգուշավորությունը չէր խանգարի:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: