Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերից ամենահարուստը ՀՀԿ-ն է: Սա, թերեւս, պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ նրանք 20 տարի եղել են իշխանության ղեկին: Պաշտոնական հայտարարագրում այս կուսակցությունը ներկայացրել է միայն 55 շենք, որոնց մեծ մասն անհատույց օգտագործման են: Սակայն կան կուսակցություններ, որոնք ոչինչ չունեն, անգամ գրասենյակ: Այդ ուժերից են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունն ու «Ազգային առաջընթացը»:
ՀՀԿ-ից պակաս հարուստ չէ նրա վաղեմի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, որը, ըստ հայտարարագրի, ունի 45 շենք-շինություն եւ 13 հողամաս, բոլորն էլ միանձնյա սեփականության են: Կուսակցության դրամական միջոցները կազմում են 6 մլն դրամ, իսկ եկամուտն էլ գոյանում է անդամավճարից, վարձակալությունից եւ բյուջետային ֆինանսավորումից: Միայն անդամավճարից գոյացել է 41 մլն դրամ: Նոր իշխող կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի մեկ գրասենյակային տարածք, այն էլ վարձակալական հիմունքներով: Կուսակցության դրամական միջոցներն անցնում են 1 մլն դրամը, իսկ եկամուտներն էլ գոյանում են անդամավճարներից, նվիրատվություններից եւ բյուջետային ֆինանսավորումից:
Հետաքրքիր է, որ ԲՀԿ-ն ոչ մի անշարժ գույք չի ներկայացրել, կուսակցության դրամական միջոցներն էլ անցնում են 21 մլն դրամը: ՕԵԿ-ն ունի մեկ շինություն եւ երկու տրանսպորտային միջոց, դրամական միջոցներն էլ 193 հազար դրամ են: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի 1 գրասենյակ եւ մոտ 2 մլն դրամ, իսկ ահա «Մենք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարագրել է միայն 4 մլն դրամի հասնող եկամուտ, իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը` 1 բնակարան: