«Զիբիլիքսը» շարունակություն է պահանջում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը երեկ անդրադարձել է քաղաքական ենթատեքստ ունեցող աղմկահարույց քրեական գործերից մեկին: Խոսքը «Զիբիլիքսի» մասին է, որը վերաբերում է 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի կողմից ընտրակաշառք բաժանելուն: Սասուն Խաչատրյանի խոսքով՝ նախաքննական մարմինը կարողացել է բացահայտել, թե ինչ մեխանիզմով է Երեւանի ավագանու 2017 թվականի ընտրությունների ժամանակ ապահովվել ՀՀԿ-ական արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաղթանակը:

«Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը եւ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրենը իրենց կողմից ձեւավորված ենթաշտաբների ղեկավարների միջոցով 2017 թվականի մայիսի առաջին տասնօրյակում շուրջ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը որպես ընտրակաշառք՝ յուրաքանչյուրին 10 հազարական դրամ, բաժանել են տարածքի ընտրողներին»,- ասել է Խաչատրյանը: Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ ՀՀԿ-ական մեղադրյալներն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, գործն էլ ուղարկվել է դատարան: ՀՔԾ պետի խոսքով՝ «Զիբիլիքսի» գործով արձանագրված արդյունքն աննախադեպ էր Հայաստանի նորագույն պատմության մեջ, քանի որ առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվել է ընտրակեղծարարության ամբողջ շղթան:

Թավշյա հեղափոխությունից հետո այս քրեական գործի ընթացքը միանգամայն սպասելի էր: Սակայն այս քրեական գործը շարունակություն է պահանջում. պարզ է, որ ընտրակաշառք միայն ՀՀԿ Արաբկիրի շտաբում չէ, որ բաժանվել է: Հնարավոր է՝ նման դեպքեր տեղի են ունեցել նաեւ Երեւանի մյուս համայնքներում: ՈՒ բացի այդ, ՀՀԿ ենթաշտաբում որեւէ մեկը հազիվ թե ինքնագլուխ դիմեր այդ քայլին առանց ստանալու եթե ոչ ՀՀԿ նախագահ ՍերԺ Սարգսյանի, ապա առնվազն ՀՀԿ ցուցակը գլխավորած Տարոն Մարգարյանի հավանությունը: Այնպես որ, նախաքննական մարմինն այս ուղղությամբ եւս լուրջ անելիք ունի:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս