«Իմ քայլը» դաշինքն ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթելու դեպքում բիզնեսի համար ստեղծելու է հավասար մրցակցային պայմաններ, իսկ հասարակական կյանքում մերժելու է բռնությունը։
Այս մասին Փաշինյանն ասաց Եղվարդ քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։
«Մենք մերժում ենք բռնությունը, որպես հասարակական հարցերը կարգավորելու եղանակ։ Երբ մենք 10 տարի անընդհատ ասում էինք իշխանափոխություն, ասում էինք, որ այն իրականացնելու ենք առանց բռնության, բաց ձեռքերով։ Մենք համոզված ենք, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն գործոն է։ Յուրաքանչյուր ոք կարող է սկսել հանրային վերափոխման գործընթաց։ Պետությունը պետք է նպաստի նման վերափոխումներին։ Սա նշանակում է , որ այն, ինչ ուզում ենք փոխել իրականության մեջ, պետք է փոխենք նախ մեր մեջ»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև իրենց ծրագրի տնտեսական մասը։
«Տնտեսական բնագավառում պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ բիզնես-դաշտը ձևավորվի ազատորեն, հովանավորչության բացակայության պայմաններում։ Բիզնես-հմտություն ունեցող յուրաքանչյուր ոք պետք է գործի հավասար մրցակցության պայմաններում»,- ասաց Փաշինյանը։