Կառավարության անդամները շարունակում են հերթով մեկնել չվճարվող արձակուրդ: Պատճառը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որտեղ նրանք առաջադրված են որպես թեկնածու եւ պետք է մասնակցեն քարոզարշավին: Հետաքրքիր է, սակայն, որ, օրինակ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ընդամենը երեք օրով է արձակուրդ գնացել` նոյեմբերի 26-28-ը, եւ, ըստ էության, երեկվանից կրկին աշխատանքի է վերադարձել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն արձակուրդից կվերադառնա դեկտեմբերի 9-ին, իսկ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արձակուրդից կվերադառնան դեկտեմբերի 6-ից: Չվճարվող արձակուրդում են նաեւ փոխվարչապետերի աշխատակազմերի մի քանի աշխատակիցներ, ովքեր եւս վարկանիշային ընտրակարգով թեկնածուներ են: Այսինքն` կառավարության մեծամասնությունը պարզապես ընտրությունների է մասնակցում, իսկ աշխատում են երկրորդ եւ երրորդ էշելոնի ներկայացուցիչները: