ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ չանցած քաղաքական ուժերն իրավմամբ վերակազմավորման, վերաիմաստավորման կարիք ունեն: Նախկինում` Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, երբ ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը ձախողվում էին, նրանց համար շատ հեշտ էր արդարացումներ գտնելը: Եվ հիմնականում, երբ այս կամ այն ուժը ձախողվում էր ընտրությունների ժամանակ եւ չէր հաղթահարում անցողիկ շեմը, արդարացնում էին իշխանությունների կողմից կեղծիքներով եւ մեկնաբանում, թե իրենք իրականում ավելի շատ ձայներ են հավաքել, եւ այն պակասեցրել են:

Սակայն ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ընտրություններից հետո ոչ ոք կասկածի տակ չի դնում արդյունքները, նույնիսկ ՀՀԿ-ն, չանցնելով խորհրդարան, ճանաչեց դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: Այդպես եղավ նաեւ Երեւանի ավագանու եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ:
Այսինքն` արձանագրենք մեկ բան, որ քաղաքական ուժերը ձախողվեցին ոչ ընտրակաշառքի կամ ընտրությունների ժամանակ այլ խախտումների պատճառով, եւ եթե նախկինում ամեն ինչում հեշտ էր մեղադրել Սերժ Սարգսյանին եւ իշխանություններին, ապա հիմա այդ տարբերակը չի աշխատում: Եվ նաեւ դա է պատճառը, որ որոշ ուժեր հեռատես գտնվեցին. գնահատելով իրենց շանսերն ու այդ հանգամանքը` հրաժարվեցին մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին` հայտարարելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին:
Եվ հետաքրքիր է, որ, օրինակ, «Ժառանգություն» կուսակցության պարագայում Երեւանի ավագանու ընտրություններում շատ ցածր ձայներ ստանալուց հետո հրաժարվեցին մասնակցել համապետական ընտրություններին: Եվ սա այն պարագայում, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին ընդդիմադիր առաջնորդի հավակնություն էր ներկայացրել, տարիներ առաջ մոտ 500 հազար ձայն ստացել նախագահական ընտրությունների ժամանակ: Սակայն ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն ավագանու ընտրություններից բացի մասնակցեցին նաեւ համապետական ընտրություններին եւ ձախողեցին, իսկ նրանց հույսը հիմնականում մարզերից հնարավոր ձայներն են եղել:
Եվ ահա ընտրություններից հետո առաջին վերափոխումը եղավ հենց ՕԵԿ-ի պարագայում: Չնայած այն բանին, որ Արթուր Բաղդասարյանի հանդեպ տարիներ շարունակ քննադատություն է եղել, վստահ կարող ենք ասել` եթե քաղաքականության մեջ նա մեկ ճիշտ որոշում է կայացրել, ապա դա այս որոշումն էր: Սակայն այստեղ էլ խնդիրն այն է, որ փորձ եղավ սերնդափոխություն անել, սակայն եղավ ժառանգականություն, եւ ՕԵԿ կարկառուն ներկայացուցիչների զավակները կշարունակեն ծնողների գործը:
ԵՎ ՕԵԿ արդեն նախկին ղեկավար Արթուր Բաղդասարյանի օրինակին պետք է հետեւեն շատ կուսակցություններ եւ գործիչներ: Եվ վերջիններս ոչ թե միայն պետք է հեռանան կուսակցությունից կամ զիջեն ղեկավար պաշտոնները, այլ առհասարակ հեռանան քաղաքականությունից: Չնայած ՀՀԿ-ի դեպքում իրավիճակը այլ է. գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ եղել են անձինք, ովքեր ՀՀԿ-ի կողքին են եղել միայն պաշտոնի եւ փողի համար, այլ ոչ թե գաղափարի: Իսկ իսկապես կուսակցականները, ովքեր թավշյա հեղափոխությունից հետո չհեռացան կուսակցությունից, հիմա էլ բարոյական պատասխանատվություն կունենան եւ այժմ էլ չեն հեռանա:
Եվ այս իրավիճակում ՀՀԿ-ն կփորձի ժամանակ ձգել եւ մի փոքր պահել Սերժ Սարգսյանին, ով դեռեւս կարողանում է համախմբել շատերին: Սակայն կուսակցություններն ինքնակամ պետք է գնան վերակառուցման ճանապարհով: Այս իրավիճակում մենք գործ ունենք նոր Հայաստանի հետ, որտեղ երիտասարդների ժամանակն է եւ նրանք են առաջ գալիս: Տարիքով ավագ սերունդը խորհրդատուի կարգավիճակում պետք է լինի: Եվ արտահերթ ընտրություններից հետո վստահաբար կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանի հետնորդը չպետք է լինի Վիգեն Սարգսյանը, այլ մեկ ուրիշը, ինչու ոչ, օրինակ, Տարոն Մարգարյանը, ով կարող է առավել ընդունելի լինել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀԿ երբեմնի առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի որդին է:
ՀՅԴ-ի դեպքում եւս սերնդափոխության անհրաժեշտություն կա, մանավանդ որ Հրանտ Մարգարյանի հանդեպ ներքին դժգոհության ալիքի մասին միշտ խոսվել է: Ենթադրվում է՝ հաջորդ տարի նրանք կգնան այդ քայլին, քանի որ սպասվում է ընդհանուր ժողով:
Սերնդափոխության, վերակազմավորման ճանապարհով պետք է գնան մյուս կուսակցությունները եւս: Օրինակ` նույն «Մենք» դաշինքի կազմի մեջ մտնող «Հանրապետություն» կուսակցությունը երկար տարիներ է, ինչ համագումար չի արել, նոր վարչություն չի ընտրել: Այս կուսակցության անդամները հիմնականում մեծահասակներ են եւ մնացել են այնտեղ հենց Արամ Սարգսյանի համար: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն էլ դեռ 2017 թվականի ընտրություններից հետո էր ցանկանում համագումար անել, սակայն այդպես էլ չեղավ: Եվ հաշվի առնելով նախատոնական շրջանը` հաջորդ տարի թերեւս կարելի է սպասել փոփոխություններ արտախորհրդարանական դաշտում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվել է՝ արդյոք իրենք 2008թ. մարտի 1-ի վերաբերյալ ունեցե՞լ են լրացուցիչ տվյալներ, տեսանկարահանումներ, որոնք ժամանակին պահել են եւ թավշյա հեղափոխությունից հետո արդեն տրամադրել են նախաքննական մարմնին գործի բացահայտմանը նպաստելու համար: «Մարտի 1-ի հետ կապված, իհարկե, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնում ենք: Այլ մանրամասներ, սակայն, չեմ կարող հայտնել, քանի որ գործը քննում է ՀՔԾ-ն, եւ ես իրավասու չեմ քննության գաղտնիքներ հայտնել»: 2008թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 1-ի քրեական գործը ժամանակին հարուցվել էր հենց ԱԱԾ-ում, այդ գործի շրջանակներում դատապարտվեցին այն ժամանակ ընդդիմության առաջնորդները, այդ թվում՝ ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր, սակայն, նրանց առաջադրված մեղադրանքը փլուզվում է ՄԻԵԴ-ում: Ուստի Վանեցյանին հարցրինք՝ ի՞նչ հետեւություններ են արվել ու, ընդհանրապես, արվելո՞ւ են հետեւություններ, թե՞ ոչ` հաշվի առնելով, որ գործը հենց իրենց մոտ է հարուցվել: «Այդ ամենի գնահատականը կտրվի, բայց ես չեմ այն մարդը, որ պետք է քաղաքական գնահատականը տամ՝ ոնց է եղել, ինչ է եղել: Քննությունը կընթանա, հետո կտրվի իրավական գնահատական, այնուհետեւ քաղաքական գործիչներն էլ կտան քաղաքական գնահատական»,- ասաց նա:

 

 

 

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունները Հայաստանում տարբեր կերպ են մեկնաբանվել: Նա ասել է, թե Երեւանի հետ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, որով նախատեսվում է բացառել այլ երկրի զինվորականների ներկայությունը Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում: Ի սկզբանե այս հայտարարությունը շատերի մոտ տարակուսանք է առաջացրել` գնահատվելով ինքնիշխանության դեմ ուղղված քայլ: Սակայն ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց հետեւյալը. «Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորոտորիաների մասին: Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը ՀՀ ենթակայության տակ գտնվող լաբորատորիաների մասին է, եւ որքան էլ զարմանալի է` ամերիկյան աջակցությամբ ստեղծված, որոնց նպատակն ահաբեկչության ձեւերի հանդեպ ՀՀ կենսունակության բարձրացումն ու կարողությունների ընդլայնումն է: Եվ փաստացի ՌԴ ԱԳ նախարարը խոսում է այն մասին, որ կստորագրվի համաձայնագիր, որը կբացառի այլ երկրի զինվորականների ներգրավումն այդ լաբորատորիաներում:

 

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի անունից Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին՝ Կաթողիկոսարանի տնօրեն, ժողովի ատենապետ Տեր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանին, Կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Տեր Պետրոս Վարդապետ Մանուէլեանին, Կաթողիկոսարանի կենտրոնական վարչության ատենապետներ Ստեփան Տեր Պետրոսեանին եւ Գրիգոր Մահսէրէճեանին։ Կաթողիկոսարանի տնօրեն, ժողովի ատենապետ Տեր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանը նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է եկել Արամ Ա Կաթողիկոսի անունից Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների հաջող արդյունքի առիթով շնորհավորելու նպատակով: «Սփյուռքի հոգեւոր կենտրոնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նաեւ գրավոր պատգամ է հղել եւ շնորհավորանքներ փոխանցել Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին՝ մաղթելով, որ առաջիկայում նույնպիսի հաջողությամբ կկազմակերպվեն բոլոր այն աշխատանքները, որոնք Ձեր գլխավորությամբ կկարողանան Հայաստանը տանել դեպի նոր բարձունքներ», – ասել է նա եւ Արամ Ա Կաթողիկոսի գրավոր պատգամը փոխանցել վարչապետի պաշտոնակատարին:

 

 

 

ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները պետք է վերանայվեն. աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է Երեւանի քաղաքապետը: Հայկ Մարությանը նշել է, որ ոլորտ առ ոլորտ անհրաժեշտ է լիարժեք պատկեր ունենալ աշխատակիցների անվանացանկի ու զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա բացահայտելու ու բացառելու բոլոր այն դեպքերը, երբ որոշ կառույցներում գրանցված են մարդիկ, որոնք չեն էլ հաճախում աշխատանքի:

 

 

ԱՐՁԱԳԱՆՔ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքել է մի խումբ զինծառայողների կողմից իրեն ուղղված բաց նամակին, որում զինծառայողները մտահոգություն էին հայտնել իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտության վերաբերյալ: «Այս պահին տիկին Սարգսյանը ազատության մեջ է, քանի որ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում: Քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, վարչապետը չի կարող միջամտել: Սպասենք Վճռաբեկի որոշմանը եւ հետո որոշենք: Բարի ծառայություն, սիրելի՛ զինվորներ», -գրել է Փաշինյանը:

 

 

ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արշակ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

 

 

ՄՏՔԵՐ
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար եւ ընդգծել, որ հաճելի է Հայաստանի նախագահին հյուրընկալել Վրաստանում։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ իր համար նույնպես պատիվ է Վրաստանի համար այս կարեւոր իրադարձությունների շրջանում գտնվել հարեւան ու բարեկամ երկրում։




Լրահոս