Armenian text to speach

ԿԱՆԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երգչուհի Գայանե Հովհաննիսյանն այն կանանցից է, որոնք անձամբ են զբաղվում  իրենց տան գնումներով, եւ կարծում է, որ հայ կինն իր տեսակով այնպիսին է, որ խնդիրներին  միշտ մի լուծում կգտնի: Բայց եւ նշում է, որ հայուհին իր առօրյայում շատ զբաղված է եւ չի կարողանում իրեն լավ հետեւել: Օրինակ բերեց իրեն եւ ասաց. «Ես հո հարստության մեջ չե՞մ լողում, բայց փորձում եմ իմ կերպարը միշտ պահպանել:  Ես գեղեցկության սրահներ գրեթե չեմ գնում` շատ հազվադեպ, տարին մեկ-երկու անգամ: Իմ մազերը կարճ են, եւ ես ամեն շաբաթ վարսահարդարի մոտ գնալու խնդիր չունեմ, ուստի ինքս եմ դրանք հարդարում»: Տիկին Գայանեն ցավով նշեց նաեւ, որ  կանայք այսօր ոչ միայն վարսահարդարի, այլեւ շատ ուրիշ բաների համար միջոցներ չունեն, եւ ինքն այդ ամենը շատ լավ է նկատում: Այդ իսկ պատճառով էլ հորդորում է կանանց ուժ ու եռանդ գտնել եւ սեփական միջոցներով խնամել իրենց. «Ինքս չեմ գնում վիզաժիստների կամ վարսահարդարների մոտ, նույնիսկ եթե համերգ կամ հարցազրույց եմ ունենում, ինքս եմ դիմահարդարվում»,-անկեղծացավ երգչուհին:Տան առեւտուրն էլ տիկին Գայանեն անձամբ է կատարում: Չունի տան աշխատող, օգնողներ, մաքրողներ: Գնումները կատարում է տարբեր վայրերից: Չի խուսափում ժողովրդի մեջ լինելուց: «Այսօր մեր արվեստի բնագավառից շատերը փորձում են քիչ երեւալ մարդկանց մեջ, բայց ես այդ տեսակին չեմ պատկանում: Շատ հանգիստ կարող եմ սուպերմարկետ կամ հասարակ մի խանութ մտնել: Գնումներն անում ենք ես եւ իմ աղջիկը, հետեւաբար, լավ էլ տեղյակ եմ գներից,-նշեց տիկին Գայանեն, ապա ավելացրեց,-եկե՛ք չխոսենք այս թանկացման մասին: Մարդ պետք է մի քիչ խնայող լինի եւ կարողանա իր ունեցածի մեջ տեղավորվել: Կարելի է մի 5-6 հազար դրամի այնպիսի մթերքներ գնել, որ 2-3 օրվա համար կարողանաս ճաշ պատրաստել: Եթե մարդ գնում է սուպերմարկետ, ուրեմն, դրա գումարն ունի չէ՞»:  Երգչուհին գերադասում է սուպերմարկետներից գնումներ կատարել, որովհետեւ այդպես ավելի ապահով է զգում: Ըստ տիկին Գայանեի` կանանց խնդիրներն անվերջանալի են: Դրանք կարող են լինել ե՛ւ առողջական, ե՛ւ կենցաղային, բայց այդ ամենը հաղթահարելի է, եթե կինը շատ ցանկանա: Ինչ վերաբերում է կնոջ արտաքին տեսքին, ավելի ճիշտ` հագուկապին, ապա գեղեցիկ, ճաշակով տեսք ունենալու համար պարտադիր չէ թանկ հագուստ կրել. «Այն, ինչ դուք տեսնում եք եթերում իմ հագին, դրանք բոլորն իմ ընտրած զգեստներն են: Կան կանայք, որոնք ընկնում են ապրանքանիշերի հետեւից: Ես այդ բնավորությունը չունեմ: Կարող եմ 20000 դրամով գեղեցիկ բլուզ գնել, որն ինձ շատ կսազի: Երբ  տեսնում եմ մի բան, որն ինձ դուր է գալիս ու սազում է, չեմ նայում ապրանքանիշին, ինչն անում է մեր աստղերի մեծ մասը, նրանք հաշվի էլ չեն առնում` սազում է, թե ոչ, կարեւորը` «Արմանի» լինի: Վերջին գնումս եղել է դստերս համար. կարմիր վերարկու եւ 2 զույգ երկարաճիտք կոշիկ եմ գնել: Շատ ուրախացա, երբ բերեցի տուն, ու նա հավանեց: Աղջիկս վստահում է իմ ճաշակին»:Գայանե Հովհաննիսյանը նաեւ դասավանդում է, երիտասարդ սերունդ է կրթում: Հետաքրքիր էր իմանալ նրա վերաբերմունքը այն երիտասարդների մասին, որոնք այսօր ուզում են երգիչ-երգչուհի դառնալ: Արդյո՞ք բոլորի մոտ ստացվում է: «Իհարկե ոչ,-փաստեց տիկին Գայանեն,-ես կարծում եմ, որ դա հանցագործություն է: Երեկվա աղջիկը կամ տղան մի հատ երգ են գնում, հետո հովանավոր են գտնում, տեսահոլովակ նկարում ու սկսում այդ հոլովակն անդադար ցույց տալ հեռուստատեսությամբ: Դա ահավոր բան է: Չեմ ուզում անուններ տալ:Ուղղակի ափսոսում եմ, որ շատ տաղանդավոր երեխաներ մնում են ստվերում, որովհետեւ նրանց ծնողները չունեն այդքան հնարավորություն, որ իրենց երեխաներին առաջ տանեն: Այսօր շատ հարցեր որոշում է գումարը: Լավ գիտենք,  թե ինչ արժե երգը, ձայնագրությունը, տեսահոլովակը…»:Իսկ այն հարցին, թե կինը երբ կարող է ասել, որ ինքը երջանիկ է, երգչուհին պատասխանեց. «Միայն այն դեպքում, երբ նա ունի շատ լավ ամուսին: Ամուսինը կնոջ համար պետք է լինի շատ հոգատար, իսկական ընկեր, լավ հայր, մի խոսքով` ամեն ինչ: Ամենակարեւոր բանը կնոջ համար այն է, երբ ընտանիքում կա հարգանք եւ հասկացվածություն»:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս