Արտակ Բեգլարյանը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է եվրոպական ծրագրերում Արցախի ընդգրկվածության հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մարտի 6-8-ը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի որոշ պատգամավորների, ԵՄ ոլորտային պաշտոնյաների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ քննարկելով եվրոպական ծրագրերում Արցախի ընդգրկվածության մակարդակի բարձրացման հետ կապված հարցեր:

Հանդիպումների ընթացքում Ա. Բեգլարյանը շեշտադրել է, որ անկախ քաղաքական կարգավիճակից՝ Արցախի բնակիչները պետք է հնարավորություն ունենան մասնակցել հատկապես մարդու իրավունքներին առնչվող եվրոպական ծրագրերին: Նա կարևորել է ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ եվրոպական ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվ ընդգրկվածությունն Արցախի ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Պաշտպանը ոչ կառավարական որոշ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ԱՀ մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը մարտի 6-ին Եվրոպական խորհրդարանում մասնակցել են «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և Թուֆենկյան հիմնադրամի կողմից՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ:




Լրահոս