Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն ավարտել է 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը` սահմանադրական կարգը տապալելու դրվագով: Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովին եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանին:
Նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նկատենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննության էր կանչվել, սակայն ՀՔԾ-ում նրան առաջին իսկ նախադասությամբ ասել են, որ իր կարգավիճակը փոխվում է, եւ նրան մեղադրանք է առաջադրվում: Շուրջ 7 ամիս տեւած քննության ընթացքում այդպես էլ Քոչարյանը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ օգտվելով մեղադրյալի իր իրավունքից: