Իրականում ինչ էր թաքնված ՀՅԴ-ի` Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման մասին հայտարարության տակ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպերային հարող տարածքի սրճարաններն ապամոնտաժելու` Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնության շուրջ բարձրացած աղմուկին քաղաքական ուժերից միայն ՀՅԴ-ն անդրադարձավ: Ընդ որում, այս կուսակցությունը երեք օրվա ընթացքում միանգամից երկու հայտարարություն տարածեց ՀՅԴ տարբեր կառույցների անունից` քննադատելով քաղաքային իշխանություններին:

Ապամոնտաժման աշխատանքների առաջին օրերին տեղի ունեցած բողքի ցույցերից, բախումներից հետո` մարտի 14-ին, հայտարարություն տարածեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը` շեշտը դնելով խնդրի սոցիալական կողմի վրա:

Արդեն մարտի 17-ին` կիրակի օրը, առանձին հայտարարություն տարածեց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն` մտահոգություն հայտնելով Երեւանի քաղաքապետարանի իրականացրած գործողությունների առնչությամբ: «Քաղաքային իշխանությունների թիրախավորված շտապողականությունը եւ դիվիդենդներ շահելու բացահայտ պոպուլիստական քայլերը՝ կանաչ տարածքների վերականգնման քողի տակ, մեզ անհանգստացնում են։ …Անընդունելի է հարյուրավոր քաղաքացիների գործազրկությանը նման անլրջությամբ մոտենալը։ Ի դեպ, այդ նույն քաղաքացիների ձայներով են ընտրվել նրանք»,- հայտարարության տոնայնությունն ավելի խստացրել էր կոմիտեն։

Համաձայնեք` այս հարցում ՀՅԴ հետեւողականությունը մի տեսակ շատ է աչքի զարնում: Կմտածեք՝ որպես սոցիալիստական կուսակցություն` նրանք առանձնահատուկ ուշադրություն են դարձնում նման հարցերին, այդ իսկ պատճառով միանգամից երկու հայտարարություն են արել: Ասել է թե` գաղափարական պայքար են մղում` ընդդեմ քաղաքային պոպուլիստ իշխանությունների: Իրավունք ունեք այդպես մտածելու: Բայց հիասթափեցնենք. ամենեւին էլ այդպես չէ: Այդպես չէ, որովհետեւ տվյալ դեպքում գաղափարական պայքարի նշույլ անգամ չկա. այս կուսակցության առանցքային դեմքերից ոմանք Օպերայի տարածքից ապամոնտաժման ենթակա սրճարանների սեփականատերերն են: Նրանցից ամենահայտնին Միքայել Մանուկյանն է, որ Երեւանի ավագանու վերջին արտահերթ ընտրություններում գլխավորում էր ՀՅԴ ընտրացուցակը:

Ըստ այդմ` դրանով էին պայմանավորված «Դաշնակցության»` իրար հաջորդած հայտարարությունները: Ի վերջո, ավելի քան երկու տասնամյակ առաջ ՀՅԴ ներկայացուցիչը հիմնադրել էր իր սրճարանը, եւ երբ իրենք իշխանության կազմում էին, միանգամից բավականաչափ ընդարձակել էին տարածքը: Իրենց բիզնեսն անարգել ծավալել են նաեւ, երբ նախկին իշխանությունների օրոք ընդդիմադիր էին ձեւանում:

Այնպես որ, ՀՅԴ պահվածքն իսկապես աչքի է զարնում ու, ցավոք, մի տեսակ վստահություն չի ներշնչում:




Լրահոս