90-ականներին բոլորն ուզում էին դախլա ունենալ, հիմա՝ դիջեյությամբ զբաղվել. DJ Smoke

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դիջեյությունը Հայաստանում փոքր քայլերով, բայց առաջ է գնում: Մարդիկ հասկանում են, որ պետք է ոլորտում ներդրումներ անել, արդեն նաեւ լավ փառատոններ են անցկացվում մեր երկրում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դիջեյ Սմոքը: Միեւնույն ժամանակ նա նկատեց, որ դիջեյության ասպարեզում այդ «բումը» միայն Երեւանում է տեսանելի, նույնը չի կարելի ասել մարզերի մասին. «Երեւանյան երիտասարդությանը, այսպես ասած, դաստիարակել ենք. նրանք տեղյակ են երաժշտական պորտալների հիթերի մասին, առավել գրագետ են այդ առումով, իսկ մարզերի երիտասարդները հեռու են դրանից:

Ամեն դեպքում, երբ հրավեր է լինում մարզերից, առանց ֆինանսական պայմաններին ուշադրություն դարձնելու ընդունում եմ: Հայաստանյան դիջեյներից ամենաշատը ես եմ գնում մարզեր, որպեսզի ինձ հետ տանեմ մայրաքաղաքի թարմ շունչը»:

Մեր զրուցակիցը նաեւ շեշտեց, որ ինչպես շատ երեւույթներ, դիջեյությունն էլ Հայաստանում մոդայիկ է դարձել. «Ինչպես 90-ականներին բոլորն ուզում էին դեղատուն ու դախլա ունենալ, այնպես էլ հիմա դիջեյությամբ զբաղվել: Բայց ուզում եմ ասել, որ ամեն ռեստորանի համակարգչի մոտ նստած մարդ դեռ դիջեյ չէ: Դիջեյությունը մասնագիտություն է: 250 կմ այն կողմ՝ Վրաստանում, դա շատ լավ հասկացել են: Մեզ մոտ վերաբերմունքը այս մասնագիտությանը լուրջ չէ: Երեխաները նայում են ինձ, ոգեւորվում են, ուզում են իրենք էլ դիջեյ դառնալ, բայց երբ, օրինակ, ծնողներին բացատրում եմ, թե ինչ բարդ ճանապարհ եմ անցել, եւ հարցնում՝ պատրաստ են արդյոք, որ իրենց երեխաներն էլ անցնեն այդ ուղով, սովորաբար պատասխանը լինում է հետեւյալը. «Չէ, ա՛յ ընկեր ջան, մի երկու կնոպկա ցույց տուր, թող երեխեն զբաղվի»:

Հասկանո՞ւմ եք, դիջեյությունը, նրանց պատկերացմամբ, մի-երկու «կնոպկա» սեղմելն է, այնինչ, պետք է հասկանալ, որ դիջեյն արտիստ է»,-մեկնաբանեց Սմոքը:

Հարցին, թե Հայաստանում կոորպորատիվների ժամանակ հնարավոր լինում է դիջեյությամբ գումար աշխատել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո, նորմալ է վիճակը, չեմ դժգոհում: Այսպես էլ մնա, երկրից չեմ գնա»

Աննա Բաբաջանյան




Լրահոս