Նոր հանրային քննարկումներ. սահմանամերձ գյուղում հանք կշահագործվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-ին Տավուշի մարզի Վազաշենի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Էյ Յու Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման` Կարմիր քարի, Ժանգոտ ձորի տեղամասերի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։

Այդ տարվա փետրվարի 27-ին նույն ընկերության կողմից Վազաշենում նախատեսված հանրային քննարկումները չեն կայացել, քանի որ ընկերության աշխատակիցները Վազաշեն չեն գնացել։ Այդ օրը «Տավուշն առանց հանքի» նախաձեռնության անդամները եւ «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները հանդիպել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Մարզպետը հայտնել է, որ հանրային լսումներ այս փուլում հնարավոր չէ իրականացնել, քանի որ կողմերն ընկերության կողմից ներկայացրած ծրագրի մասին պատշաճ տեղեկացված չեն։ Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ այդ տարածքում գտնվող հանքում խորհրդային տարիներին թունելներ են կառուցվել:

Այս փուլում խոսքը գնում է հանքի ուսումնասիրությունների մասին, հետագայում հանքից արդյունահանում կկատարվի փակ եղանակով, ստորգետնյա, ինչը բնությանը վնաս չի պատճառի։ Համայնքի ղեկավարն ասաց, որ այդտեղ պոչամբար չի կառուցվելու, այն կլինի ուրիշ տարածքում, այն Վազաշենի համար բնապահպանական խնդիր չի առաջացնի։ Լ․Բադիրյանը կողմնակից է, որ սահմանամերձ գյուղում հանք շահագործվի, աշխատատեղեր բացվեն, որպեսզի Վազաշենում տնտեսական կյանքն աշխուժանա։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս