Լոռու մարզի դատախազը երեք անգամ չի ներկայացել հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին արդեն երեք անգամ հրավիրել են հարցաքննության, սակայն վերջինս չի ներկայանում նախաքննական մարմին:
2019 թվականի հունվարի 11-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում գողություն է կատարվում:

Ոստիկանները հաշված րոպեների ընթացքում հասել էին նշված վայր, որտեղ նկատել էին, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր տեղադրեցին ու դիմեցին փախուստի: Ոստիկանները հետապնդել էին Mercedes-ին եւ Նարեկացի փողոցի թիվ 15 հասցեի մոտ մեկ այլ օպերատիվ խմբի հետ համագործակցելով` կարողացել էին կանխել Mercedes-ի հետագա փախուստը եւ նրանց բերման ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին:

Պարզվել էր, որ նրանք են Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի բնակիչ 24-ամյա Անդրանիկ Առաքելյանը, Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ 28-ամյա Գեւորգ Մանուկյանը, Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի բնակիչներ 26-ամյա Սամվել Հասանյանը եւ 27-ամյա Արմեն Հարությունյանը: Պարզվել էր, որ ժամը 19:50-ի սահմաններում 47-ամյա Վարուժան Սաքանյանին պատկանող Աղայան փողոցի 74/1 շենքի 13 բնակարանի դռան փականը վնասված էր:

Բնակարանը, որը ցանկացել էին թալանել, պատկանում է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին:

Աղմկահարույց այս գործից անցել է 3 ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ` այս գործով նախաքննությունը ավարտվել է, թե ոչ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործով նախաքննությունը շարունակվում է:

Մեր այն հարցին, թե դատախազին հարցաքննել են արդյոք այս քրեական գործով, ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ արդեն երեք անգամ է` դատախազ Արսեն Մարիտրոսյանին ծանուցում են ուղարկել՝ հրավիրելով հարցաքննության, սակայն վերջինս չի ներկայանում եւ որեւէ պատճառաբանություն չի ներկայացնում:

Ուշագրավ է, որ դատախազը, շատ լավ հասկանալով գործի նրբությունը, չի ներկայանում նախաքննական մարմին: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ գործով հարցաքննության են հրավիրել նաեւ նրա վարորդին, սակայն վերջինս եւս չի ներկայացել: Իսկ ինչո՞ւ են իրավապահները դատախազի վարորդին հրավիրել հարցաքննության, նա ի՞նչ կապ ունի այս պատմության հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գողության մասին իրավապահներին հաղորդում է տվել անձամբ վարորդը, եւ դա է պատճառը, որ նրան եւս հրավիրել են հարցաքննության: Վարորդը, սակայն, չի ներկայացել նախաքննական մարմնին:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց հետաքրքրվել, թե ինչու Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը չի ներկայանում հարցաքննության, արդեն նրան 3 անգամ ծանուցում են ուղարկել: Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Քրեական գործով նախաքննություն է ընթանում, եւ դրա վերաբերյալ տեղեկատվություն չենք տրամադրում»:

Քնար Մանուկյան




Լրահոս