Ինչու է Վիգեն Սարգսյանը ԱՄՆ մեկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը մեկ տարով մեկնում է ԱՄՆ՝ ուսանելու։ Փաստացի նրա անդամակցությունը ՀՀԿ-ին եւս կարելի է կասեցված համարել, քանի որ գոնե մեկ տարի նա հեռու է մնալու կուսակցական գործից, չի մասնակցելու նիստերին, իսկ նա, ի վերջո, հանդիսանում է ՀՀԿ փոխնախագահը, ԳՄ անդամներից մեկը։

Իրականում Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ մեկնելու պատճառներն այլ են ու բավական խորը։ Բանն այն է, որ Վիգեն Սարգսյանին Սերժ Սարգսյանը երկու անգամ խոստացել է փոխանցել կուսակցության ղեկավարումը, սակայն երկու անգամ էլ վերջին պահին փոշմանել է եւ չի հանձնել աթոռը: Դրանցից մեկը 2017 թվականի հերթական ընտրությունների ժամանակ էր, երբ հենցՎիգեն Սարգսյանը գլխավորեց ՀՀԿ ցուցակը, Կարեն Կարապետյանն էլ իր ուսերին վերցրեց կուսակցության քարոզարշավը, եւ, ըստ էության, Սերժ Սարգսյանը` որպես կուսակցության ղեկավար,հեռու էր պահում իրեն ամեն ինչից։ Այդ ողջ ընթացքում խոսվում էր ՀՀԿ-ն թարմացնելու, նոր դեմքերով ներկայանալու մասին:

Դե Վ.Սարգսյանն ու Կ.Կարապետյանն էլ ՀՀԿ նոր դեմքերն էին: Մյուս դեպքն էլ արդեն գրանցվեց հեղափոխությունից հետո, երբ 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների ժամանակ կրկին Վիգեն Սարգսյանը գլխավորեց ցուցակը, իսկ մինչ այդ էլ գրեթե բոլորն էին ակտիվորեն խոսում համագումար անելու եւ կուսակցության ղեկավարին փոխելու մասին:

Սակայն այդ անգամ էլ Ս.Սարգսյանը մտքափոխվել է եւ հայտարարել, թե իրավիճակ է փոխվել, եւ ինքը պետք է մնա։ Եվ հենց դա է պատճառը, որ Վիգեն Սարգսյանը, ինչպես նաեւ ՀՀԿ-ական այլ գործիչներ նեղված են, քանի որվերջինսչի հեռանում եւ չի թողնում, որ կուսակցությունն առանց իրեն զարգանա։

Եվ այդ առումով պատահական չէ, որ Վիգեն Սարգսյանը հայտարարում է ԱՄՆ մեկնելու մասին եւ դա մեկնաբանում ուսման նպատակով։ Սակայն, իրականում, նա իր շրջապատում շատ նեղված է խոսել եւ ասել, որ այժմ Հայաստանում հեռանկար չկա։ Եվ չնայած հենց Սերժ Սարգսյանի`խոստումը չկատարելու պատճառով է նեղված Վիգեն Սարգսյանը, սակայն մշտապես էլ հայտնի է եղել, որ վերջինիս հանդեպ մյուս ՀՀԿ-ականները եւ հատկապես Սերժ Սարգսյանի կողմնակիցները այնքան էլ բարյացակամ տրամադրված չեն եղել, հատկապես` քարոզարշավների ժամանակ։

Գաղտնիք չէ, որ ապրիլյան հեղափոխությունից հետո ակտիվ շրջանառվում էին խոսակցություններ ՀՀԿ-ում ղեկավարի փոփոխության մասին, ընդհուպ մինչեւ համագումարի անցկացում։ Եվ այն ժամանակ տարածված կարծիք կար, որՍերժ Սարգսյանն այդ համագումարում կհեռանա կուսակցության նախագահի պաշտոնից,եւ այդ պաշտոնը կմնա Վիգեն Սարգսյանին: Սակայն Վիգեն Սարգսյանի հնարավոր նախագահությունը ՀՀԿ մի ստվար զանգվածի մոտայնքան էլ չի ընկալվել եւ ընդունվել, եւ պատահական չէ, որ այդ օրերին կարկառուն ՀՀԿ-ականները հարցազրույցներ էին տալիս եւ ասում, թե ղեկավարի հարցում չի կարող լինել Սերժ Սարգսյանի հեռանալու խոսք։

ՀՀԿ-ականների հետՎիգեն Սարգսյանի հետ հարաբերությունները հատկապես սրվեց դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ քարոզարշավի ժամանակ Վիգեն Սարգսյանին մեղադրում էին միանձնյա որոշումներ կայացնելու մեջ. նա էր որոշում, թե ով  պետք է հարցազրույց տա, ովշփվի լրագրողների հետ, ով ելույթ ունենա, ով՝ ոչ։ Եվ կուսակցության ներսումսկսեց կամաց-կամաց դժգոհություն հասունանալ Վիգեն Սարգսյանի հանդեպ։

Սակայն վերջինիս մոտ նեղացվածությունն առկա է ոչ թե իր կուսակիցների պահվածքից, այլ Սերժ Սարգսյանի։ Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոոտյանին եւ հետաքրքրվեց՝ Վիգեն Սարգսյանը նեղացվածություն ունի Սերժ Սարգսյանից, քանի որ չի ժառանգել կուսակցությունը, ինչպես նաեւ հարցրեց, թե ինչպես կմեկնաբանի ՀՀԿ-ի ներսում տեղի ունեցող իրադարձությունները։ Ի պատասխան` Աշոտյանը նշեց․«Նման հարց ՀՀԿ օրակարգում չի եղել, հետեւաբար նման խոսակցությունները ապատեղեկատվություն են»:

Ճշտող հարցին՝ այսինքն կուսակցության ղեկավարի փոփոխության հարց կուսակցությունում երբեւէ չի՞ եղել, Աշոտյանը չպատասխանեց՝ ասելով, թե հարցազրույց չի տալիս։ Ամեն դեպքում, այդ մասին խոսակցությունները բազմիցս են եղել։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս