«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստվում են մայիսի 18-ին «Մարիոթ» հյուրանոցում կուսակցության հիմնադիր համագումար անցկացնել: Մեր զրուցակիցն ասաց, որ իրենք հստակեցման փուլում են այժմ` կանոնադրություն, խորհրդի կազմ, անդամներ եւ այլն:
-Դե գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություն կատարեր, սակայն մինչեւ այսօր չի արվել նման փոփոխություն: Իսկ այս ներկայիս օրենքով ամեն ինչ արված է, որպեսզի Հայաստանում նոր կուսակցություն չստեղծվի, որովհետեւ տրված է 100 պատվիրակ, այսինքն` կուսակցությունը պետք է հիմնադրվի առնվազն 100 մարդով, որը հավանական բարդ պրոցես է: Պետք է լինի 800 ստորագրություն, 3 տարածքային գրասենյակ, այսինքն` բավականին բարդացված ու խստացված ռեժիմ է սահմանված, բայց մենք ընդունեցինք մարտահրավերը ու գնացինք առաջ, որպեսզի իրականացնենք մեր ծրագրերը: Իրենք նախկինում 4 հոգով կուսակցություն են ստեղծում, դա նորմալ էր, բայց իրենք հիմա որ արդեն կայացել են, այլ պահանջներ են դնում:
-Բայց ո՞րն է լինելու Ձեր առաքելությունը, ի՞նչ եք անելու, ի՞նչ ծրագրեր ունեք:
-Մենք հիմա ստեղծում ենք արտախորհրդարանական քաղաքական ուժ, որը պետք է հիմնված լինի ցենտրիզմի հիմքի վրա, պետականակենտրոն քաղաքականություն պետք է վարենք: Մեր հիմնական նպատակը քաղաքական բեւեռացվածության թուլացումն է, ռադիկալության վերացումն է: Մեր թշնամին ծայրահեղականությունն է, մենք գործելու ենք խելամտության հիման վրա: Կոնկրետ ՀՀ-ի պետականության ամրապնդման հենքի վրա ստեղծված քաղաքական կուսակցություն է, որի կարիքը այսօր շատ-շատ կա:
-Ըստ տեղեկությունների` կուսակցության «հովանավորյալը» ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է: Որքանո՞վ են իրատեսական այս տեղեկությունները:
-Չէ, չէ, Դուք կլսեք տարբեր անուններ, Դուք կլսեք նաեւ Սամվել Կարապետյանի անունը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Արմեն Սարգսյանի, ինքներդ մի պահ անգամ կխճճվեք, որովհետեւ իրականում կուսակցությունը ստեղծվում է գաղափարախոսության հիմքի վրա եւ բացառապես հիմնված է ՀՀ ազգային եւ պետական շահի հիման վրա, հետեւում կանգնած է ՀՀ պետական շահը, ՀՀ պետությունը, ՀՀ քաղաքացին: Ֆինանսավորում կատարվում է անձնական միջոցների հաշվին, կարողացել ենք հայթայթել նախնական գումար, որը կգեներացնենք հետագայում, որպեսզի կարողանանք ապահովել կուսակցության բնականոն աշխատանքը:
Մենք, իրականում, այդքան հարուստ չենք, ինչքան որ հայտարարում են:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ